Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԸ

Հոկտեմբեր 22,2005 00:00

ԴԸ ԳՈԼՆ ԷԼ ՉԷՐ ՍԻՐՈՒՄ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԸ Այս զգացումը հատուկ էր ոչ միայն Հիտլերին, այլ նաեւ հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարներից մեկին: Պառլամենտարիզմի մասին Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» գրքից մեր մեջբերումներից հետո ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Գեւորգյանն ուշադրություն հրավիրեց, որ պատգամավորների նկատմամբ նման վերաբերմունք ուներ ոչ միայն նա: Իբրեւ ապացույց՝ այս հատվածներն են պրոֆեսոր Ն. Մոլչանովի «Գեներալ դը Գոլ» աշխատությունից, որը գրված է փաստագրական նյութի հիման վրա: «Դը Գոլն առաջին անգամ դառնում է կաբինետ կազմելու արարողության անմիջական վկա եւ տեսնում ինտրիգների, գործարքների այդ կծիկը, փոխադարձ խաբեության ու պառլամենտական թվաբանության ձեռնածություն անելը: Նա տեսնում է շահախնդրությունների, սնափառության, շահադիտական հաշիվների խաղ: Կարծես թե բոլորը մոռացել էին, որ պատերազմ է, որ Ֆրանսիայի վրա մահացու վտանգ է կախվել: Այդ բոլորը դը Գոլի վրա հրեշավոր ֆարսի տպավորություն է գործում: … Դը Գոլը առաջ էլ խիստ բացասաբար էր վերաբերում պառլամենտական համակարգին: Բայց այն պատկերը, որ Ֆրանսիայի համար այդ ծանր օրերին նա տեսավ, նրան այնպես ցնցեց, որ ամբողջ կյանքում նա զզվանք կպահպանի պառլամենտի նկատմամբ եւ այն կդրսեւորի նույնիսկ այնպիսի իրադրություններում, որոնք ամենեւին չէին արդարացնում նման զգացմունքը: … Պառլամենտարիզմը, դը Գոլի կարծիքով, միշտ եղել է Ֆրանսիայի բոլոր դժբախտությունների պատճառը: …Նա անհրաժեշտ էր համարում, որ գործադիր իշխանությունը, որը կոչված է ամբողջությամբ միայն ողջ հասարակությանը ծառայելու՝ կախում չունենա պառլամենտից, որը միավորում է առանձին հասարակական խմբերի շահերի ներկայացուցիչներին: Այս բոլոր պայմաններն, ըստ նրա, ստիպողաբար պահանջում են, որ պետության ղեկավարը չպատկանի որեւէ կուսակցության, որ նա ինքը նշանակի նախարարներին, որ նա իրավունք ունենա խորհրդակցել երկրի հետ հանրաքվեի կամ խորհրդարան ընտրելու միջոցով, որ նա վերջապես, վտանգ առաջանալու դեպքում լիազորություն ստանա ապահովելու Ֆրանսիայի ամբողջականությունն ու անկախությունը: …Գեներալը սովորել էր բավականին հանգիստ վերաբերվել կառավարության բազմաթիվ ճգնաժամերին: Նա բավարարվում էր միայն սովորական սարկազմներով «ուրվապատկերների թատրոնում», այսինքն՝ պառլամենտում ու կառավարությունում «խաղատիկնիկների» ու «խեղկատակների» փոփոխման առթիվ: …«Ներկա սահմանադրությունը չի ապահովում Ֆրանսիայի վեհությունը, որն իմ միակ հոգսն է եւ իմ կյանքի բարձրագույն նպատակը: Կուսակցությունների վարչակարգը չար աղետ է: Այն խոչընդոտում է արտաքին մեծ քաղաքականություն անցկացնելուն եւ խախտում կայունությունն ու ներքին հանգստությունը»,- ասում էր գեներալը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել