Լրահոս
Օրվա լրահոսը

Ասա՝

Հոկտեմբեր 25,2005 00:00

Ասա՝ ով է մարզպետդ… Եվ կասեմ, թե որ կուսակցության ներկայացուցիչներն են մեծ մասամբ գլխավորելու այդ մարզի համայնքները: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արձանագրված օրինաչափությունն էր, թե մեծ մասամբ հանրապետականներն էին ղեկավարում համայնքները: Այս կանոնից փոքր-ինչ շեղում արձանագրվեց Շիրակի մարզում, որի 93 համայնքները կիրակի ընտրեցին իրենց ղեկավարներին: 31 համայնքներում առաջադրված էին միայն մեկ թեկնածուներ: Պետք է նշել, որ եթե, ասենք, Արմավիրի մարզում գյուղապետերի մեծամասնությունն անկուսակցականներ էին, Շիրակում համայնքապետերի հավակնորդների գերակշիռ մեծամասնության «կուսակցական պատկանելությունը» բաժնում անպայման կար որեւէ նշում: Եվ նրանցից 16 դաշնակցականներ համայնքներ ղեկավարելու ցուցանիշի առումով հայտնվեցին առաջին տեղում՝ փոքր-ինչ ետ թողնելով հանրապետականներին, որոնք այս մարզում ղեկավարելու են 12 համայնքներ: Դաշնակցական մարզպետի կողմից ղեկավարվող այս մարզի միակ առանձնահատկությունը չէ սա: ՕԵԿ-ն այս մարզում համեմատաբար քիչ վայրերում հաղթանակեց՝ ընդամենը 7: Փոխարենը 2 համայնքների ղեկավարները ՄԱԿ-ի ներկայացուցիչ են (Արեւշատում այս կուսակցության ներկայացուցիչը հաղթել է հանրապետականին, իսկ Հոռոմ գյուղում՝ գործող գյուղապետին): 2 գյուղերում վերընտրվել են «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության անդամ գործող գյուղապետերը. մի դեպքում դա հենց այդ կուսակցության ղեկավարի՝ Պետրոս Մակեյանի եղբայր Վարդանն է, որը վերընտրվել է Փանիկի գյուղապետ, մյուս դեպքում՝ Արա Սուքիասյանը, որն անմրցակից վերընտրվել է օրաթերթերից մեկի կողմից այդքա՜ն սիրված Նոր Կյանք գյուղի գյուղապետ: Իսկ մեկական համայնքներ ղեկավարելու են ՀՀՇ-ն (Բենիամին գյուղ) եւ «Հզոր Հայրենիքը» (Բերդաշեն գյուղ): Խորհրդարանական ընդդիմության պաշտոնական թեկնածուներն այս մարզում նույնպես որեւէ մասնակցություն չեն ունեցել ընտրություններին: Եվ կոալիցիան էլի «մենամարտել է» ինքն իր հետ: Աղվորիկ, Գյուլլիբուլաղ, Ախուրյան եւ Գուսանգյուղ համայնքներում ՀՅԴ ներկայացուցիչները հաղթել են ՀՀԿ անդամներին: Քեթի գյուղում արդեն հանրապետականն է հաղթել դաշնակցականին: Սարագյուղ եւ Ղարիբջանյան համայնքներում իրար հետ մրցակցել են ՕԵԿ-ի եւ ՀՅԴ ներկայացուցիչները. հաղթել են վերջիններս: Մեծ Սեպասարում հանրապետականը հաղթել է «Օրինաց երկրի» ներկայացուցչին: ՕԵԿ ներկայացուցիչները ՀՅԴ անդամ հավակնորդներին հաղթել են Մուսայելյան, Սպանդարյան եւ Տուֆաշեն համայնքներում: Իսահակյան գյուղում ՕԵԿ ներկայացուցիչը չի կարողացել գրավել գործող գյուղապետ հանրապետականի պաշտոնը: Թորոս գյուղում միմյանց հետ մրցակցել են 2 հանրապետականներ, Մարմարաշենում՝ 2 դաշնակցականներ: Բնութագրելով այս ընտրությունները՝ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանն ասաց. «Շատ կազմակերպված անցան: Իրոք չունեցանք լուրջ խնդիրներ որեւէ համայնքում: Որեւէ դժգոհություն էլ չունեցանք: Փոքր խնդիրներ եղան, որոնք լուծվում էին տեղում»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել