Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆԻ

Հուլիս 13,2005 00:00

«ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼԸ ԿՈԼԱԲՈՐԱՑԻՈՆԻԶՄ Է» Ասում է Դավիթ Շահնազարյանը – Սահմանադրությունը բարեփոխելու ջանքերը քննադատվում են ՀՀՇ-ի կողմից, եւ ստացվել է այնպես, որ ինչպես վերջերս նկատեց «Արդարություն» դաշինքի գործիչներից մեկը՝ այս հարցում ՀՀՇ-ի եւ իշխանության մոտեցումները համընկնում են՝ երկուսն էլ չեն ուզում, որ փոխվի գործող Սահմանադրությունը եւ, ասենք, իշխանության ուժերի միջեւ ապահովվի առավել հավասարակշռվածություն: – Դա իրականությանը հակասող եզրահանգում է: Սահմանադրության փոփոխության փաստը խիստ անհրաժեշտ է Ռոբերտ Քոչարյանին (եւ հավանաբար նման 8220եզրահանգումներ8221 անողներին), քանի որ դրանից հետո Սահմանադրական դատարանից առանց որեւէ խնդրի նա կստանա համապատասխան տեղեկանք եւ հնարավորություն կունենա կրկին առաջադրվելով վերարտադրել իր անօրինական իշխանությունը: Հետեւաբար Սահմանադրության փոփոխությունների նպատակաուղղվածությունը եւ բովանդակությունը նրա համար, մեծ հաշվով, երկրորդական են: Նպատակն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձը հնարավորություն է ստանալու առաջադրվել 3-րդ անգամ: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանը խիստ երախտապարտ եւ վարձահատույց պետք է լինի ստրասբուրգյան «ընդդիմությանը» իր հետ համագործակցելու եւ իր ջրաղացին ջուր լցնելու համար: Երկրորդ կարեւորագույն հարցը, որ խիստ վտանգավոր է մեր պետականության համար՝ երկքաղաքացիության արգելքի վերացումն է: Սա հղի է շատ ծանր հետեւանքներով, քանի որ ակնհայտ է, որ եթե այդ արգելքը վերացվի, շատ կարճ ժամանակ անց Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները կստանան Հայաստանի բոլոր ընտրություններին մասնակցելու իրավունք: Այսինքն՝ ՌԴ-ում կունենանք գրեթե նույնքան (գուցե եւ ավելի) ընտրազանգված, ինչքան Հայաստանում (դեռ չեմ խոսում մի քանի այլ երկրների մասին, ուր ընդունված է բազմաքաղաքացիությունը): Դրանից հետո, ըստ էության, Հայաստանի իշխանությունը կսկսի ձեւավորվել Ռուսաստանում եւ փաստորեն՝ այդ երկրի իշխանությունների կողմից: Իսկ դա ծանրագույն հարված կլինի մեր պետականությանը: Հայաստանի իշխանությունները պիտի ձեւավորեն բացառապե՛ս ՀՀ քաղաքացիները՝ այն անձինք, ովքեր ապրում են այստեղ: Եվ սա արդեն անշրջելի սխալ կլինի, քանի որ հետագա իշխանություններն արդեն չեն կարողանա շտկել այն՝ անհնար կլինի ետ վերցնել այդ քաղաքացիությունը: Գնահատելով Հայաստանի եւ նրա քաղաքացիների համար արժանապատիվ ապագա ապահովելու Եվրոպայի ձգտումը եւ այդ ուղղությամբ գործադրված բոլոր ջանքերը՝ կարեւոր եմ համարում, որ Սահմանադրության փոփոխությունների նկատմամբ իրենց վերջնական դիրքորոշումները ձեւավորելիս եվրոպական կառույցների եւ պետությունների ներկայացուցիչները լրջորեն վերլուծեն եւ հաշվի առնեն վերոնշյալ երկու վտանգները: – Հայտնի է, թե ինչու է ՀՀՇ-ն դեմ երկքաղաքացիությանը, բայց բացատրության կարոտ է, թե ինչո՞ւ եք դեմ, որ Սահմանադրության մեջ վերանայվեն այն դրույթները, որոնք նախագահին տալիս են գերլիազորություններ, կամ, որ ընտրովի լինի Երեւանի քաղաքապետը: Այս ամենը Հիմնական օրենքում ամրագրել եք 1995-ին եւ 10 տարի անց էլ փաստորեն դե՞մ եք, որ փոխվեն այս դրույթները: – Կարո՞տ… Բազմիցս ենք մանրամասն հիմնավորել: Ինքս միշտ հեռու եմ եղել այն մտքից, թե գործող Սահմանադրությունը շատ լավն է, եւ որ այն կարող է լինել կայուն եւ բնականոն զարգացման երաշխիք: Ընդհանրապես, ես եղել եւ կողմ եմ Հայաստանում Սահմանադրության խորհրդարանական համակարգին: Բայց արդեն ասացի, որ այդ խնդիրը չէ, որ այսօր փորձ են անում լուծել: Պատրաստ եմ ցանկացած բովանդակային ու մանրամասն քննարկման, եթե նախ՝ անցումային դրույթներում ամրագրվի, որ այս փոփոխությունների հետեւանքով Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն չի ստանալու մեկ անգամ եւս առաջադրվել, երկրորդ՝ որ Սահմանադրությունում պահպանվի երկքաղաքացիություն բացառող դրույթը: Նշեցի այն հետեւանքներն ու վտանգները, որոնցից հնարավոր չի լինելու խուսափել Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեով ընդունելու դեպքում: Բացի այդ՝ գոյություն ունի մի այլ անժխտելի իրողություն: Այսօր թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը՝ նոմենկլատուրային եւ ոչ նոմենկլատուրային, միաձայն ընդունում են, որ Հայաստանում գոյություն չունի ընտրական համակարգ: Այս պայմաններում ինչպե՞ս կարելի է ընդհանրապես կողմ լինել որեւէ հանրաքվեի անցկացման: – Ի՞նչ հիմք ունի Ձեր այն համոզումը, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել եւս մեկ անգամ: Չէ՞ որ հակառակի մասին հավաստիացումներ կան, թե ինքը չունի նման ցանկություն: – Ո՞ւմ հավաստիացումները… Լավ, այդ դեպքում որեւէ արգելք չեմ տեսնում, որ Սահմանադրությունը փոփոխելուն լծված իշխանական եւ «ընդդիմադիր» ուժերը փոփոխությունների անցումային դրույթներում ամրագրեն, 8220որ այս փոփոխությունները Ռոբերտ Քոչարյանին հնարավորություն չեն տալիս եւս մեկ անգամ առաջադրվել ՀՀ նախագահ: Դա կլինի հավաստիացում, որը չի արվում, ուրեմն նպատակը Սահմանադրությունը փոփոխելով Ռոբերտ Քոչարյանին իր աթոռին պահելն է: Բացի այդ՝ իր իշխանության ողջ ընթացքում նա բազմիցս խախտել է Սահմանադրությունը, իսկ իշխանության ու ընդդիմության տարբեր թեւերն ասում էին, որ Հայաստանում սահմանադրական կարգը խաթարված է եւ պետք է այն վերականգնել: Իսկ հիմա առանց սահմանադրական կարգի առկայության, ինչպե՞ս են կուրծք ծեծելով գնում Սահմանադրության փոփոխությունների: – Արդյոք համակարգային փոփոխությունների օբյեկտիվ անհրաժեշտությունը չե՞ք ստորադասում տվյալ անձին առնչվող ինչ-ինչ սուբյեկտիվ գործոնների: – Մեծագույն անհրաժեշտություն են եւ օրախնդիր համակարգային փոփոխությունները: Բայց նախ եւ առաջ պետք է ապահովել պայմաններ, որ գործի Սահմանադրությունը, եւ դրանից հետո նոր գնալ փոփոխությունների: Այսօրվա բոլոր փոփոխությունները, որ իշխանությունը եւ ընդդիմության մի մասն «ուռա՜» գոռալով ուզում են անցկացնել՝ հետապնդում են միայն եւ միայն այն նպատակը, որ ԱՊՀ տարածքում արդեն իսկ փորձել են իրականացնել: Մի մասին հաջողվել է, մյուսին՝ ոչ: Ըստ էության, այս անգամ Ռուսաստանը հերթական անգամ այս փոփոխություններով Հայաստանում փորձարկում է այն մոդելը, որը տապալվեց, օրինակ՝ Ուկրաինայում: Հիմա նույնպիսի ավտորիտար գործիչ, ինչպիսին Պուտինն է, որը եւս ունի 3-րդ անգամ առաջադրվելու նպատակ, այդ մոդելի փորձարկումն իրականացնում է իր ֆորպոստ հանդիսացող Քոչարյանի համար: Ուստի ընդգծում եմ՝ թող վերոհիշյալ երկու կետերն ընդունեն, հետո արդեն կարելի է քննարկել (եւ ջախջախել) 8221 Սահմանադրության այդ 8220բարեփոխումների8221 բովանդակությունը: – Եթե այդ կետերն ընդունեն՝ օրակարգից այլեւս դո՞ւրս կգան այն հարցերը, որ Հայաստանում չեն գործում ընտրական համակարգը եւ սահմանադրական կարգը: – Ո՛չ, դուրս չեն գա, սակայն հնարավոր կլինի գոնե զերծ պահել մեր Հայաստանը այն ահավոր վտանգներից, ինչպիսիք երկքաղաքացիությունն ու Ռոբերտ Քոչարյանն են: Տվյալ պարագայում՝ Քոչարյանի հետ համագործակցելը պարզապես կոլաբորացիոնիզմ է: – Դուք ընդդիմադիրների նոր բաժանումն օգտագործեցիք՝ «ստրասբուրգյան» եւ այլ ընդդիմություն: Ուրիշ բաժանում կառաջարկեի՝ Հայաստանում առկա են ընդդիմադիրներ, որոնք ինչ-որ բան են փորձում անել, եւ կան ընդդիմադիրներ, որոնք ոչինչ չանելով՝ միայն քննադատում են առաջիններին: – Այո, այդպես է՝ դա փաստ է: Բայց պատճառն այն է, որ մեր հասարակությունը համոզված է, որ չկա բնականոն, էվոլյուցիոն ճանապարհով զարգանալու որեւէ հնարավորություն, եւ որ իրական բարեփոխումների հիմնական հակառակորդը եղել ու մնում են Քոչարյանն ու իր վարչակարգը: Ցանկալի արդյունքներ չեն ապահովում եւ չեն կարող ապահովել Արեւմուտքի կողմից Հայաստանին տրամադրվող հսկայական օգնության միջոցները, որոնք ես անվանում եմ քաղաքական եւ տնտեսական թերապիայի միջոցներ: Ես համոզված եմ, որ Հայաստանի էվոլյուցիոն զարգացման հնարավորությունները բացվելու են ոչ թե արտաքին թերապիայի, այլ ներքաղաքական վիրաբուժական միջամտության արդյունքում: Այդ հնարավորությունը ձեռք են բերել Վրաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդները, որոնք հիմա, ի տարբերություն մեզ, ունեն բնականոն, էվոլյուցիոն ճանապարհով զարգանալու հնարավորություն, բայց առայժմ՝ լոկ հնարավորություն: Եվ թե ինչպես կօգտագործեն նրանք այդ հնարավորությունն՝ արդեն այլ հարց է: – Ընդդիմության այս երկրորդ հատվածը, որի մեջ նաեւ ՀՀՇ-ն է, լռում եւ անգամ դադարել է տեսակետներ արտահայտել ինչպես ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի, այնպես էլ ղարաբաղյան ընտրությունների եւ դրանց հաջորդած զարգացումների շուրջ: – ՀՀՇ-ն երբեւէ չի լռել. ղարաբաղյան հարցի շուրջ բոլոր մյուս կուսակցությունները միասին անգամ այնքան ակտիվորեն հանդես չեն եկել, որքան ՀՀՇ-ն: Այն այսօր միակ կուսակցությունն է, որ հստակ տեսակետ ունի այդ հարցի եւ կարգավորման վերաբերյալ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան ընտրություններին հաջորդած զարգացումներին՝ կուզեի, որ այս հարցում մամուլը լիներ մի քիչ ավելի շրջահայաց: Ես չեմ արդարացնում Սեյրան Օհանյանի արարքը, բայց պետք է նաեւ մի քիչ ավելի խորը նայել: ԼՂՀ քաղաքացիական իշխանությունների, իրավապահ մարմինների ուղղակի պարտականությունն էր եւ է միջոցներ ձեռնարկել, որ ամեն մի դուրսպրծուկ չկարողանա անպատիժ հրապարակային վիրավորանքներ նետել ընդհանրապես որեւէ մեկի եւ հատկապես՝ ԼՂՀ բանակի հրամանատարության հասցեին: Չմոռանանք, որ ԼՂՀ բանակն այսօր Արցախի ժողովրդի անվտանգության կարեւորագույն գործոնն է: – ԼՂ հարցի շուրջ խորհրդարանական լսումներում պաշտպանության նախարարի հայտարարություններին եւս արձագանք չհետեւեց նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից: Մինչդեռ ենթադրվում էր, թե գոնե Դուք պիտի պաշտպանեիք փոխզիջումների պատրաստակամությունը: – Այս մեղադրանքը եւս համարում եմ լրիվ անհիմն: Ինքս էլ եմ մանրամասն խոսել այդ մասին եւ նույնիսկ հայտարարել, որ եթե այս իշխանությունները գնան փուլ առ փուլ կարգավորման տարբերակին՝ առանց խաթարելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը իր ողջ տարածքի նկատմամբ, ապա կպաշտպանեմ այդ մոտեցումը: – ԵԱՀԿ ԽՎ նախագահի ԼՂ հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի զեկույցը համարո՞ւմ եք առաջընթաց եւ, ինչպես բնորոշեց ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ «մեր խորհրդարանական դիվանագիտության հաջողությունը»: – Ո՛չ, բացարձակապես առաջընթաց չէ: Քանի որ արդեն 1416 բանաձեւով լուրջ վնասներ է կրել ղարաբաղյան հարցը, եւ շարունակվող բանակցություններն ընդամենն իմիտացիա են Քոչարյանի եւ Ալիեւի կողմից: Երկուսն էլ շահագրգռված են սառեցված պահել այս վիճակը: Որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրվել, ոչինչ չի փոխվել՝ ամեն ինչ նույնն է: – Լենմարկերի զեկույցում Հայաստանին ԼՂ վերամիավորման հնարավորությունը չբացառելը տեղաշա՞րժ չէ: – Ցավոք, դա ընդամենն անձնական կարծիք է, որն իրավական ուժ չունի, ինչպես Եվրոպայի խորհրդի 1416 բանաձեւը: Եթե Լենմարկերի զեկույցը իրավական ձեւակերպում ստանա՝ շատ լավ կլինի, բայց, ցավոք, չեմ կարծում, թե այդպես կլինի: Ցանկացած տեղաշարժ ԼՂ կարգավորման հարցում թե՛ Քոչարյանը, թե՛ Ալիեւը համարում են չափազանց մեծ վտանգ իրենց իշխանության համար: Այդ իմաստով նախորդ ժամանակաշրջանը մեծ հնարավորությունների կորստի շրջան էր, երբ իրական հնարավորություն կար առաջխաղացում արձանագրել հայ-թուրքական հարաբերություններում, եւ դա չարվեց: Չիրականացվեց ոչ միայն Թուրքիայի իշխանությունների, այլ նաեւ Ռոբերտ Քոչարյանի մեղքով: – Ո՞րն է Քոչարյանի մեղքը. Հայաստանի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ նախագահը միշտ նշել են, թե պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց որեւէ նախապայմանի: – Ասելը մի բան է, իրականությունը՝ մեկ այլ: Քոչարյանին ձեռնտու չէ հայ-թուրքական սահմանի բացումը, քանի որ այն շատ դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, իսկ նրա ծրագրերի մեջ չի մտնում սառեցված վիճակը փոփոխելը: Երկրորդ պատճառն այն է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը շատ դրական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի տնտեսության վրա, իսկ Հայաստանի տնտեսության ներկայիս օլիգարխիկ կառուցվածքը Քոչարյանի համար ոչ միայն ֆինանսատնտեսական, այլեւ քաղաքական շատ լուրջ լծակ է, ուստի սահմանի բացումը կարող է վտանգել նաեւ այս համակարգը: Իսկ երրորդ պատճառը, թե ինչու նա չի ուզում՝ շատ պարզ է. դա չի ուզում Ռուսաստանը, քանի որ սահմանի բացումից հետո էապես նվազելու է ՌԴ դերը Հայաստանում եւ մեր տարածաշրջանում: Իսկ հայ-թուրքական հարաբերությունները եւ մասնավորապես սահմանի բացումը, իմ խորին համոզմամբ, ողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար առանցքային գործոն են: – Ամառը քաղաքական իրադարձությունների առումով սովորաբար լճացման շրջան է: Սակայն այժմ այն կարծես ավելի շուտ սկսվեց: Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական կյանքի նման կիսամեռ վիճակը: – Հայաստանում լճացման շրջանը կապված չէ տարվա եղանակների եւ բնակլիմայական փոփոխությունների հետ: Պատճառը մեկն է՝ մեր երկրում չկա ժողովրդավարական լուրջ ընդդիմություն: Սա, իհարկե, նաեւ իշխանությունների հետեւողական աշխատանքի արդյունքն է, բայց հիմնական մեղքն մերն է՝ ընդդիմությանը: Եվ ընդհանրապես՝ Հայաստանում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ շատ դժվար է զանազանել՝ ով է իսկական ընդդիմություն, ով՝ նոմենկլատուրային կամ պայմանագրային, ով է ընդդիմության դեր խաղում, իշխանությունների մոտ ընդդիմություն աշխատում: Չնայած վերջին շրջանում նկատվում են որոշ միտումներ՝ ընդդիմադիր որոշ ուժեր փորձում են հստակեցնել իրենց աշխարհաքաղաքական ու գաղափարական դիրքորոշումները. սկսվում են արդեն ուրվագծվել նաեւ ընդդիմադիր դաշտի երկու ողղվածություններ՝ հայաստանամետ եւ ռուսամետ: Իրական հիմնահարցը ոչ թե այս անօրինական իշխանությունն է, այլ այն, որ ժողովրդավարական, քաղաքական ծրագրեր ու գաղափարական լուրջ բովանդակություն ունեցող եւ ներկայիս իշխանությանը այլընտրանք հանդիսացող ընդդիմություն Հայաստանում դեռեւս (ընդգծում եմ՝ դեռեւս) չի ձեւավորվել: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել