Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՋՄԻԱԾԻՆԸ

Հոկտեմբեր 14,2005 00:00

«ԷՋՄԻԱԾԻՆԸ ՄԱՆՎԵԼԻ ՀԱՄԱՐ ՈՉ ԱՂԴԱՄ Է, ՈՉ ՖԻԶՈՒԼԻ» Ասում է Վաղարշապատի քաղաքապետի նախկին թեկնածու Սուսաննա Հարությունյանը Առաջիկա կիրակի օրը Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Պայքարն ընթանում է երկու թեկնածուների՝ նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Երվանդ Աղվանյանի եւ ՀՀ ՊՆ փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առաջադրած՝ անկուսակցական Գագիկ Ավագյանի միջեւ։ Քաղաքապետի նախկին թեկնածու եւ հօգուտ Ե. Աղվանյանի ինքնաբացարկ հայտնած Սուսաննա Հարությունյանը փորձեց ներկայացնել այն, ինչ այս օրերին կատարվում է Էջմիածնում: Նրա ասելով՝ բոլոր այն օրերին, երբ քարոզարշավի շրջանակներում հեռուստաընկերությունների եթերով հանդես են գալիս Ե. Աղվանյանը կամ նրա շտաբի ներկայացուցիչները, հատկապես եթերի ժամերին ողջ Էջմիածինը հոսանքազրկվում է: Մի բան, որ տեղի չի ունենում Գ. Ավագյանին սատարողների, ասենք՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հեռուստաելույթների ժամանակ: «Եթե առաջադրված մյուս թեկնածուն՝ նախկին գործակատար Գ. Ավագյանը էլցանցի պետը չլիներ, մեզ դա, գուցեեւ, չզարմացներ»,- մեր զրույցի ժամանակ նկատեց տիկին Հարությունյանը: Վերջինս առանձնացրեց գեներալի թեկնածուին աջակցող մեկ պատգամավորին, թեեւ հայտնի է, որ Գ. Ավագյանին սատարող պատգամավորների ու գեներալների թիվն ավելի մեծ է. ԱԺ պատգամավորներ Հրանտ Գրիգորյան, որը Մանվել Գրիգորյանի եղբոր որդին է, Առաքել Մովսիսյան՝ «Շմայս», գեներալ-լեյտենանտներ Սեյրան Սարոյան եւ Գագիկ Մելքոնյան: Եթե այս «բանակին» հավելենք նաեւ մարզպետ Ալբերտ Հերոյանի անունը՝ պատկերն ավելի ամբողջական կդառնա: «Այսինքն՝ մենք ոչ թե մի թեկնածուի հետ ենք մեջլիսի մտել, այլ Արմավիրի «գեներալիտետի»: Այսօր նրանք են պաշտպանում այդ թեկնածուին (Գ. Ավագյանին- Ն. Մ.), իսկ էջմիածինցիներն ուզում են, որ իրենց քաղաքապետը գոնե գրագետ մարդ լինի»,- ասաց նախկին թեկնածուն: Իսկ քաղաքապետի թեկնածու Գ. Ավագյանի ու նրա շտաբի վարած քարոզարշավը, Ս. Հարությունյանի ներկայացմամբ, շատ ինքնատիպ է. «Նա կարող է առավոտյան ժամը 11-ին քացով բացել ցանկացած դպրոցի դուռն ու հավաքել ուսուցիչներին՝ պարտադրելով քարոզչություն անել իր օգտին: Ու քանի որ ինքն էլ խոսել չգիտի՝ նրա փոխարեն խոսում է Հակոբ Հակոբյանը: Հրանտ Գրիգորյանն էլ գյուղի դպրոցների ուսուցիչներին, որոնք որեւէ կապ չունեն քաղաքապետի ընտրության հետ, պարտադրաբար բերում-լցնում է ակումբ՝ ցույց տալու համար, թե Գ. Ավագյանն ինչքան կողմնակիցներ ունի: Մենք՝ Ե. Աղվանյանի շտաբի ներկայացուցիչներս ու մասնավորապես՝ ես, հորդորել ենք եւ ՀՀ նախագահին, եւ պաշտպանության նախարարին՝ խնդրելով, որ թույլ տրվի մարդկանց գնալ ընտրության եւ ազատորեն ընտրել այն թեկնածուին, ում իրենք ուզում են: Մենք երեկ հայտարարել էինք, որ մեր համակիրների հետ հավաքվելու ենք քաղաքի հրապարակում, բայց մեզ թույլ չտվեցին՝ ասելով, որ երեք օր հրապարակում մյուս թեկնածուն՝ Գ. Ավագյանը, համերգ է կազմակերպել»: Երեկ Ե. Աղվանյանի նախընտրական շտաբը նամակով դիմել է ՀՀ եւ ԱԺ նախագահներին եւ ՀՀ գլխավոր դատախազին: «Այստեղ թույլ են տրվում արարքներ, որոնք չեն տեղավորվում օրենքի շրջանակներում»,- ասված է նամակում, որտեղ շեշտվել են գեներալ Մանվել Գրիգորյանի (իր զինվորներով), Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանի, ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Հրանտ Գրիգորյանի անունները, որոնք «հովանավորելով թեկնածու Գագիկ Ավագյանին՝ խոչընդոտում են քաղաքապետի մնացյալ թեկնածուների մուտքը դպրոցներ եւ բուժհաստատություններ»: Ս. Հարությունյանն էլ երեկ հավելեց, թե Արմավիրի մարզպետը «աշնանացան աշխատանքները թողած ամբողջ օրը Գ. Ավագյանի շտաբում է նստած ու սրան-նրան կանչում, ահաբեկում է, թե աշխատանքից կհանեն, եթե չքարոզեն կամ չընտրեն Գ. Ավագյանին»: Մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք Ե. Աղվանյանի շտաբի ներկայացուցիչները փորձե՞լ են տեղի ունեցող օրինախախտումների վրա հրավիրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ուշադրությունը: «Ինչի՞ մասին է խոսքը: Երեկ ինքս մի քանի անգամ զանգել եմ ԿԸՀ, ինձ ասացին, որ ոչ մեկը չկա, բոլորը մարզերում են»,- ասաց տիկին Հարությունյանը: Այդուհանդերձ, նա վստահեցրեց, որ քաղաքի բնակիչները վախեցած չեն այն ամենից, ինչ կատարվում է Էջմիածնում. «Ժողովուրդը ոգեւորված է: Նրա ուզածը շատ պարզ բան է՝ այն 2 կմ-ը, որ նա պետք է կտրի անցնի քաղաքի մի ծայրից մյուսը՝ անվտանգ անցնի: Հիմա ոչ ոք երաշխավորված չէ, որ քաղաքով քայլելիս իր հետ որեւէ բան չի պատահի, որ գեներալի մեքենաների շարասյանը չի հանդիպի ու ծեծ չի ուտի»: Հայտնի է նաեւ, որ քաղաքապետի մյուս թեկնածու Երվանդ Աղվանյանն էլ մի երեւելի վարկանիշ չունի քաղաքի բնակչության շրջանում, որ նրա քաղաքապետության օրոք էլ անօրինականություններ են եղել: Ուրեմն, ինչո՞ւ են մարդիկ կանգնել հենց նրա կողքին: «Էստեղ քաղաքապետի խնդիրը չէ: Այսօր էջմիածինցիներն ընդամենը մի խնդիր ունեն՝ Էջմիածինը չդարձնել Արշալույսի գաղութը կամ ֆազենդան: Մենք ուզում ենք, որ աթոռանիստ մեր քաղաքը չկոչվի գեներալների քաղաք, այլ իսկապես դառնա հոգեւոր մայրաքաղաք: Մենք դրա համար ենք աշխատում: Գեներալներն էլ չպետք է մանրանան ու դուրս գան իրենց ժողովրդի դեմ: Իսկ հիմա մարդկանց կանչում, ասում են՝ գեներալը ձեզ կտանի, կգցի արջի բերան, աշխատանքիցդ կզրկվես»,- պատմեց Ս. Հարությունյանը: Ավելին՝ Ե. Աղվանյանի նախընտրական շտաբից ստացվող ահազանգերի համաձայն, իրենց վստահված անձանց եւ շտաբի անդամներին «գեներալիտետը» մեկառմեկ տանում է «մշակման» եւ տեղեկացնում, որ ընտրությունը լինելու է բաց, քվեաթերթիկները՝ առանց ծալելու: Ս. Հարությունյանի ասելով, էջմիածինցի բոլոր զինծառայողները հանրապետության տարբեր զորամասերից մեկ օրում ութօրյա «արձակուրդ» ստացած եկել են ծնողներին հորդորելու, որ Գ. Ավագյանին ընտրեն: «Մենք արժանի չենք անգրագետ քաղաքապետ ունենալուն: Ես ինքս մի քանի անգամ ասել եմ՝ երեք նախադասություն անսխալ թող գրի, գնամ իրեն պաշտպանեմ: Քաղաքապետը պետք է, չէ՞, գրագետ, կիրթ, լսելու կարողություն ու բարոյական նկարագիր ունեցող մարդ լինի»,- ասում է մեր զրուցակիցը: Այս քաղաքի նախընտրական կոլափսի բաղկացուցիչ մասերից մեկն էլ ընտրական հանձնաժողովներում ստեղծված վիճակն է: Մեր զրուցակցի ասելով՝ այնտեղ բոլոր 9 տեղերը «ծախված» են Գ. Ավագյանին: «Ազգային միաբանության» նախագահ Գեղամյանն ամբողջ օրն արդարությունից է խոսում: Չի՞ ամաչում, իր բոլոր տեղերը ծախեց Մանվել Գրիգորյանին: Նույնն արել է ՀՅԴ-ն, որ հայրենիքի ու հայրենասիրության մասին ճոռոմ ճառեր է ասում: Ապրի ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, որ իր ոչ մի տեղը չծախեց: Մենք հաղթելու ենք նրանց։ Եթե ՀՀ նախագահը չի կարողացել էդ խուլիգանին կերակրել ու մի մարզ է տրվել, որ կերակրվի, մենք դրա դեմ ենք դուրս գալու, թող որ մեզ համար դա վերջին օրը լինի: Էջմիածինը Մանվելի համար ոչ Ֆիզուլի է, ոչ Աղդամ, որ եկել է գրավելու: Մենք ենք էս քաղաքի բնակիչները»,- ասաց Ս. Հարությունյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել