Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի

Հոկտեմբեր 28,2005 00:00

Մշակույթի բոլոր կառույցներ, միացե՛ք Մոտավորապես նման կոչով է դիմում քանդակագործը գործընկերներին Այս տարի բազմաթիվ «կանացի» ցուցահանդեսներ բացվեցին, որոնցում ներկայացված էին նաեւ քանդակագործ Հերիքնազ Գալստյանի գործերը: Նա համամիտ չէ տարածված այն մտայնության հետ, թե կինը չի կարող լավ քանդակագործ լինել: «Իմ գործերը մաքուր քանդակ չի կարելի անվանել, դրանք ավելի շատ ինստալացիա են: Ես դասական, ակադեմիական քանդակին տիրապետում եմ, բայց այսօր գերադասում եմ այլ կերպ աշխատել: Սկզբունքորեն նոր մոտեցում եմ ցուցաբերել՝ օգտագործելով նոր նյութեր՝ հող վարելու փայտե գործիքներ, ջրաղացի քարեր կամ երկաթե խոփ: Դրանք այն միջոցներն են, որոնք ասոցացվում են հողի ու հացի հետ, ուստի խորհրդանիշ են կյանքի: Ընդհանրապես աշխատում եմ միայն բնական նյութերով (տուֆ, պեմզա, փայտ, կաշի, երկաթ եւ այլն), ուստի իմ գործերը կարելի է էկոլոգիապես մաքուր արվեստ էլ անվանել»,- պարզաբանեց քանդակագործը: «Հիմա արխայիկ մշակույթը մեծ հետաքրքրություն է առաջացնում: Երբ արխայիկ մշակույթի հետ ավելի խոր առնչվեցի, զգացի, որ այն ամենաազնիվը, մաքուրն ու ներդաշնակն է բնության հետ: Իր կոդով կապված է հողին, ու հենց դու այդ կոդավորման մեջ ճանապարհներդ ես փնտրում, քեզ անընդհատ օգնում է»,- համոզված է Հ. Գալստյանը, որի արվեստը ոչ բոլորի համար է ընդունելի: Հերիքնազ Գալստյանի գործերից շատերը գտնվում են տարբեր երկրներում, մասնավոր հավաքածուներում, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում եւ Ստեփանակերտի պատկերասրահում: 1987-ին նաեւ նրա ջանքերով հայ նկարիչների առաջին բարեգործական ցուցահանդեսը բացվեց Ղարաբաղում: 35 աշխատանք նվիրվեց Ստեփանակերտի պատկերասրահին, ինչի հետեւանքով ադրբեջանցիների գործերը դուրս մղվեցին այնտեղից (մինչ այդ գերակշռում էին ադրբեջանցի արվեստագետների գործերը- Գ. Հ.): Հետաքրքրվեցինք՝ ո՞ր «իզմի» մեջ է տեղավորվում իր արվեստը: «Ոչ մի իզմի… Ընկերներիցս մեկը՝ Արման Գրիգորյանը մի օր ասաց, որ իմ ուղղությունը նեոարխայիկա է կոչվում: Թող կոչվի նոր արխայիկա, անվանումը կարեւոր չէ: Իմ արածը մոդեռն արվեստ է՝ ազգային հենքի վրա»,- ասաց նա: Մեր դիտարկմանը, որ իրեն կարելի է տեսնել ստեղծագործական բոլոր «ճամբարներում», Նկարիչների միության անդամն ասաց. «Լավ կլիներ, որ բոլոր մշակութային կառույցներն իրար հետ համագործակցեին, թե չէ սարսափելի վիճակ է: ՆՓԱԿ-ն իր խնդիրներն ունի, Նկարիչների միությունը՝ իր, Ժամանակակից արվեստի թանգարանը՝ իր եւ այսպես շարունակ: Պիտի իրենք կարողանային եզրեր գտնել համագործակցության: Թե չէ առանձին-առանձին, յուրաքանչյուրն իր խնդիրներն է լուծում: Օրինակ, ես ՆՓԱԿ-ում «Հայ կանանց արվեստը» ցուցահանդես եմ կազմակերպել, որին մասնակցել են այնպիսի նկարչուհիներ, որոնք ՆՄ անդամ են եւ ՆՓԱԿ չէին էլ մտնի: Բայց տեսան, որ բոլորովին սարսափելի չէ, այնտեղ իսկույն ամերիկյան շղթաներով չեն շղթայում ու ստիպում ամերիկացի դառնաս: Մյուս կողմից էլ, ՆՓԱԿ-ը ինձ կամ մեկ ուրիշին, ով իրենց արվեստագետը չէ, երբեք չի ներկայացրել եւ չի ներկայացնի Վենետիկի բիենալեին: Նույն պատկերը Նկարիչների միությունում է՝ միշտ նույն մարդիկ են գնում սիմպոզիումների: Ես ոչ մի «խմբավորման» մեջ չեմ մտնում, թեեւ գիտեմ, որ ցուցահանդես կազմակերպելիս էլ մարդիկ ավելի շատ իրենց փոքրիկ, նեղ «կրուգներին» են ներգրավում»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել