Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկնություններ

Նոյեմբեր 01,2005 00:00

Կրկնություններ Միեւնույն՝ հաճախ բավական տափակ միտքը զանազան վարիացիաներով կրկնելու եւ ուժասպառ անելու աստիճան տարբեր լսարաններին մատուցելու առումով Հայաստանի ղեկավարների հետ, թերեւս, կարող են մրցել միայն նրանց ադրբեջանցի պաշտոնակիցները: Օրինակ, եթե հայ բարձրաստիճանները հրաշալի մասնագիտացել են ՀՀ տնտեսության աճի տարբեր ասպեկտներն արձանագրելու եւ փառերգելու ուղղությամբ, ապա Ադրբեջանում շատ ավելի մոդայիկ է խոսել ԼՂ անկախությունը «երբեք չհանդուրժելու» անբեկանելի պատրաստակամության մասին: Այս իմաստով վերջին՝ ամենաթարմ օրինակը տվել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը՝ անցած շաբաթավերջին թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ: «Լեռնային Ղարաբաղը երբեք չի միանա Հայաստանին եւ չի դառնա անկախ պետություն, իսկ այնտեղ բնակվող հայերը կարող են վայելել ինքնավարության բարձր աստիճան Ադրբեջանի կազմում»,- հայտնի չէ, թե արդեն որերորդ անգամ ասել է Իլհամ Ալիեւը: Իսկ օրիգինալությամբ չփայլող իր այս պնդումն Ալիեւը հիմնավորել է ոչ պակաս հին մի փաստարկով. «Ադրբեջանի դիրքորոշումը բխում է միջազգային նորմերից, իսկ Հայաստանինը լիովին հակասում է դրանց»: Ադրբեջանի նախագահի արտահայտած վերոհիշյալ մտքերը, ըստ էության, որեւէ լրատվական արժեք չեն ներկայացնում: Այդուհանդերձ, դրանք հետաքրքիր են այնքանով, որ նախ՝ հնչել են բոլորովին վերջերս, եւ ապա՝ գրեթե ոսկերչական ճշգրտությամբ կրկնում են Ալիեւի բազմիցս հնչեցրած նախորդ հայտարարությունները: Անդրադառնանք դրանցից եւս մի քանիսին: Նույն հանդիպման ժամանակ վերջինս նաեւ ասել է. «Ադրբեջանը բավականաչափ ներուժ ունի՝ Հայաստանի հետ ունեցած իր խնդիրներն ինքնուրույնաբար լուծելու համար»: Պատկերը, իհարկե, ամբողջական չէր դիտվի, եթե Ալիեւը չկրկներ Ադրբեջանի բյուջեի մեծության մասին իր նախասիրած մի քանի դիտարկումները եւս: Նա, բնականաբար, ասել է. «Ես հայտարարել եմ, որ մեր ռազմական ծախսերը պետք է հավասարվեն Հայաստանի ողջ բյուջեին, եւ մենք կհասնենք դրան: Մենք պետք է ուժեղ լինենք: Եթե մենք լինենք ուժեղ, ապա կկարողանանք լուծել ցանկացած հարց»: Վերջում ներկայացնենք հիշյալ հարցազրույցի ժամանակ հնչած թերեւս միակ խոսքը, որն իր մեջ թարմ տեղեկատվություն է պարունակում: Թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Ալիեւն ասել է, որ ներկայումս Ադրբեջանում, մասնավորապես՝ Աղդամի շրջանի տարածքում տարվում են գոյություն ունեցող բոլոր վրանային ավանների (որոնցում գերազանցապես փախստականներ են բնակվում) վերացման եւ դրանց տեղում նոր տների կառուցման հսկայածավալ աշխատանքներ: Ըստ Ալիեւի, կառուցվելիք նոր բնակավայրերում ապաստան կստանա շուրջ 4 հազար ընտանիք: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել