Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

Հոկտեմբեր 22,2005 00:00

«ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ԿՑՈՐԴՆ ԵՆԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ» Զինդատախազության քննիչները կասկածյալին նստեցնում են շամպայնի շշի վրա եւ խփում գլխին, որպեսզի շիշը մտնի նրա մեջ: 2002թ. ԼՂՀ N զորամասում սպանված Անդրանիկ Սիլանյանի մահից հետո նրա մայրը՝ Գոհար Արմենակյանը հիմնադրեց «Զինվորի պաշտպանության կոմիտե» կազմակերպությունը (որը դեռ գրանցված չէ արդարադատության նախարարությունում) եւ սկսեց բախտակից կանանց հետ հետամուտ լինել դատարաններում հայտնվող զինվորների սպանության գործերի ընթացքին: Այսօր նա եկել է մի տխուր ու ցավալի համոզման. «Դատապարտվում են հիմնականում նրանք, ովքեր հանցագործություն չեն կատարել: Կա մի հովանավոր, որը նստած է այդ բոլոր գործերի գլխին եւ ասում է՝ փակեք այն բոլոր ճանապարհները, որոնք տանում են դեպի ճշմարտություն»,- ցավով ու ցասումով արձանագրում է Գ. Արմենակյանը: Կոմիտեի նպատակն է բացահայտել այդ ճշմարտությունը. ինչպես եւ ինչու են զոհվում զինծառայողները խաղաղ պայմաններում: Ըստ տիկին Արմենակյանի՝ սովորաբար գլխավոր հանցանքը կոծկվում է նախաքննության ընթացքում: Դրանում համոզվելու առիթներ նա շատ է ունեցել վերջին երեք տարիների ընթացքում: Ըստ տիկին Արմենակյանի, մինչ օրս թաքցնում են Գ. Արմենակյանի որդու սպանության իրական մանրամասներն ու հանցագործին: Թեեւ, ըստ փաստաթղթերի, «պատիժ կրողը» Ասատուր Բալայանն է, բայց, ինչպես տիկին Գոհարն է տեղեկացնում, իր որդին դեպքից առաջ հորն ասել է մեկ այլ անուն՝ Յաշա Բալայան, որը «պատիժ կրողի» հորեղբայրն է: Բայց իրականում Ա. Բալայանն էլ դատավճռով նշանակված իր պատիժը չի կրում: «Ես ճշտել եմ քրեակատարողական վարչությունում, որ այդպիսի անուն-ազգանունով անձ պատիժ չի կրում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում»,- պարզաբանում է տիկին Արմենակյանը եւ հնարավոր համարում, որ «դատապարտյալը» կարող է գտնվել ԼՂՀ-ում: Այդ հարցը պարզելու եւ կորած անձին հայտնաբերելու նպատակով նա դիմել է պետական տարբեր ատյաններ: Նրան պատասխանել են. «Ղարաբաղը այլ պետություն է: Մենք նրա իրավական գործերին միջամտելու իրավունք չունենք»: «Այդ դեպքում ի՞նչ գործ ուներ իմ զինծառայող որդին ԼՂՀ այլ պետությունում, ո՞ր օրենքով»,- հարցնում է տիկին Արմենակյանը: Բայց ամենից շատ նրան զարմացրել էր ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանի խոստումը. «Ես «քսիվ» կուղարկեմ Հադրութի Գիվիին եւ կիմանանք, թե ով է ձեր տղային սպանել»: Բայց «քսիֆը», հավանաբար, մինչ օրս տեղ չի հասել: Զրուցակիցս մեր ուշադրությունը հրավիրեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 2 կուրսանտների՝ Վարդան Մովսիսյանի եւ Գեւորգ Խնկոյանի սպանության գործերին: «Գ. Խնկոյանին սպանելուց հետո գործը փակել էին որպես ինքնասպանություն: Եթե կեղծիք չկար՝ ինչո՞ւ շտապեց ինստիտուտի տնօրեն գեներալ Միրզոյանը՝ ինքնասպանության վերաբերյալ կնքված տեղեկանք տալ սպանվածի մորը՝ չունենալով նախաքննության արդյունքները: Դրանից հետո շարունակվեց զինդատախազության հորինած հեքիաթը. կանչեցին մորը՝ արի համոզիչ ցուցմունք տուր, որ ձեր տղային ինքնասպանության հասցնողը Երոյան Բաբկենն է եղել»,- պատմում է Գ. Արմենակյանը եւ համոզված եզրակացնում, որ առաջին ատյանի դատարանը զինդատախազության կցորդն է, որովհետեւ որեւէ նոր հանգամանք բացահայտելու փորձ էլ չեն անում: Տուժողների ներկայացուցիչների միջնորդություններին ուշադրություն չեն դարձնում, գործից բացակայում են էական նշանակություն ունեցող տեղեկանքներ, որոնք միջնորդություններով պահանջելու նրանց ջանքերն ապարդյուն են անցնում: Տիկին Արմենակյանը հիշեցրեց նաեւ զինգործով ամբաստանյալներից մեկի դատարանում տված ցուցմունքը, թե ինչպես է նախաքննության մարմինն իրենից ինքնազրպարտչական ցուցմունք կորզել. «Քաղաքացի դատավոր, եթե ձեզ նստեցնեին շամպայնի շշի վրա, հարվածեին գլխիդ եւ շիշը մտներ ձեր մեջ, դուք կստորագրեի՞ք, թե՞ ոչ»: Մեկ այլ դրվագ՝ կրկին դատարանի դահլիճից: Փորձագետը ներկայացնում է փորձաքննության պատասխանը. «Քիմիական նյութ չունենալու պատճառով չենք կարողացել որոշել՝ ստորագրությունը տվյալ անձի՞նն է, թե՞ ոչ»: Հանգամանք, որը կարող է ճակատագիր որոշել: Գ. Արմենակյանը մտահոգություն ունի՝ կապված ՊՆ-ի ազդեցության տակ ընկնող հասարակական կազմակերպությունների հետ: «Ցավոք, կան մայրեր, սեւերը հագնելով՝ համալրում են նախարարության այն գործիչների շարքերը, որոնք թաքցնում են այսօրվա իրականությունը»: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել