Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՖՆ-Ն ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՄԱ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ

Օգոստոս 27,2005 00:00

ՀՊՖՆ-Ն ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՄԱ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ Աշնանից կրկին կվերաբացվեն հանրապետության մշակութային օջախները: «Առավոտը» պարբերաբար կներկայացնի մշակութասեր հասարակայնությանը սպասվելիք միջոցառումների մասին: «Անասելի պատասխանատվություն է տնօրինել 64-ամյա ստեղծագործական տրադիցիաներով հարուստ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) աշխատանքները»,- «Առավոտի» հետ հանդիպման սկզբում հարկ համարեց նշել նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: Ըստ նրա, նվագախմբի այս՝ 2005-06թթ. համերգաշրջանի ծրագիրը կազմելուն ձեռնամուխ են եղել ավելի քան մեկ տարի առաջ: «Նվագախումբը վաղուց հայ, արեւմտաեվրոպական, ռուսական երաժշտարվեստի սիմֆոնիկ երկերի տարածողն է: Այս համերգաշրջանում էլ ընդգրկված հայ եւ օտարազգի երաժիշտների, ինչպես նաեւ կատարվելիք ստեղծագործությունների հավասարակշռությունը փորձել ենք պահպանել: Ֆիլհարմոնիկը հավատարիմ է ու ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր առաքելության թիվ մեկ խնդրին, այն է՝ հայ կոմպոզիտորների գործերի պրոպագանդմանը»,- ասաց տնօրենը: Մեր խնդրանքով տիկին Սիրունյանը հակիրճ ներկայացրեց աշնանը կայանալիք համերգները. «Մշակույթի նախարարության, Կոմպոզիտորների միության հետ համատեղ կնշվեն հայ մեծանուն կոմպոզիտորներ Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Միրզոյանի հոբելյանները, ֆրանսաբնակ հայտնի ջութակահար Ժան Տեր-Մերկերյանի 70-ամյակը: Հայ երաժշտասերները, համոզված եմ, մեծ ոգեւորությամբ կարձագանքեն հայ-իտալական օրերի շրջանակներում Երեւան ժամանող իտալացի աշխարհահռչակ երգիչների մենահամերգներին (անուններ չնշեց՝ անակնկալ մատուցելու նպատակով): Իտալիայի դեսպանատան եւ մեր նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կկայանա Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայի համերգային կատարումը»: Շարունակելով խոսքը՝ տիկին Սիրունյանը նշեց նաեւ, որ իրենց հրավերով Երեւան կժամանեն արտերկրյա ճանաչված դիրիժորներ ու անհատ կատարողներ, ինչպես նաեւ ֆիլհարմոնիկի հետ հանդես կգան հայաստանցի ճանաչված, երիտասարդ արտիստներ: Հարցին՝ «ՀՊՖՆ-ն չի՞ պատրաստվում ելութներ ունենալ մարզերում», տնօրենը հավաստիացրեց, որ, բացի Գյումրիից, այլ վայրում պարզապես հնարավոր չէ բեմում տեղավորել ֆիլհարմոնիկի կազմը. «Բեմական համապատասխան պայմանների բացակայության պատճառով՝ մենք առայժմ արտագնա համերգների ենք մեկնում միայն Գյումրի»: Նախորդ համերգաշրջանում, եւ ընդհանրապես, մասնագետներին, ինչպես նաեւ երաժշտասերներին հուզել ու շարունակում է տարաբնույթ խոսակցությունների առիթ հանդիսանալ այն փաստը, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահը հաճախ տրվում է, մեղմ ասած, ոչ արժանիներին: Չբացառելով եզակի դեպքերը՝ Ռ. Սիրունյանն էլ նշեց, որ ռաբիսից մինչեւ թեթեւ ժանրի համերգային գործակալությունները կամ կազմակերպիչները հաճախ դիմում են իրեն՝ դահլիճը վարձելու նպատակով: «Մենք հիմնականում աշխատում ենք դահլիճը տրամադրել դասական երաժշտության համերգներին, բայց համերգասրահը ունի նաեւ ֆինանսական ծախսեր: Դրանից ելնելով, հաճախ ստիպված ենք լինում այն տրամադրել նաեւ կոմերցիոն նպատակներով»,- ասաց տնօրենը: Մեր հետաքրքրությանը, թե դահլիճի վարձը ցանկացած համերգի կամ միջոցառման համար նո՞ւյնն է, Ռ. Սիրունյանը պատասխանեց. «Դասական երաժշտության համերգների համար դահլիճի վարձը կազմում է 250 հազար դրամ: Կոմերցիոն նպատակներով համերգների համար վարձը մեծանում է: Դա պայմանավորված է տեխնիկայի օգտագործմամբ: Նշեմ նաեւ, որ տեղի են ունենում նաեւ բարեգործական համերգներ, որոնցից անմասն չի մնում ֆիլհարմոնիկի տնօրինությունը. դահլիճը հաճախ տրվում է անվճար կամ արվում են զեղչեր: Ասեմ նաեւ, որ, բոլոր դեպքերում (նկատի ունի դահլիճի վարձակալումը), մենք տեղյակ ենք պահում նախարարությանը: Գիտեք, որ 1991-ից մեր մշտական հովանավորն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, իսկ վերջին տարիներին մեզ ձեռք են մեկնում նաեւ տեղական ուժերը»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. 2005-06թթ. թատերաշրջանի առաջին համերգը կկայանա սեպտեմբերի 23-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել