Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական ողբերգության նոր մետաստազը

Նոյեմբեր 11,2026 10:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Իշխանական ու իշխանամերձ այն արձագանքը, որ եղավ ընդդիմադիր գործիչ Արսեն Գեւորգյանի ողբերգական մահվան կապակցությամբ, այլ կերպ դժվար է բնորոշել, քան՝ «բարոյական լյուստրացիա», կամ դրա հերթական մի ալիք։ Որովհետեւ վերջին տարիներին Հայաստանի հանրության հետ տեղի են ունեցել զանգվածային այնպիսի աղետալի հետեւանքներ ունեցող իրադարձություններ, որ դրանցից հետո մենք շատ ենք ապրել «բարոյական լյուստրացիայի» ալիքներ։

Եվ այդ ալիքների մակընթացությունից հետո ամեն անգամ տեղատվությունը ի ցույց է դնում այն խորքային ախտահարումը, որին ենթարկվել է մեր հանրային օրգանիզմը արժեքային ու բարոյական նշաձողերի, ուղենիշների իմաստով։ Այնքան է ախտահարվել, որ քաղաքական եւ շատ դեպքերում պարզապես նյութական կոնյունկտուրայի բերումով կարող է ոտնատակ տրվել մարդկային ողբերգությունը՝ ենթարկվելով ամենացինիկ մեկնաբանությունների։ Ընդ որում, կրկնեմ, այդ երեւույթը իջնում է վերից՝ վար։ Այդ երեւույթը ինքնին պետական մի քաղաքականության հետեւանք է, որի բուն նպատակը հենց արժեքների, բարոյական ուղենիշների դաշտում կարմիր գծերը ոչնչացնելն է, ջնջելը։ Այդ կերպ է, որ կջնջվի նաեւ այն աղետների ու ողբերգությունների ընկալումը, խորքային ընկալման վտանգը, որ ունի դրանց համար առնվազն քաղաքական պատասխանատվություն ունեցող իշխող ուժը։ Խնդիրն այն է, որ այդ աղետները ու կորուստները զանգվածաբար տեղի են ունեցել այն պետականության եւ հանրության հետ, որի հիմքում եղել է արժեհամակարգային ու բարոյական որոշակի ճարտարապետություն։ Երբ այն քանդված չէ, ապա շուրջը տեղի ունեցած փլուզումները «ներսում» գտնվողների համար միշտ տեսանելի են, զգալի, հետեւաբար միշտ կա պատասխանատվության հարցը։

Մինչդեռ, եթե կա պատասխանատվության հարց, ապա կա իշխանությունը պահելու խնդիր։ Ըստ այդմ, իշխանությունը պահելու համար, պատասխանատվությունից ընդմիշտ ազատվելու համար պետք է ընդմիշտ չեզոքացնել հանրության այն բարոյական ու արժեհամակարգային նկարագիրը, ճարտարապետությունը, որի ընկալման շրջանակում են եղել քաղաքական պաշտոնավարման հետեւանքով փլուզված իրողությունները։ Հասարակության նոր բարոյականությունը եւ արժեքային նոր ճարտարապետությունը կառուցվել է «կենցաղահպատակության» փիլիսոփայությամբ, պետության բարձրագույն նպատակ հռչակելով բարեկեցությունը։ Այդ պարագայում, մնացյալ ամեն ինչ, այդ թվում մարդկային կյանքը, դադարում է հանրային արժեք լինելուց։ Դա արդեն պետական ողբերգություն է, որի հերթական մի մետաստազ է արտահայտվում մարդկային ողբերգության արձագանքների որոշ շրջանակի տեսքով։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսապատկերը՝ Medianews.site կայքից, որն ըստ փաստեր ստուգողների հետազոտությունների՝ սերտորեն կապված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Տարոն Չախոյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել