Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 29,2005 00:00

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍԹԱՓԵՑՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ» Ասում է ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրակեղծիքների եւ ապօրինությունների համար մշակվում են նոր տեխնոլոգիաներ, եւ իշխանությունները սահմանադրական հանրաքվեից առաջ պարզապես զբաղված են այդ նոր տեխնոլոգիաների փորձարկմամբ: Այս կարծիքին է ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը. «ՏԻՄ ընտրությունները փորձ էին սահմանադրական հանրաքվեն կեղծելու այն չափով, ինչ չափով անհրաժեշտ է: Սա փորձ է, ես կասեի, իշխանությունների կողմից ինչ-որ առումով նաեւ հաջողված փորձ: Կատարվեցին կեղծիքներ, բռնություններ, նույնիսկ՝ սպանություն: Ի՞նչ ասես, սա նշանակում է, որ արդեն իրենց ամեն ինչ կարելի է, դեռ կտեսնենք, թե դատավարությունը ինչպես կընթանա, բայց զարմանալի է, որ արդեն նկատելի են արդարացման փորձեր: Դա այս հասարակության ողբերգությունն է, եւ որքան էլ ցավալի է, այսքան վատ վիճակ ես չեմ տեսել նույնիսկ «Հոկտեմբերի 27»-ից հետո: Ինչո՞ւ, որովհետեւ այն ժամանակ կային սպասելիքներ, որ հասարակությունը, ժողովուրդը դա չի հանդուրժի, իսկ այսօր անհանդուրժողականության մթնոլորտ չկա, ճահիճ է, եւ սա ամենատխուրն է, եւ ավելի տխուր է, երբ այս ճահճի պայմաններում փորձում են ազգային նշանակության, խոսքս Ղարաբաղի խնդրի մասին է, հարցեր լուծել, եւ դա անում են ժողովրդից գաղտնի»: Սակայն այս դեպքում ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը, ո՞վ է ճահճից դուրս բերելու նույն հասարակությանը: Նշանակո՞ւմ է սա, որ ընդդիմությունը եւս ելքեր չի տեսնում: Մեր հարցին ի պատասխան՝ պարոն Զաքարյանը ասաց. «Ելքը այս ամենի հետ չհամակերպվելն է, իսկ ընդդիմությունը այս ամենի հետ չի համակերպվում, բայց այնքան բացասական բաներ են գումարվել, որ մեր հասարակությունը հայտնվել է շատ վատ վիճակում, եւ հիմա սթափեցնող քայլեր են պետք: Ընդդիմությունը պիտի փորձի դա անել: Բայց սա միայն ընդդիմության խնդիրը չէ, սա ժողովրդի խնդիրն է, որովհետեւ մեր առջեւ շատ վտանգներ կան: Եվ այս վիճակում ընդդիմության առաջին գործը պիտի լինի հասարակությանը սթափեցնելը»: Ըստ ամենայնի, սթափեցման առաջին քայլը լինելու է սահմանադրական հանրաքվեն, որից, սակայն, ընդդիմության եւ իշխանության սպասելիքները տարբեր են: Իշխանության ներկայացուցիչները վերջին շրջանում անմիջական կապ են տեսնում Ղարաբաղի հարցի կարգավորման եւ սահմանադրական հանրաքվեի հաջողության հետ: Նույնիսկ չի թաքցվում, որ սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացումը անպայման կազդի ղարաբաղյան հարցի կարգավորման վրա: ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանին հարցրինք, թե իր կարծիքով ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունների այս գործելաոճը. «Նրանք կրկնում են մեր խոսքը, մենք միշտ էլ շեշտել ենք, որ ժողովրդավարական Հայաստանը ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծման ամենամեծ պայմանն է: Երբ իրենք ասում են, որ այս Սահմանադրությունը քայլ է դեպի ժողովրդավարություն, հենց դա էլ նկատի ունեն, այսինքն՝ կրկնում են մեր ասածը: Սակայն, օրինակ, Մոլդովայում սահմանադրական փոփոխություններով ընդդիմությանը գերակայություն է տրվում ընտրական հանձնաժողովները ձեւավորելու հարցում, պարզ երեւում է, որ այդ պետությունը ուզում է իսկապես ինտեգրվել եվրոպական արժեքներին: Իսկ մեզ մոտ պարզ երեւում է, որ այս իշխանությունները պարզապես իմիտացիոն քայլեր են անում ժողովրդավար երեւալու համար»: Ստեփան Զաքարյանի կարծիքով՝ ղարաբաղյան հարցի կարգավորման այս փուլում «ակնհայտ է փաթեթայինից ծածուկ փուլայինի անցումը, եւ չի էլ թաքցվում, որ սկզբնական փուլում զիջելու են, այսպես կոչված, «գրավյալ տարածքները», եւ տարօրինակ է, որ այս մասին խոսում է նույնիսկ պաշտպանության նախարարը, որը, կարծում եմ, պետք է բոլորովին հակառակն ասի՝ բանակի մարտունակությունը, ներքին կայուն վիճակն ապահովելու համար: Բացահայտ է, որ հայկական կողմը պատրաստվում է սկզբնական փուլում տալ տարածքները, եւ հարց է, թե սրա դիմաց ինչ է տալու Ադրբեջանը: Վերջերս շարունակ խոսվում է հանրաքվեի մասին, եւ հայկական կողմին փորձում են այս հարցի հետ կապված ոգեւորել, սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչպես է անցնելու այդ հանրաքվեն: Եվ հետո, ոչ մի երաշխիքի մասին խոսք չկա: Ի՞նչ երաշխիք կարող է լինել, պարզ է, որ պիտի դրվի փախստականների խնդիրը, եւ պարզ է, որ Ադրբեջանը միշտ էլ կարող է ետ կանգնել հանրաքվեի գաղափարից: Ակնհայտ է, որ սա փուլային լուծում է, քանի որ փաթեթայինը ենթադրում է միանգամից Ղարաբաղի կարգավիճակի ընդունում: Եթե ետ գնանք մինչեւ 98 թիվը, կհիշենք, որ Ռոբերտ Քոչարյանը իշխանության եկավ այն պլատֆորմով, որում խոսք անգամ չկար զիջումների մասին եւ կարեւորվում էր միայն եւ միայն Ղարաբաղի կարգավիճակի ընդունումը: Այսօրվա իրավիճակը շատ վտանգավոր է, քանի որ իշխանությունները տեսնելով գունավոր հեղափոխությունների շքերթը՝ անմիջապես որդեգրեցին ժողովրդավարացման իմիտացիա անելու գործելակերպը»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել