Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը պլաստիլինից չէ»

Սեպտեմբեր 14,2005 00:00

«Մարդը պլաստիլինից չէ» Հայ աղջիկները ուզում են ունենալ Բրիթնի Սփիրսի քթից «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմածնոտային ծառայության ղեկավար Արա Հայրապետյանը մեկ տարում վիրահատել է մոտ 200-300 քիթ: «Մեծ քթերը մեր ազգի պրոբլեմն են: Վիրահատության են դիմում 14-60 տարեկանները, հիմնականում՝ կանայք: Իսկ ավելի հաճախ հանդիպող տարիքը 16-27-ն է»,- ասաց արդեն 500 վիրահատություն կատարած դիմածնոտային վիրաբույժը: Պլաստիկ վիրահատությունները «ռիսկի» հետ են կապված, որովհետեւ կարող են լինել էսթետիկ եւ շնչառության հետ կապված որոշ բարդություններ, ինչը չժխտեց նաեւ մեր զրուցակիցը: Առանձնակի բարդ է լինում, երբ դիմում են վիրահատության երկրորդ, երրորդ անգամ: «Եթե բժիշկը ազնիվ է, նա իր մեղքով կատարվող երկրորդ վիրահատության համար գումար չի պահանջի: Վիրահատության արդյունքը հիմնականում երեւում է 6 ամիս կամ 1-2 տարի հետո: Իսկ փորձված աչքը կարող է տեսնել մեկ ամիս անց»,- պարզաբանեց պարոն Հայրապետյանը: Մեր այն հարցին, թե տղամարդիկ դիմո՞ւմ են ձեզ՝ գեղեցկանալու համար, նա պատասխանեց. «Քիչ է պատահում: Նրանք հիմնականում գալիս են շնչառական խնդիրների համար՝ ծուռ միջնապատի, ավելորդ մսի դեպքում կամ վթարից հետո, երբ քիթը վնասված է լինում»: Այսինքն, հայ տղամարդիկ իրենք իրենց կամքով շատ հազվադեպ են դիմում պլաստիկ վիրաբույժներին: Պարոն Հայրապետյանը նշեց, որ իրենք հիվանդի հետ շփվելիս նախ հաղթահարում են հոգեբանական արգելքները. «Շատ աղջիկներ, որոնք տառապել են մեծ քթի պատճառով, ուզում են կարծես ջնջել այն: Հաճախ չեն հասկանում, որ շատ փոքր քիթը իրենց դեմքին չի սազում: Եթե չեն լսում իմ խորհուրդը, ես հրաժարվում եմ՝ ցանկացած գումարի դեպքում: Գալիս-ասում են՝ Բրիթնի Սփիրսի քթից եմ ուզում ունենալ՝ առանց հասկանալու, որ դա իրենց դեմքի համար չէ: Մարդն ի սկզբանե ասիմետրիկ է, նույնիսկ ամենագեղեցիկ կինը համաչափ չէ: Գալիս, 100 տոկոսանոց սիմետրիա են պահանջում. մարդը պլաստիլինից չէ»: Ըստ բժշկի, լինում են դեպքեր, երբ հիվանդը վիրահատությունից հետո համակարգչի մեջ իր նոր կերպարը տեսնելիս սկսում է ուրախությունից ու հուզմունքից լաց լինել. «Իմ խորհուրդն է՝ եթե որոշել ես դիմել պլաստիկ վիրահատության՝ ձեւափոխել քիթը, շրթունքները, կոպերը, պետք է բժշկից պահանջես առնվազն 50 վիրահատվածների ֆոտոներ՝ վիրահատությունից առաջ եւ հետո: Բացի այդ, կարեւոր է ճշտել բժշկի անցած ուղին, ինչու չէ՝ զրուցել արդեն վիրահատված հիվանդի հետ, նոր միայն դիմել այդ քայլին»: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ վիրահատված աղջիկների 60%-ը մեկ տարվա ընթացքում ամուսնանում է: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել