Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Սեպտեմբեր 20,2005 00:00

Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Բուհում հարցի պատասխանը չեն գտնում Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սոս Սարգսյանի հրաժարականի դիմումը ԿԳ նախարարը երեկ, ցերեկվա տվյալներով, դեռ չէր մակագրել: Երեկ ո՛չ ռեկտորը, ո՛չ նրա մտերիմ մարդիկ այս թեմայով խոսելու ցանկություն չունեին՝ գոնե պաշտոնապես: Մասնավոր զրույցներում բուհի պրոֆեսորադասախոսական կազմը կարծիք էր հայտնում, որ Սոս Սարգսյանի պարագայում կարելի էր բացառություն անել՝ հաշվի առնելով բուհի առանձնահատկություններն ու Սոս Սարգսյանի անձը: Բայց նախ անդրադառնանք այն դրդապատճառներին, ինչը Սոս Սարգսյանին մղեց հրաժարականի ու վիրավորանք հարուցեց: ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ «Այս ռեկտորները, ում ղեկավարման ժամկետը վաղուց լրացել է, պատրաստ են նույնիսկ քաղաքական անկայունության գնալ, խառնաշփոթ ստեղծել կրթական համակարգում, միայն թե մի քանի ամիս ավելի մնան իրենց աթոռներին»: Թեմայի շարունակության եւ հետագա հրապարակումներում էլ երեւում էր, թե խոսքը հատկապես որ բուհերի ղեկավարներին է վերաբերում, մանավանդ, երբ ԵՊՀ գիտքարտուղարն էլ մեզ հետ զրույցներում հաստատեց այն փաստը, որ ուսանողության շրջանում արդեն ներքին իրարանցում է, ու հնարավոր է՝ դասադուլներ էլ սկսվեն: Եվ ընդհանրապես, արդեն շուրջ 2 շաբաթ ստեղծված այս իրարանցումներում ամենաքիչը հնչել է Սոս Սարգսյանի անունը: Նույնիսկ առանձին ռեկտորների հետ մեր զրույցներում նրանք մատնացույց են արել իրենց բախտակիցներին՝ շրջանցելով Սոս Սարգսյանին. հասկանալի է՝ հաշվի առնելով նրա վաստակը եւ այլն: Սակայն այստեղ խնդիրը օրենքի կատարման մասին է, եւ ամենակարեւորը՝ այն մասին, թե ով կփոխարինի Սոս Սարգսյանին: Օրենքի պահանջի կատարման հարցում էլ պաշտոնյաներն ամենավերջինը տվել են Սոս Սարգսյանի անունը: Այնպես որ՝ նրա անվան հետ խաղալու մասին խոսք լինել անգամ չի կարող, ինչպես ինքն էր վիրավորված նշել: Բուհի ուսանողները (նրանցից ներկայացավ միայն մի տղա՝ Գոռ Վարդանյանը) եւ դասախոսները (նրանցից ոչ մեկն իր անունը չնշեց), դեռեւս Սոս Սարգսյանի տեղում որեւէ մեկին չէին տեսնում, իսկ մինչ այժմ հնչած թեկնածուների վարկածը պարզապես անհեթեթ էին համարում՝ Ռուբեն Միրզախանյան, Ռոլանդ Շառոյան եւ այլն: «Նա մեզ համար հեղինակություն է, եւ մենք մեր բոլոր քայլերն անում ենք՝ հաշվի առնելով նրա կարծիքը, մտածողության ձեւը եւ հայացքները, ինչպես մեր ընտանիքներում՝ պապիկներին»: Ի դեպ, ուսանողները պնդում են, որ մտավախություն ունեն, որ Սոս Սարգսյանից հետո ով էլ գա, չի կարող այնպես անել, որ գոնե միջանկյալ քննություններում կաշառակերություն չլինի: Ուսանողները պատրաստ էին բողոքի ակցիա կազմակերպել, եթե միայն դրանից չբարկանար Ս. Սարգսյանը: Մտավախություններից մեկն էլ այն է, որ բուհերի ռացիոնալացման՝ գլոբալացման արդյունքում հնարավոր է՝ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը միացնեն արվեստի մյուս բուհերին եւ արդյունքում տուժի արվեստը: Որովհետեւ, ըստ իմ զրուցակիցներից մեկի, «այդ օպտիմալացումը միայն տարածքի խնդիր է, որպեսզի մի շենք էլ վաճառեն: Հետո կասեն մեզ պետք է մեկ ջութակահար, մեկ դերասան, մեկ ռեժիսոր եւ վերջ, ու չբացահայտված շատ տաղանդներ կտուժեն դրանից: Իսկ պատահական մարդը, ռեկտոր դառնալով, մտածում է ոչ թե մակարդակի մասին, այլ՝ թե ինչպես շենքը մաս-մաս ծախի»: Բուհի աշխատակիցները հիշում էին, թե ինչ էր բուհի ներսում Սոս Սարգսյանից առաջ՝ նաեւ շենքային պայմանների առումով: Նրանցից մեկը պատմում էր, որ 1998 թ., երբ ռեկտոր էր Վահե Շահվերդյանը, արտասահմանցի մի ուսանող շարադրություն էր գրել դժոխքի եւ դրախտի թեմայով: Եվ դժոխքը նա համեմատել էր իրենց բուհի զուգարանի հետ, իսկ այն, ինչ այդ զուգարանից դուրս էր՝ անվանել էր դրախտ: Բուհի կանոնադրությունը, որ մշակվել է 2 տարի առաջ, պահանջում է, որ բուհի ռեկտորը վերջին 10 տարիներին այդ բուհում աշխատած անձ լինի: Իսկ կանոնադրական նոր փոփոխությունների մասին բուհի գիտխորհուրդը մի քանի օր առաջ առաջարկություններ է ներկայացրել ԿԳՆ՝ ընդգծելով իր կարծիքը, թե խորհրդի կազմում բուհը պետք է ներկայանա առնվազն 75 տոկոսով, որպեսզի ժողովրդավարությունը պահպանվի: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930