Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քննությունը

Հուլիս 26,2005 00:00

Քննությունը ինձ համար միտ տոն է Երեկ հրավիրած ճեպազրույցում քննությունների տվյալների մասին որոշ տեղեկություններից հետո անակնկալ կերպով ԿԳ նախարար Սերգո Երիցյանը ցույց տվեց ժամանակակից տեխնոլոգիական եւ էլեկտրոնային միջոցներով «հագեցված» այն վերնաշապիկը, որ փոխարինել էր ավանդական ծածկագրերին: Վերնաշապիկի տերը պետք է բջջային հեռախոսով միանար ինչ-որ ձայնագրության, սակայն շփոթվել է եւ հեռախոսն սկսել է բարձրաձայնել: Այդ դիմորդը, ինչպես հետո պարզվել է, ուսուցչի ընտանիքից է, իսկ հնարքի հեղինակը եղել է նրա հարազատներից մեկը: Նախարարն ասաց, որ երիտասարդին զրկել են քննություններին մասնակցելու իրավունքից եւ գործը հանձնել դատաքննչական մարմիններին: Բայց իրականում «հանցագործին» կարող է միայն վարչական տույժ հասնել կամ չհասնել, նախարարն ինքն էլ դեռ մանրամասներ չհայտնեց: Մեկ այլ դեպք է գրանցվել կենսաբանության քննության ժամանակ, երբ մի աղջկա մարմնամասերը անհամաչափ են թվացել հանձնաժողովի անդամներին: Վերջիններս, սակայն, չեն համարձակվել «խուզարկել», միայն դիմորդին խնդրել են տեղափոխվել ընտրած տեղից: Եվ դա եղել է այն պահին, երբ, նախարարի խոսքով, «տոպրակը բացված է եղել, եւ երբ աղջիկը կանգնել է, թղթե բոլոր ծածկագրերը թափվել են գետնին»: Աղջկան թույլատրել են շարունակել քննությունը, սակայն նա ոչինչ չի գրել: Ընդհանուր առմամբ, այս տարի 1-2 տտկոսով նվազել է բարձր գնահատականների թիվը եւ նույնքանով աճել ցածր գնահատականներինը: Ըստ նախարարի, 20 տոկոսով քիչ են բողոքարկումները եւ աննախադեպ քիչ՝ բողոքարկումների արդյունքում գնահատականների փոփոխությունները: Վերջիններս 50 տոկոսով փոխվել են տեխնիկական, 50 տոկոսով՝ բովանդակային հիմքով: Հանրապետական ընդունող հանձնաժողովը մոնիտորինգ է իրականացրել գրավորը պահանջող դիմորդների շրջանում: Հայոց պատմության դեպքում գրավորը պահանջող 43 դիմորդներից միայն 1-ն է բողոքարկել: Մեկ այլ դիտարկում. բնագիտական առարկաները հաջողությամբ են հանձնում հիմնականում տղաները, իսկ հումանիտար բլոկում աչքի են ընկնում աղջիկները: Օրինակ, մաթեմատիկայի բարձր գնահատականների 55 տոկոսը տղաներինն է, 35-ը՝ աղջիկներինը: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել