Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը

Հոկտեմբեր 07,2005 00:00

Նախագահը բավարարվեց, անդամները՝ ոչ 67-ամյա Հռիփսիմե Ավագյանը Գեղարվեստի ակադեմիայում բնորդուհի էր աշխատում՝ արդեն 8 տարի: Այս տարվա հունվարին նրա հետ պայմանագիր չեն կնքել՝ սոցքարտից հրաժարվելու պատճառով: Երեկ կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել էին «Ընդդեմ մարդկանց համարակալման» միության դեռեւս անկոտրում անդամները: Հիշեցնենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջնորդությամբ շուրջ ամիսուկես առաջ սոցքարտերի վրայից հանվեցին կոդավորման գծիկները եւ աղավնու պատկերը, ինչն ասոցացվում էր սատանայական 666 թվի հետ: Այս փոփոխությունը, սակայն, ոչ բոլորին է բավարարել: «Մենք չգիտենք, թե ինչպես Խաչիկ Ստամբոլցյանն ինքն իրեն ընտրեց մեր շարժման նախագահ, պահանջներ ներկայացրեց ու բավարարվեց դրանց լուծումով: Իսկ մեր հիմնական պահանջը մնաց չբավարարված՝ քարտ ստանալը դարձնել կամավոր հիմունքով: Դա կլուծի մնացած բոլոր խնդիրները»,- «Առավոտի» հետ զրույցում ասացին հավաքվածները: Նրանց ասելով, իրենք բոլորն էլ հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են: Այսինքն՝ աղանդների հետ կապ չունեն: Գրեթե բոլորն էլ, միմյանց հերթ չտալով, ուզում էին անուն-ազգանունով ներկայանալ ու ասել, թե ինչքան վատ են ապրում առանց աշխատավարձի, թոշակի ու նպաստի, որովհետեւ ապրուստի այլ միջոց չունեն: Բայց հաստատակամ պնդում էին, որ «քարտ չենք ստանալու»: Նախարարության կատարած փոփոխությունից հետո «չհամարակալվողներից» շատերը, սատանայի ձեռքն ընկնելու վտանգն անցած համարելով, ստացան սոցքարտ: Բայց մի մասը շարունակում է մասնակցել բողոքի ցույցերին: Որքա՞ն է քարտ չստացածների թիվը՝ այս հարցին տարբեր գերատեսչություններ տարբեր պատասխաններ են տալիս: Միության շահերը պաշտպանող Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի նախագահ Գեւորգ Մանուկյանի ասելով՝ «մի 7 հազար մարդ դեռ մնացել են շարժման մեջ, բայց ցույցի քչերն են դուրս գալիս, շատերին էլ գիտեմ, որ տանը սովից անձայն մահացել են՝ հավատքը թույլ չի տվել բողոքել, իսկ իշխանությունները կարծում են, թե բողոքողների թիվը քչացել է»: Պաշտպանը մի բացահայտում էլ արեց. «Երեւանում էլ, մարզերում էլ դեպքեր կան, որ մարդու համար քարտը պատրաստել են՝ առանց նրա գիտության, եւ թոշակն անընդմեջ տվել են՝ ի զարմանս իրեն ու մնացածի»: Միության անդամները «սպառնացին» ամեն հինգշաբթի հավաքվել կառավարության շենքի մոտ՝ մինչեւ իրենց պահանջը չլուծվի: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել