Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԾՆՈՂՆԵ՞ՐԸ

Օգոստոս 10,2005 00:00

ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԾՆՈՂՆԵ՞ՐԸ Կամ գուցե վերահսկողնե՞րը Երեկ կենսաբանության քննական հանձնաժողովի նախագահ Տիգրան Թանգամյանը մեզ հետ զրույցում, խոսելով 20 միավորների բացակայության պատճառների մասին, նշեց, որ «երեխան այդաստիճան չի կարող տիրապետել առարկային, որ 7 հարցի մեջ գոնե 0.25-ով պակաս չգրի»: Մեր ճշտող հարցին՝ «ուրեմն ցանկության դեպքում միշտ էլ հնարավոր է միավոր հանել», պրն Թանգամյանը նախ ասաց, որ իրենք հանում են միայն այն դեպքում, եթե թերություն կա, ապա ավելացրեց. «Պրակտիկորեն բացառված չէ, որ 7 հարցից որեւէ մեկի մեջ վրիպում կարող է լինել, հավանականությունը մեծ է, որ գոնե 0.25-ի բացթողում կլինի»: Հանձնաժողովը օրական քննություն է վերցնում 108-110 դիմորդից, բացասական միավորների թիվը 8-10 տոկոս է կազմում, շատ են միջին միավորները: 20 չկա նաեւ այն պարզ պատճառով, որ հիմա գնահատականները չեն կլորացվում, այսինքն՝ նախկին 20-ները այսօրվա 19,5-19,9-երն են: Այսուամենայնիվ, դրանց թիվն էլ շատ չէ: Եվ նախորդ տարիներին էլ առանձնապես 20-ներով աչքի չի ընկել այս առարկան: Այս տարի 844 հանձնածներից ամենաբարձր միավորը գրանցվել է 5 հոգու մոտ՝ 19,8-ը, 6 հոգի էլ ստացել են 19,5: Ըստ հանձնաժողովի նախագահի, դիմորդների 80 տոկոսից ավելին թեստերն ու 2 խնդիրները մասսայաբար լուծում են: «Ինչո՞ւ, որովհետեւ խնդիրների համարները հրապարակված են «Դիմորդ»-ում, եւ դրանք հեշտությամբ լուծում են, չգիտեմ՝ անգիր արա՞ծ, թե՞ տրամաբանորեն: Թեստերի պատասխաններն էլ կան ժողովածուներում՝ 98-ից այդ ժողովածուները գործում են»: Մաթեմատիկայի առարկայական հանձնաժողովի նախագահ Հայկազ Հայրապետյանը վստահեցնում է, որ թեեւ այս տարի բարձր է բացասական միավորների թիվը եւ ցածր՝ բարձր միավորներինը, այնուամենայնիվ, ցածր գնահատականներից բողոքողների թիվն այս տարի ավելի քիչ է, քան անցյալ տարի: Ըստ հանձնաժողովի նախագահի, չափանիշները մեղմացվել են անցյալ տարվա համեմատ: «Ասենք՝ եթե գնդի կենտրոնի դիրքը դիմորդը չի հիմնավորում, նախկինում 1 էինք հանում, հիմա՝ 0.5: Ճիշտ ենք ընդունում թեկուզ ոչ ռացիոնալ տարբերակով լուծված խնդիրները»: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այս տարի քննությունների վերջում «սեյֆում» շատ տարբերակներ կմնան, հետեւաբար ավելի ուշ քննություն հանձնողները չեն կարող կողմնորոշվել, թե իրենց ինչ տարբերակներ բաժին կընկնեն: Հանձնաժողովի նախագահին հիշեցրինք մի միջադեպ: Ըստ մեզ հասած՝ Վերգինե Գեւորգյանի բողոքի, ուրբաթ օրը, երբ քննություն է հանձնել իր դուստրը, ծնողներին 10:30-ից հետո չեն թողել իբրեւ ազատ դիտորդներ մտնել քննասենյակներ: Պրն Հայրապետյանը հերքեց լուրը՝ ճշտելով, որ ծնողներին թույլ չեն տալիս միայն վերջին 40-45 րոպեներին, երբ երեխաներն արդեն պետք է մաքրագրեն գրավորները: Հանձնաժողովի նախագահը նաեւ հարկ համարեց ծնողներին զգուշացնել, որ հաճախ խանգարում են իրենց երեխաներին՝ հեռվից հարցեր տալով՝ «գրե՞լ ես, չե՞ս գրել»: Մաթեմատիկայից անբավարար է ստացել 4376 հանձնածների 15 տոկոսը: Հ. Հայրապետյանի դիտարկումները ցույց են տվել, որ բացարձակ գերազանց են հիմնականում թեքումով դպրոցների երեխաները՝ Քվանտի, Շիրակացու քոլեջի: Մի փաստ էլ՝ մեր դիտարկումներից: Մինչ այժմ բոլոր քննություններում ականատես ենք եղել նախագահի վերահսկողական ծառայության լուռումունջ աշխատանքին: Որպես կանոն, նրանք լուռ շրջում են կամ ընդհանրապես իրենց գոյությունն էլ ցույց չեն տալիս: Իսկ մաթեմատիկայի քննությանը այս ծառայության աշխատակիցը ոչ միայն ակտիվ մասնակցում էր կազմակերպչական գործերին, այլեւ երեխաներին ժամանակ առ ժամանակ տեխնիկական բնույթի ցուցումներ էր տալիս կամ հիշեցնում, թե քանի րոպե է մնացել քննության ավարտին: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել