Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղը կորավ իշխանության ու փողի դյութանքներում»

Սեպտեմբեր 14,2005 00:00

«Ղարաբաղը կորավ իշխանության ու փողի դյութանքներում» Ասում է «Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանը Մեր խնդրանքով մեկնաբանելով «Ճգնաժամերի միջազգային խմբի» ներկայացուցիչների բացահայտած առաջարկները, որոնք տեղ են գտել այս կազմակերպության «Լեռնային Ղարաբաղ. հայացք հակամարտությանը դեպքի վայրից» անվանվող այսօր հրապարակվելիք փաստաթղթում՝ Արա Սահակյանն ասաց. «Զեկույցը, որ անպայման անհաճո կլինի, չի պարունակի որեւէ նոր գաղափար: Արդեն քանի՜ տարի մեծ ու փոքր պետությունների, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարները, փորձագիտական հեղինակավոր կենտրոնները, միմյանց հերթափոխելով, ասում են՝ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը կասեցնում է Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի զարգացումը, բազում սպառնալիքներ է ստեղծում միջազգային անվտանգության տեսանկյունից: Այսինքն՝ այն, ինչ պարզորոշ հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997-ի այս օրերին: Ներկայումս մեզ իշխող անձինք մազոխիստական հակում ունեն ճշմարտությունները լսել օտարներից, բայց ոչ յուրայիններից: Յուրայինի ճշմարտությունը դավաճանություն ու պարտվողականություն է նրանց համար: Հենց դա է պատճառը, որ հաշմված աշխարհընկալմամբ այս իշխանության հետ աշխարհը խոսում է չափազանց պարզունակ ու դառնահամ դարձվածքներով: Այս իշխանությունը ոչ միայն իր հրապարակած սկզբունքներից է հետ կանգնել: Սրանք մսխել են մեր բոլոր առավելությունները: 8 տարի առաջ Հայաստանն ուներ ժողովրդավարական պետության միջազգային դրական վարկ, իսկ Ադրբեջանի բանտերում հարյուրավոր քաղբանտարկյալներ էին հեծում, Հեյդար Ալիեւը պատրաստ էր փոխզիջման, քանի որ ցանկանում էր իշխանությունը որդուն հանձնել պակաս պրոբլեմներով, Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ռազմական ներուժը համեմատելի էին, անգամ առավել Ադրբեջանից, Հայաստանը կարող էր լիարժեք ներգրավվել նավթի, գազի, երկաթուղու ծրագրերում: 8 տարի առաջ, իշխանատենչության մոլուցքով կուրացած, սրանք չտեսան քաղաքական լուծման հարմար պահը: Խաբուսիկ է, թե այսօր առաջարկվող պայմանները նույնն են, ինչ 8 տարի առաջ՝ գրավված տարածքներից հայկական զորքերի դուրս բերում, ադրբեջանցի փախստականների վերադարձ իրենց տները, կարգավիճակի որոշարկման հետաձգում: Բայց, ներեցեք, որտե՞ղ են 98-ի հեղաշրջման կազմակերպիչների 8 հազար քառ կմ տարածքով անկախ Ղարաբաղի ծրագիրը, ու՞ր կորավ «կա՛մ միացում, կա՛մ անկախություն» պոռոտ կարգախոսը: Թե՞ դրանք կորան իշխանության ու փողի դյութանքների մեջ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել