Լրահոս
Օրվա լրահոսը

Որ

Հոկտեմբեր 22,2005 00:00

Որ բանակում «չաստ նայող» եւ զուգարան մաքրող չլինի Հարցազրույց բանակի հիմնախնդիրներով զբաղվող հ/կ-ների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ: – Տիկին Մարգարիտա, ե՞րբ է ստեղծվել ձեր կազմակերպությունը: – 1998թ. իմ միակ որդին՝ Արսեն Հարությունյանը զոհվեց բանակում: Չեմ ուզում խոսել իմ վշտի ծանրության մասին: Այդ կորստից հետո ես երդվեցի իմ որդու շիրմի վրա, որ կյանքս նվիրելու եմ զինվորներին, նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը, եւ իմ տղայի կարոտը ես կառնեմ մյուս զինվորներից: Ու ստեղծեցի «Զինվոր եւ օրենք» հ/կ-ն, որտեղ ընդգրկված են զոհվածների մայրեր, այրիներ: Այնուհետեւ ՊՆ-ի նախաձեռնությամբ ստեղծվեց համակարգող խորհուրդ, որի կազմում ընդգրկված են նմանատիպ՝ բանակի ու զինվորի հիմնախնդիրներով զբաղվող հ/կ-ները: Սկզբում ես խորհրդի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահն էի, այնուհետեւ դարձա խորհրդի նախագահ: – Վերջերս ասուլիս էին հրավիրել Մատաղիսի զորամասում կատարված սպանության մեջ մեղադրվողների պաշտպանները, որտեղ մեղադրանքներ հնչեցին ձեր հասցեին, որ դուք կողմնակալ վերաբերմունք ունեք, խանգարում եք դատական նիստերը եւ որ «զինդատախազի մարդն» եք: – Այո, շատերը ինձ չեն սիրում, որովհետեւ ես իրոք շատերին խանգարում եմ թաքցնել ճշմարտությունը: Իմ ներկայությունը դատական նիստերին, իրոք, շատերին խանգարում է կեղտոտ գործարքներ կատարել: Պատահական չեն ինձ տիկին «ԾՏՐՏջ» անվանում: Կոնկրետ Մատաղիսի գործով ես սկսել եմ զբաղվել Նուբարաշենի ՔԿՀ-ում գտնվող Ռազմիկ Սարգսյանից դիմում ստանալուց հետո: Այդ գործի առիթով անգամ եղել եմ ԼՂ-ում եւ գործում մեղադրվող Իվանին անպատիժ չթողնելու համար խնդրել եմ զինդատախազությանը, որ տեղափոխեն Երեւան՝ գործը այստեղ քննելու: Սակայն որպես վկա հանդես եկող Ռ. Ս.-ն առանց կասկածանքի տակ լինելու եւ առանց ճնշման՝ սկսում է խոստովանել իր մեղքը եւ պատմել եղելությունը: Դրանից հետո իմ տուն են գալիս «Բանակ» հ/կ-ի նախկին նախագահ Վաչագան Հարությունյանը մի քանի անձանց հետ եւ ինձ առաջարկում հրաժարվել Մատաղիսի գործից. «Մենք ինչ որ պետք է՝ կանենք»: Ինձ նույնիսկ գումար առաջարկեցին, որից ես, բնականաբար, հրաժարվեցի: Ես չեմ կարող զոհված զինվորի արյան վրա փող աշխատել: Եվ ինչպե՞ս կարող եմ լինել «զինդատախազության մարդը», երբ իմ որդու սպանության գործը դեռ լիարժեք բացահայտված չէ, ես իմ խնդիրներն ունեմ նրանց հետ: Եվ մարդիկ, ովքեր չկարողացան ինձ առնել, ինձ համարում են խոչընդոտ իրենց մութ գործերի մեջ: Իմ նպատակը ոչ թե զինվորին (թեկուզ մեղադրյալ) ցմահ բանտարկության ուղարկելն է, այլ մեկ օջախի ճրագ էլ պահպանելը, եթե, իհարկե, նա զղջում է իր արածի համար: Իսկ երբ որդեկորույս մորն ասում են՝ գնա քարը գրկի նստի, քոնը քարն է, իմ որդին մի քանի տարի կնստի, դուրս կգա, դու քարով մխիթարվի՝ դա արդեն դուրս է բարոյականության բոլոր սահմաններից: – Վերջերս դուք շրջայց կատարեցիք զորամասեր, ի՞նչ իրավիճակ էր տիրում այնտեղ եւ ի՞նչ եզրահանգումների եկաք: – Այո, օգոստոս ամսին մենք եղանք երրորդ բանակային կորպուսում տեղակայված զորամասերում: Սա մեր առաջին այցելությունը չէր: Թեեւ նախորդ այցելությունից հետո նկատեցինք զգալի տեղաշարժ, սակայն բացահայտեցինք մի շարք անցանկալի իրողություններ: Ասեմ, որ մեր այցն անսպասելի էր: Կենցաղային վատ պայմաններ էին Ստեփանավանի զորամասում, մահճակալները հին էին, սանհանգույցը անբարվոք վիճակում էր, կար աղբահանության խնդիր: Այս ամենը զինվորների համար կարող են դառնալ լուրջ հիվանդությունների պատճառ: Մենք տեղում արձանագրեցինք ամեն ինչ եւ պահանջեցինք իրավիճակի բարելավում: 10 օր անց զորամասի հրամանատարի հրավերով նորից այցելեցինք եւ տեսանք զինվորներին նոր զորանոցում, նոր մահճակալներով, աղբը՝ հեռացված: Դիլիջանի զորամասում, մեղմ ասած՝ անմխիթար վիճակում էր ճաշարանը, իսկ սննդամթերքը փչացած էր (սառնարանի անսարքության պատճառով): Բուժհանձնաժողով կանչեցինք եւ սնունդը փորձաքննության ենթարկելով՝ արձանագրեցինք, որ օգտագործման համար պիտանի չէ եւ ետ ուղարկեցինք: – Դուք արդեն մի քանի տարի է՝ շփվում եք բանակի ու նրա խնդիրների հետ: Ի՞նչ տեղաշարժեր կան: – Միանշանակ՝ դրական: Այսօր փոխվել է բանակի կարգուկանոնի վիճակը: Նախկինում կար «չաստ նայողի» հասկացությունը, այսօր այն գրեթե բացակայում է, խստացված է հսկողությունը սպայական կազմում առկա կոռուպցիայի վրա: Եթե 1998թ. բանակում եղել է 297 զոհ, այսօր այդ թիվը 47 է: Մենք միջնորդել ենք պաշտպանության նախարարին, որ զորամասերն ունենան տեխնիկական աշխատողներ: Ի վերջո, այդ չարաբաստիկ երեւույթը՝ զուգարան մաքրելը, զինվորին «կոտրելու» մի ձեւ է եւ շատ տխուր հետեւանքների է բերում: Նախարարը խոստացել է, որ մինչեւ տարեվերջ այդ հաստիքների հաշվարկը կկատարվի եւ հարցը կլուծվի: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել