Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ

Հոկտեմբեր 28,2005 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԳԼԽԻ ՃԱՐԸ ՏԵՍԱՎ Մնաց ընդդիմությունն էլ տեսնի Մինչ հայաստանյան ԶԼՄ-ներն ու քաղաքական շրջանակները թվեր գումարել-հանելով հաշվարկում էին, թե ինչպես է հայրենի իշխանությունն ապահովելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «այո»-ն, իշխանությունն իր գլխի ճարը տեսավ: Ու քանի որ երկրի ղեկավարությունն այդ նույն խնդրի առնչությամբ ի՛ր հաշվարկներն էր արել ու, թերեւս, համոզվել, որ հանրաքվեի ավելի քան 700?000 «այո» ապահովելն այնքան էլ իրատեսական չէ՝ հարմար է գտել ընտրացուցակները «մաքրել» ոչ թե «մեռյալ հոգիներից», այլ «կարմիր» (խորհրդային) անձնագիր ունեցող քաղաքացիներից՝ արհեստականորեն իջեցնելով հանրաքվեի համար անհրաժեշտ քվորումի շեմը: Իսկ «կարմիր» անձնագիր ունեցողների թիվը ՀՀ-ում մի քանի հարյուր հազար է: «ՀԺ»-ն արդեն անդրադարձել է այս խնդրին. հիշեցնենք, որ հին՝ խորհրդային անձնագրերը ՀՀ քաղաքացիության «կապույտ» անձնագրերով փոխարինելու ժամկետները պարբերաբար երկարացվում էին դրանց շրջանառության մեջ դրվելուց ի վեր՝ արդեն շուրջ 10 տարի: Վերջին անգամ «կարմիր» անձնագրերի ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշումը հրապարակվել էր դեռ 1999թ. հուլիսի 1-ին: Բայց դրանից հետո էլ հին անձնագիր ունեցողներն անարգել մասնակցել են ոչ միայն տարբեր մակարդակների ընտրություններին ու 2003թ. սահմանադրական հանրաքվեին, այլեւ դրանցով տարբեր տիպի այլ գործառույթներ են իրականացրել, ասենք՝ կենսաթոշակ ու նպաստ ստացել: Ավելին, ՀՀ-ում 2002թ.-ից ի վեր՝ «կարմիր» անձնագրով քվեարկելու խնդիրը պարբերաբար առաջացել է ընտրական տարբեր տեղամասերում, եւ, որպես կանոն, այդ դեպքերում մեջբերվել են ԿԸՀ նախագահի՝ ընտրական հանձնաժողովներին հասցեագրված գրավոր հրահանգները՝ թույլ տալ մարդկանց հին անձնագրերով իրականացնել իրենց ընտրական իրավունքը: Այդպես է եղել ընդհուպ մինչեւ մեկ շաբաթ առաջ ՀՀ մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Հիմա, պարզվում է, հանկարծ ԿԸՀ-ն որոշել է կարգը փոխել ու այլեւս արգելել «կարմիր» անձնագրով ընտրության մասնակցել՝ առանց իր նախորդ գրավոր հրահանգը չեղյալ համարելու կամ դրա մասին նոր հրահանգ ձեւակերպելու, առանց ԽՍՀՄ նմուշի անձնագիր ունեցող մի քանի հարյուր հազար քաղաքացիներին իրենց ընտրական իրավունքի հնարավոր սահմանափակման մասին տեղեկացնելու: Ինչպե՞ս է արձագանքում այս նորամուծությանը հայրենի ընդդիմությունը: Երեկ մեր զրույցներից պարզեցինք, որ մասնավորապես «Արդարություն» դաշինքն այս խնդիրն առայժմ չի քննարկել: Բայց դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը նկատեց, որ սա կարող է բողոքի ալիք բարձրացնել: «Ստեղծված վիճակը շատ նման է 1789 թ. հուլիսի 14-ին Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ծավալված իրադարձություններին, երբ Ֆրանսիայում հրավիրվել էր Սահմանադիր ժողով, որը պետք է մշակեր այդ երկրի Սահմանադրությունը: Այն ժամանակ էլ միապետականները, որոնք Սահմանադիր ժողովում մոտավորապես 1/3 էին, փորձում էին ընտրողներին սահմանազատել «ակտիվների» ու «պասիվների»՝ ելնելով գույքային ցենզից: ՀՀ իշխանությունների այս նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման ու ՀՀ քաղաքացիների տարբերակման դասական օրինակ է: Քաղաքական առումով՝ դա անթույլատրելի է, նաեւ անընդունելի է այն պետության համար, որը հռչակել է ժամանակակից ժողովրդավարական պետություն դառնալու քաղաքականության մասին»,- ասաց Ս. Սուրենյանցը: Ըստ նրա, իշխանությունների այս քայլով ոտնահարվում են նաեւ «կապույտ» անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացու իրավունքները. «Որովհետեւ զրկելով մյուս քաղաքացիներին ընտրելու իրավունքից՝ սահմանափակում են, օրինակ, իմ՝ մեծամասնություն ստանալու հնարավորությունը կամ փոքրամասնության մեջ լինելու իրավունքը: Բացի այդ, այս համատեքստում էլ գործում են երկակի ստանդարտներ: Եթե 2003-ին, նաեւ ընդամենը օրեր առաջ ավարտված ՏԻՄ ընտրությունների ընթացքում, երբ դրված էր կրիմինալ իշխանությունների պահպանման, վերարտադրման խնդիրը, կարելի էր հին անձնագրերով մասնակցել ընտրություններին, ապա հիմա, պարզվում է, իշխանությունները սահմանափակում են այդ իրավունքը, որովհետեւ կենսական անհրաժեշտություն կա արհեստականորեն իջեցնել անհրաժեշտ «այո»-ի շեմը»: Ս. Սուրենյանցի ասելով՝ անշուշտ, այս քայլը պետք է բողոքարկվի բոլոր հնարավոր ատյաններում. «Պետք է դիմել բոլոր միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ նաեւ նրանց, որոնք շահագրգիռ են հանրաքվեի օրինական կազմակերպման հարցում: Պետք է նաեւ ուղղակիորեն դատական հայցեր ներկայացնել բոլոր այն պատկան մարմինների դեմ, որոնք նման որոշում են կայացրել: Եվ ամենակարեւորը՝ պետք է դիմել մեր հասարակությանը՝ սրանով եւս մեկ անգամ հիմնավորելով, որ ավտորիտար ռեժիմի պայմաններում, ցավոք, ընտրությունների մեխանիզմը չի գործում եւ դրանով երկրում փոփոխություն առաջացնել չենք կարող: Դրանով դարձյալ հիմնավորվում է, որ միայն դեմոկրատական հեղափոխության ճանապարհով է հնարավոր բոլոր քաղաքացիներին վերադարձնել մեկնարկային հավասար իրավունքներ ու ազատություն»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել