Լրահոս
Օրվա լրահոսը

«Կծան

Հուլիս 26,2005 00:00

«Կծան Միշան» պիտի սպաներ ՀՀ ղեկավարներին Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Պարգեւ Օհանյան) սկսվեց Գագիկ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ պետական-քաղաքական գործիչների դեմ մահափորձ նախապատրաստելու համար: Բարձրագույն կրթությամբ, նախկինում չդատված Գ. Գրիգորյանը ընդունեց իր մեղքը, պնդեց նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքները: Մեղադրողը՝ գլխավոր դատախազությունից պրն Գեւորգյանը, հարցեր չուներ: Ըստ քրգործի, Գ. Գրիգորյանը եղել է նախկին կապի նախարար Էդիկ Մադաթյանի («Խուճուճ Էդոյի») ընկերը: Ոստան գյուղի բնակիչ, այս գործով վկա Միշա Խուդավերդյանից («Կծան Միշա» մականունով) տեղեկանալով Խոսրովի արգելոց պաշտոնատար անձանց «պարբերական այցելությունների» մասին, ծրագրել է 2004թ. սեպտեմբերի 26-ին «այնտեղ նախատեսված խնջույքի ժամանակ», սպանել նրանց: «Կծանին» առաջարկվել է 100 հազար դոլար: Պետական-պաշտոնատար անձանց մեջ նշվում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, գործարար Գագիկ Ծառուկյանի եւ նախարար Հովիկ Աբրահամյանի անունները: Գ. Գրիգորյանը ստացել էր «Կծան Միշայի» համաձայնությունը, եւ ըստ մեղադրականի, որը հրապարակեց մեղադրողը, Էդիկ Մադաթյանից ստանալով 10 հազար դոլար, փոխանցում է Միշային, ապա փոխանցում է նաեւ 30 հազար դոլարը: Մահափորձի սցենարով նախատեսված էր ձեռք բերել հեռակառավարվող հակատանկային ական, որը պիտի պայթեցվեր: Ըստ գործի նյութերի էլ, 2004թ. սեպտեմբերի 26-ին Միշան «հրաժարվում» է սպանել խնջույքի հնարավոր մասնակիցներին: Հոկտեմբերի 22-ին էլ, բերքի տոնի ժամանակ նրանք պետք է սպանեին Ռոբերտ Քոչարյանին, սակայն ինչպես գաղտնալսումների ժամանակ Միշան է արդարացել. «Մրգի տոնին պտի Քոչարյանը խփնվեր՝ չեկավ: Իրանց Աստվածը մեծ էր»: Միշան հետագայում իրավապահներին հայտնել էր ձախողված մահափորձերի մտադրության մասին: Ի դեպ, մնացած 60 հազարը պետք է ստանային ամբաստանյալն ու Միշան՝ «սպանություններից հետո»: Գ. Գրիգորյանը ներկայումս պահվում է ԱԱԾ «Երեւան-Կենտրոն» մեկուսարանում: Նրա պաշտպանն է Հայաստանի փաստաբանների միության անդամ Ռոբերտ Գրիգորյանը: Գործով դատակոչվելու է 10 վկա, որից 4-ը Մադաթյանների տոհմից են, 2-ը՝ Խուդավերդյանների: «Տուժողների ներկայացուցիչ» էր ճանաչվել փաստաբան Հոկտեմբեր Քարամյանը, թեեւ ովքեր էին տուժողները՝ դատարանում չհրապարակվեց: Այսինքն՝ հայտնի չէ, թե ովքեր են լիազորել փաստաբանին ներկայացնելու իրենց շահերը: 5 րոպեից ավելի քիչ տեւեց Է. Մադաթյանի որդու՝ Ավետիքի ցուցմունքը, որը հայտարարեց. «Ինչ որ հարցաքննել են՝ տեղյակ չեմ»: Տեղյակ էր միայն, որ Միշայի կողմից «հրավիրվածություն» էին ստացել «մաքուր օդին հաց ուտելու»: Է. Մադաթյանի եղբայր Գրիգոր Մադաթյանն էլ նկարագրեց, թե ինչպես են Խոսրովի արգելոց գնացել որսի, հետո ինչպես է եղբոր մեքենան պայթել ու նա էլ արնաշաղախ հայտնել էր իրեն, որ «պայթյունը նպատակային էր»: Դարձյալ ոչ մի հարց: 25 րոպե տեւած դատավարությունը հետաձգվեց: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել