Լրահոս
Օրվա լրահոսը

Որ հրաժարվի իր բողոքներից

Հուլիս 30,2005 00:00

Որ հրաժարվի իր բողոքներից Անկարող են ընթացք տալ գործին Հայաստանի իրավապահները, արդարադատները, իրավապաշտպան կազմակերպությունները, լրատվամիջոցները մինչեւ օրս չեն ստացել «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի՝ իրենց առաջադրած հարցերի պատասխանները: Վերջինս դիմեց դատական տարբեր ատյաններ՝ ակնկալելով պատասխանող տեսնել գլխավոր դատախազությանը, ՀՀ ոստիկանությանը, Գորիսի, Նուբարաշենի մեկուսարանների պետերին եւ Նուբարաշենի հոգեբուժարանի պետին: Ռ. Սիմոնյանի գործը ուղարկվեց նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հանրապետական, միջազգային Կարմիր խաչին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին: «Ամեն մի դիմումից հետո ուժեղանում էր իմ նկատմամբ հետապնդումը եւ ֆիզիկական բռնությունը»,- ասում է «Քաշաթաղ» հ/կ-ի նախագահ Ռ. Սիմոնյանը: Վերջինս այդ մարմիններին ուղղած իր բողոքներում նշել էր, որ 1996-2001-ը ոստիկանության վարչության, ինչպես նաեւ Քաշաթաղի ՆԳ աշխատակիցների կողմից ապօրինի խուզարկության անվան տակ հափշտակվել է իրենց ողջ ունեցվածքը Արտաշատում, Քաշաթաղում, Երեւանում: «Քաշաթաղ» հ/կ-ի նախագահը երեք ամիս գտնվել է կալանքի մեջ եւ, ինչպես ինքն է տեղեկացրել գլխավոր դատախազությանը, Նուբարաշենի հոգեբուժարանում ենթարկվել է հարկադիր դատահոգեբուժական հետազոտման: 1995-ին ՀՀ կառավարության ծրագրով Ռ. Սիմոնյանը հրավիրվում է Քաշաթաղի շրջան՝ իրականացնելու ՀՀ պետական ծրագիրը. վերաբնակեցնել ազատագրական պատերազմի արդյունքում ազատագրված գյուղերը: Նա նշանակվում է Վակունիս, Բագարան, Վելի-Բելի, Արջաձոր, Դաղբուլաղ գյուղերում գյուղապետ: Ընտանիքի 5-րդ անդամ աղջիկը ծնվում է 1998-ին՝ Բերձորում: «Կատարելով գյուղապետի պարտականությունները, մնացինք հիասթափված: Ստանալով մեկ անասունի գումար՝ 110 հազար դրամ, ստիպված էինք օգտագործել նախկինում կուտակած իմ ֆինանսական միջոցները, ստեղծելով հսկայական ֆերմերային տնտեսություն: Իմ կողմից կազմակերպվեց Վակունիսի գյուղական 8-ամյա դպրոցի շենքի վերակառուցումը»,- շարունակեց նա: Ըստ բողոքատուի, իր նկատմամբ հետապնդումները սկսվել են այն ժամանակ, երբ հանդես է եկել վարչակազմի, դատախազի, ոստիկանության պետի դեմ: Եվրոդատարան ուղարկված բողոքում էլ Ռ. Սիմոնյանը նկարագրել էր, թե ինչպես են կնոջը եւ 2 տարեկան աղջկան ծեծի ենթարկել, ապա առեւանգել 12 տարեկան երկրորդ կարգի հաշմանդամ տղային: Նա նկարագրել էր նաեւ իր 76-օրյա կալանքը. «Կալանքի ժամանակ ծեծի հետեւանքով կոտրել են քիթս, կողոսկրերս, գլխիս հարվածելուց վատացել է տեսողությունս, կոտրել են ատամներս, վնասվել են երիկամներս: Իսկ ոստիկանության քննիչ Լ. Ավետիսյանը հարցաքննության ժամանակ մեկ լիտրանոց օղու շշով հարվածել է գլխիս, շիշը փշրվել է, որի հետեւանքով ստացել եմ ուղեղի ցնցում»: Ի դեպ, Սիմոնյանի ընտանիքը նախագահի նստավայրի, ՀՀ գլխավոր դատախազության եւ ՄԱԿ-ի շենքի առջեւ նստացույցեր է արել: ՀՀ ՆԳՆ Երեւան քաղաքի քննչական վարչությունում Լ. Ավետիսյանը քրեական գործ է հարուցում, մինչդեռ առեւանգում են եւ տանում Քաշաթաղի շրջանի ոստիկանություն: Խուզարկություն է կատարվում Քաշաթաղում, Երեւանում, սակայն առանց դատարանի որոշման: Ռ. Սիմոնյանի աղջկա ծննդյան վկայականում դրոշմված է ՀՀ գերբը ու գրված՝ ՀՀ Բերձոր, Քաշաթաղի շրջան, 156 գրանցում: «100-ից ավելի փաստաթղթեր եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունից, ոստիկանությունից, արդարադատության նախարարությունից, դատարաններից, սակայն մեկը մյուսին հակասող են եւ իրարամերժ»,- ասում է Ռ. Սիմոնյանը: Մի դեպքում նրան տեղեկացրել էին, թե իր մասով վարույթը կարճվել է եւ Քաշաթաղի շրջանի իրավապահ մարմիններում նրա նկատմամբ հարուցված քրեական գործեր չկան, մյուս դեպքում էլ քրեական պատասխանատվության չեն կանչվել մարդիկ, որոնք խուզարկել, ազատությունից ապօրինի զրկել եւ ֆիզիկական բռնություններ են կատարել հ/կ-ի նախագահի նկատմամբ: Ս. Վ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել