Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆԵԼՆ

Հոկտեմբեր 22,2005 00:00

ՔՆԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է Գիշերային հերթափոխ՝ «ինտերնետ» կապի հանգույցում Զրուցակիցներս՝ «Ինտերնետ» հեռախոսային կապի աշխատակիցները աշխատում էին գիշերային հերթափոխով՝ երեկոյան ժամը 19-ից մինչեւ առավոտյան ժամը 9-ը: Կարենն ու Հասմիկը հրաժարվեցին ազգանունները հայտնել (խնդրեցին անգամ գրասենյակի հասցեն չնշել): 3 ամիս առաջ նրանք աշխատում էին այլ ռեժիմով. ժամը 19-ից մինչեւ գիշերվա 2-ը եւ տուն էին վերադառնում ծառայության տրամադրած ավտոմեքենաներով: Եթե ցերեկային հերթափոխի աշխատակիցները ստանում են օրական 1500 դրամ, ապա նույն աշխատանքը գիշերային ժամերի համար 500 դրամով ավելի է: «Մինչեւ գիշերվա ժամը 2:30-ը զանգեր լինում են»,- ասում են զրուցակիցներս, որոնցից մեկն ուսանող է եւ թոշակ է ստանում, մյուսն ընդամենը այդ «չոր» վարձավճարի վրա է: Կարենն ասում է, որ պատվիրատուն հիմնականում գործարար խավն է, իսկ կապն էլ «հիմնականում Ամերիկայի հետ է»: Կան մինչեւ ժամը 5-ը չքնողներ: Տեղեկացնենք, որ «չքնելու պատճառն» այն է, որ գիշերվա ժամը 1-ից հետո կապն էժան է: «Ինտերնետ» կապի հանգույցում գիշերային հերթափոխում հիմնականում աղջիկներ են, իսկ այստեղ մշտապես կա մեկ տղա օպերատոր՝ անվտանգության նկատառումներով: Կողմնակի անձանց մուտքն արգելված է, դուռը ներսից փակում են եւ միակ այցելուն կարող է տնօրենը լինել, որն էլ ստուգում է՝ քնա՞ծ են, թե՞ ոչ: Արգելվում է քնել, թեեւ շուրջս եմ նայում. քնապարկ չկա, բազմոց չկա, պահարան կա, որտեղ հաստատ չեն քնի, մեկ բազմոց է: Լինում են ժամեր, որ իսկապես զանգեր չկան, իսկ քնում են 2-3 ժամ՝ կիսատ-պռատ: Կարենն ուսանող է եւ հավանաբար թողնի աշխատանքը, որովհետեւ առողջությունն իսպառ քայքայվում է, զրկվում է ընկերներից, հավաքույթներից: Կատակով տեղեկացնում է, որ «հերթափոխով են ծնունդների մասնակցում»: «Ախպարների հետ դժվար է»,- ասում է Հասմիկը եւ լեզվական խոչընդոտները բացատրում այսպես. «Նա հայերեն է պատվիրում զանգը, ես հայերեն պատասխանում եմ՝ չի հասկանում»: Երկրորդ խոչընդոտը օտարերկրացիների «հաթաթան» է. դատի տալ՝ իրենց օրենքներով առաջնորդվելով: «Նրանք մեր օրենքները չգիտեն եւ չեն էլ ուզում հարգել դրանք»,- շարունակում են զրուցակիցներս: Կա երրորդ խոչընդոտ էլ. «թռածների» խնդիրն է: «Սեւ ցուցակում» ունեին 300-ից ավելի քաղաքացիներ, որոնք օգտվել էին հեռախոսակապի ծառայություններից, սակայն հրաժարվել էին տեսուչներին գումար վճարել: Իսկ թե ինչու դատարաններ չեն դիմում գումարի բռնագանձման պահանջով, պարզվեց, որ օրենքի հետ որոշակի խնդիրներ ունեն: Հայաստանում տասնյակ միջազգայն «Ինտերնետ» կապ իրականացնող գրասենյակներ կան, որոնք աշխատակիցների պակաս երբեք չեն զգացել, սակայն պայմանագրային քաղաքակիրթ ձեւակերպումներ աշխատանքային փոխհարաբերությունների շուրջ երբեւէ չի ձեւակերպվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել