Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ԲԺՇԿԱԿԱՆԻ ՌԵԿՏՈՐ

Նոյեմբեր 11,2005 00:00 Share

Երեւանի
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի հավանական թեկնածուների պայքարը՝
բաղձալի աթոռի համար, սպառնում է վերածվել քաղաքական պայքարի. այն դիտվում է իբրեւ
ՀՀԿ-ՕԵԿ հակամարտության փորձարկում: Բժշկական համալսարանի խորհուրդը՝
կառավարության կողմից հաստատված նոր որոշման համաձայն, կազմված կլինի 32 անդամից:
Խորհրդի ձեւավորման հարցում այստեղ կպահպանվի 50% ներսից, 50% դրսից սկզբունքը, եւ
արդյունքում խորհրդի կազմում կլինի 8 ուսանող՝ ուսխորհուրդների կազմից, 8 դասախոս՝
պրոֆեսորադասախոսական կազմից, 8 հոգի կներկայացնի լիազորված մարմինը՝ ԿԳ նախարարությունը
եւ 8-ը՝ հիմնադիրը՝ կառավարությունը: Առաջին գործը, որ պետք է ստանձնի այս կազմը՝
ռեկտորի ընտրություններն են: Եղած թեկնածուների ցանկը կրճատվել է, եւ այս պահին կա
ռեկտորի իրական 2 թեկնածու: Մեկը Շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արայիկ
Մինասյանն է, մյուսը՝ Բժշկական համալսարանի՝ մարդու անատոմիայի ամբիոնի վարիչ Գոհար
Քյալյանը: Երկու թեկնածուներն էլ առնչություն ունեն հայտնի մարդկանց հետ. առաջինը
Սերժ Սարգսյանի խնամին է, երկրորդը՝ Հ2-ի տնօրեն Սամվել Մայրապետյանի կինը: Երկուսն
էլ, ըստ մասնագետների տարածված կարծիքի, պրոֆեսիոնալիզմի առումով միմյանց չեն զիջում:
Սակայն մրցակցությունն այս պարագայում ավելի խոր քաղաքական ենթատեքստ ունի: Արայիկ
Մինասյանին սատարում է Հանրապետական կուսակցությունը, Գոհար Քյալյանին՝ «Օրինաց Երկիրը»:
Եթե կատարենք պարզ մաթեմատիկական հաշվարկ, ապա ռեկտորի ազնիվ ընտրությունների
արդյունքում կունենանք հետեւյալ պատկերը: Խորհրդի կազմում լիազոր մարմնի՝ ԿԳՆ-ի առաջադրած
անդամները բնականաբար իրենց ձայնը կտան ՕԵԿ-ի թեկնածուին՝ Գոհար Քյալյանին: Ութ
ուսանողների հարցում կասկած չկա. նրանք աջակցում են ՀՀԿ-ին, հետեւաբար իրենց ձայները
կտան Արայիկ Մինասյանին: Դրանում մեծ է բուհի ուսխորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի օգնական
Կարեն Ավագյանի լուման: Արայիկ Մինասյանը կստանա նաեւ կառավարության կողմից առաջադրված
խորհրդի 8 անդամների ձայները: Իսկ վերջիններիս շարքում են ՀՀ առողջապահության նախարար
Նորայր Դավիդյանը, պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, ԱԺ պատգամավոր, բժշկական
համալսարանի ռեկտորի խորհրդական, հանրապետական Արմեն Աշոտյանը (ով իր քարոզչությամբ
աչքի է ընկնում նախընտրական այս գործընթացներում), ԱԺ պատգամավոր, առողջապահության
նախկին նախարար, հանրապետական Արարատ Մկրտչյանը եւ մի քանի այլ պատգամավորներ ու
քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Ինչ վերաբերում է դասախոսական կազմին, ապա այստեղ
պատկերը խայտաբղետ է: Թեեւ գործող ռեկտոր Վիլեն Հակոբյանի իշխանությունը ժամանակավոր
է, սակայն դասախոսների ձայների բաշխման հարցում նրա կարծիքի հետ, մեր տեղեկություններով,
գործընկերները հաշվի կնստեն: Ռեկտորը, սակայն, աշխատում է չեզոք դիրք գրավել, եւ
հավանականությունը մեծ է, որ այս խմբի ձայները հավասար կկիսվեն: Սակայն եթե նույնիսկ
մեկ դասախոս էլ քվեարկի ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի օգտին, ապա ձայների պարզ մեծամասնությամբ
կհաղթի Արայիկ Մինասյանը: Մեզ հետ զրույցում ուսխորհրդի անդամներից ոմանք,
որոնք չցանկացան ներկայանալ, իրենց պարագայում բացառեցին մեր իրականության մեջ առկա
ընտրակաշառքի մեխանիզմի կիրառումը, որ կարող է գործի դնել ակնհայտորեն չնչին շանս
ունեցող կողմը: Ինչ մնում է Վիլեն Հակոբյանին, ապա նա, մեր տեղեկություններով,
այս պահին այլ պաշտոնի անցնելու կոնկրետ առաջարկ չունի: Հնարավոր է, որ նա առաջադրվի
բուհի խորհրդի նախագահ: Իսկ դեղաբանության ամբիոնի վարիչ մնալը՝ կա ու կա: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Այսօր, ժամը 13-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի
բակում «Բուհական ավտոնոմիայի պաշտպանության խորհուրդը» ուսանողական այլ նախաձեռնող
խմբերի հետ կկազմակերպի հերթական ակցիան՝ ընդդեմ բուհական խորհուրդների կազմը ձեւավորելու
մասին կառավարության որոշման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել