Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամատիկի

Սեպտեմբեր 29,2005 00:00

Դրամատիկի նոր թատերաշրջանը Հոկտեմբերի 1-ին Հ. Ղափլանյանի անվան Երեւանի դրամատիկական թատրոնը կբացի իր 37-րդ թատերաշրջանը: Երեկ թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Խանդիկյանը հրավիրել էր մամլո ասուլիս: «36-րդ թատերաշրջանում ստեղծվեց Շեքսպիրի «Մակբեթը», մանկական մեկ ներկայացում՝ «Կանգ առ, երկրագունդ», որը խաղացվել է ընդամենը երկու անգամ»,- ասաց Ա. Խանդիկյանը: 2004-ին «Մակբեթը» նվաճեց Թատերական գործիչների միության «Արտավազդ» գլխավոր մրցանակը: Այն Հակոբ Ղազանչյանի օգնությամբ ներկայացվեց Լեհաստանի Գդանսկ քաղաքում օգոստոսի 6-13-ը կայացած շեքսպիրյան փառատոնում: Այն, ըստ պարոն Խանդիկյանի, տասնամյա պատմություն ունեցող բավականին լուրջ փառատոն է, որին 2004-ին մասնակցել է աշխարհի 18-20 երկիր: «Թատրոնի շփումը այլ երկրների հետ ուղղակի անհրաժեշտ եմ համարում եւ այդ առումով ողջունելի է, որ Հայաստանում կայանում են «Արմմոնոն» ու «Հայֆեստը»: «Մակբեթը» կներկայացվի մյուս տարի Մոսկվայում կայանալիք Հայ մշակութային օրերի ծրագրում: Ես շատ կուզենայի, որ մեր թատերախումբը հաճախ հանդես գա Մոսկվայում: Այնտեղ ամեն ինչ աշխույժ է եւ, ի տարբերություն մեզ՝ բարձր մակարդակի է թատերաքննադատությունը: «Մակբեթը» ներկայացված է նաեւ պետական մրցանակի: Կշահի՞, թե՞ ոչ՝ հայտնի չէ»,- ասաց Ա. Խանդիկյանը: Վերադառնալով թատրոնի խնդիրներին՝ գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ Շեքսպիրի «Մակբեթը», Պ. Զեյթունցյանի «Կանգ առ, երկրագունդը» եւ Հ. Մաթեւոսյանի «Չեզոք գոտին» ֆինանսավորել է ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը: Վերջինի համար պետպատվերով հատկացվել է 10 մլն դրամ: Աշխատանքները ընթացքի մեջ են եւ 80 տոկոսով արդեն պատրաստ: «Գործը բավական բարդ ու խորիմաստ է իր մոտեցմամբ, տեսակով, ոճով շատ է տարբերվում վարպետի արդեն բեմադրված այլ գործերից: Եթե չեմ սխալվում՝ Մաթեւոսյանի միակ գործն է, որ գրված է երկխոսության ոճով»,- ասաց պրն Խանդիկյանը: Թատրոնի խաղացանկում կա 15 գործ, նախատեսվում է 5-ով թարմացնել: Հոկտեմբերի 30-ին տեղի կունենա «Չեզոք գոտի» ներկայացման պրեմիերան, որը նվիրվում է Հ. Մաթեւոսյանի ծննդյան 70-ամյակին: Նոյեմբերի 10-15-ը պատրաստ կլինի «Միսյո Ամիլկարը», այն 20 տարի առաջ բեմադրել է Գուժ Մանուկյանը եւ այժմ էլ ու գլխավոր դերում դարձյալ սիրված դերասանն է: Փետրվարին կներկայացվի բուլղարացի դրամատուրգի «Գնդապետ Թռչունը», որը բեմադրում է երիտասարդ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը: «Թող զարմանալի չթվա, սակայն որոշել ենք իրականացնել թատրոնի նկարիչ Կարեն Գրիգորյանի մտահղացումը, բեմադրել Անտուան դ՛Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Այժմ բանակցություններ են տարվում մի շատ սիրելի բեմադրիչի հետ, որը մեզ մոտ չի աշխատում: Գլխավոր դերում հանդես կգա Հրաչյա Հարությունյանը: Մեր ծրագրում կա Չեխովի «Իվանով» պիեսը, որը բեմադրելու եմ ես: Այն ռուս իրականության մեջ շատ քիչ է խաղացվել, իսկ հայ թատրոնում, չգիտեմ՝ անդրադարձե՞լ են, թե՞ ոչ: Վլադիմիր Մսրյանի հետ մտահղացել ենք բեմադրել «Ռիչարդ Երրորդի» հիման վրա շեքսպիրյան գործերից մի ներկայացում»,- տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Ռ. ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել