Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում

Հուլիս 29,2005 00:00

Սպասվում է «շտրաֆ»՝ ՀՀ կառավարությանը Երեկ Հյուսիսային պողոտայի եւ Փավստոս Բուզանդի փողոցի նախկին բնակիչները հրավիրել էին մամուլի ասուլիս՝ վերջին թարմ նորությունները լրատվամիջոցներին հայտնելու: Արդեն հունիսից մի քանի ընտանիքների գործերն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, տրվել են Մարդու իրավունքների Եվրոդատարան, որտեղից ստացվել է պատասխան, թե գործերին համապատասխանաբար տրվել են համարներ, ու դրանք առայժմ գտնվում են ծանոթացման փուլում: Տուժած բնակիչների փաստաբան Արթուր Գրիգորյանը նշեց, որ ըստ Եվրոդատարանի նախադեպերի, արեւմուտքի բնակչության համար սեփականությունը սրբություն է, ուստի կարծում է, որ դատը շահելու հավանականությունը շատ մեծ է: Ավելին՝ հրավիրված ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը համոզված էր, որ Եվրոդատարանը մեր կառավարությանը «շտրաֆ» կտա, ուստի դժգոհեց. «Ախր ինչո՞ւ պիտի օտար երկիրը մեզ շտրաֆ նշանակի, ամեն ինչ պիտի ստիպեն, նո՞ր անեն: Սահմանադրությունն էլ էդպես արեցին, էլի, իրար կերան, նոր ընդունեցին»: Ինչ վերաբերում է «տեղական մակարդակով» գործերի հաջողությանը, Սահմանադրական դատարանում կառավարության որոշումները քննարկելու համար անհրաժեշտ 44 պատգամավորական ստորագրություններից արդեն հավաքվել է 32-ը, ընդ որում, ստորագրել են «Արդարություն» դաշինքը, «Ազգային միաբանությունը», «Ժողպատգամավորներից» 4 հոգի եւ 4 անկախ պատգամավոր: Մյուսներն էլ, ըստ պարոն Մկրտչյանի, կասկածներ ունեն, թե Սահմանադրական դատարանը «կթելի» կառավարության «ասեղը», դրա համար էլ վախենում են ստորագրել: Բուզանդի 25 հասցեի նախկին բնակիչ Արսեն Ղասաբյանը, ներկայացնելով իրենց նկատմամբ իրականացրած ճնշումների մի շարք օրինակներ, նշեց. «Մեր ցավն այն է, որ «պետական կարիքներ» հասկացության տակ քանդում են մեր բնակարանները՝ «էլիտար» պարսիկների կարիքները բավարարելու համար, մինչդեռ «Հաբիթադը» (անօթեւանների համար բնակարան կառուցելու ծրագիր.- Հ. Ջ.) այստեղ մտածում է աղետի գոտուց տուժածների մասին»: Մեր հարցին, թե աղետի գոտու բնակիչներին ձեր տարածքները տրամադրելու դեպքում դուք կհանդուրժեի՞ք կառավարության որոշումը, նա հստակ չպատասխանեց. «Կգերադասեինք, որ էդպես լիներ»: Պարոն Մկրտչյանի կարծիքով, քաղաքապետը կառավարության անդամ չէ, բայց իրեն իրավունք է վերապահել փոխելու կառավարության որոշումը: Խոսքը վերաբերում է Ե. Զախարյանի՝ «Ավանտ-Տուր» ընկերությանը հատկացված տարածքը «Վիզկոն» ՍՊԸ-ին տրամադրելու որոշմանը: Ինչ վերաբերում է դատական ակտերի կատարման աշխատակիցներին, ըստ Վ. Մկրտչյանի, նրանք, իրենց ձեռքին ունենալով բնակիչներին վտարման կասեցման մասին դատարանի որոշումը, ոչ միայն շարունակել են վտարել նրանց, այլեւ բեռնատարներով տարել բնակիչների գույքը, բնակարանների բանալիները: Վտարվածներն իրենց վիրավորանքին ի պատասխան՝ որոշել են. «Արդեն ցանկացած փոխհատուցում տալու դեպքում, միեւնույն է, չենք ստորագրի տարածքն ազատելու պայմանագրերը»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել