Լրահոս
Օրվա լրահոսը

7000 դոլարը շա՞տ է, թե՞ քիչ

Սեպտեմբեր 14,2005 00:00

7000 դոլարը շա՞տ է, թե՞ քիչ Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում սկսեցին ծանրութեթեւ անել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Վարդան Մովսիսյանի իրավահաջորդի ներկայացուցչի քաղհայցի չափը (7000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ): Հիշեցնենք, որ այն վերաբերում է հանցագործության հետեւանքով պատճառված նյութական վնասին՝ ներառյալ հուղարկավորության, ծիսակատարությունների, ինչպես նաեւ նախաքննության եւ դատաքննության ժամանակ կատարված ծախսերը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ Խաչիկ Ալեքսանյանը, որպես վերը նշված հայցաչափի հիմնավորում, դատարանին ներկայացրեց տուժողի բնակության վայրի՝ Մեծ Մազրիկի գյուղապետարանի կողմից վավերացված տեղեկանքը, որտեղ նշված էր տեղեկատվություն ողջ գյուղի 600 տնտեսությունների (1050 ծխով) եւ հուղարկավորության ու մյուս արարողակարգերին (յոթ, քառասունք) նրանց մասնակցության վերաբերյալ: Կից ներկայացված էին նաեւ տրանսպորտային ծախսերը՝ սկսած 2004թ. հոկտեմբերի 28-ից (դիակի հայտնաբերման օրվանից), արարողակարգերի ժամանակ կատարված ծախսերի հաշվարկները, դիակի տեղափոխման, հանդերձավորման, գերեզմանի հարդարման ծախսերը: Պաշտպանները հարցեր չունեին: Մեղադրող կողմը՝ Ժաննա Կոտիկյանը, հարց ուղղեց ներկայացուցչին, թե ինչպե՞ս կարող էր գյուղապետարանը տեղյակ լինել այդ ծախսերին: Դատավոր Խաչիկ Բաղդասարյանն էլ շարունակեց հարցը. «Գյուղապետարանը իրավասություն ունե՞ր նման տեղեկանք տալու»: Տուժողի ներկայացուցիչն ասաց. «Եթե տվել է՝ ուրեմն իրավունք ուներ»: Հարց հնչեց նաեւ՝ պետությունից որեւէ օգնություն ստացե՞լ են, թե՞ ոչ: Տուժողի մայրն ասաց, որ պաշտպանության նախարարության սոցվարչությունից ստացել են $1500: Իսկ այն հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվել գերեզմանում, մայրն ասաց. «Միայն քարն ենք պատվիրել, որն արժե $2000: Մնացածն անելու ուժ չունենք»: Այնուհետեւ հարցերը շարունակեց ամբաստանյալներից մեկի օրինական ներկայացուցիչը. «Ծխի անդամները ոչինչ չե՞ն բերել»: Դատարանում բարձրացած աղմուկը թույլ չտվեց լսել պատասխանը: Հաջորդ հարցին ի պատասխան՝ տուժողի մայրն ասաց, որ ինստիտուտը ցանկացել է զինվորական շորերով հուղարկավորել սպանված կուրսանտին, սակայն հայրը չի համաձայնել եւ ինստիտուտը միայն դագաղի հարցն է լուծել: Արման Եղոյանի պաշտպան Տարիել Քիշմիրյանը կարծիք հայտնեց, որ քաղհայցի չափն այնքան էլ հիմնավորված չէ, եւ ծախսերը կարող էին տատանվել $2500-ի սահմաններում: Դատավորը հարցրեց. «Հայցը հիմնավորելու համար կա՞ն այլ անդորրագրեր կամ փաստաթղթեր»: Տուժողի ներկայացուցիչը բացասաբար պատասխանեց, իսկ գերեզմանաքարի մասով խոստացավ փաստաթուղթ բերել: Դատական նիստը հասավ դատական վիճաբանության փուլ եւ հայտարարվեց մեկշաբաթյա ընդմիջում: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել