«Առնո Բաբաջանյան» համերգասրահում երեկ ամփոփվեցին «Հայ
դպրություն» հասարակական կազմակերպության եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության
հետ համատեղ անցկացրած Մեսրոպյան գյուտի 1600-ամյակին նվիրված «Սրի դեմ գրիչ» խորագրով
համաքաղաքային շարադրության մրցույթի արդյունքները: Երեւանի
հանրակրթական դպրոցներում շուրջ երկու ամիս առաջ մեկնարկած մրցույթն անցկացվել է
երեք փուլով: Եզրափակիչին մասնակցել է լավագույն աշխատանքների 54 հեղինակ: Նախքան
միջոցառման սկիզբը՝ համերգասրահի մոտ հավաքված ուսուցիչներից մի քանիսը չգիտեին էլ,
թե իրենց ինչու են «զոռով» կանչել. «Երեւի էլի սահմանադրության «այո»-ի մասին լոլո
են կարդալու»,- ենթադրում էին նրանք: Եվ միջոցառման ընթացքում սահմանադրության քարոզ
անելու պահը չկորցրեց «Հայ դպրություն» հ/կ նախագահ Գալուստ Սահակյանը: «Հենց հայ
ազգը զգաց, որ իր սահմանադրությունը դպրոցն է, մենք հաղթելու ենք անպայման: Եվ բոլորովին
պետք չէ ընկճվել, որ մեր արժեքային համակարգում կարող են համադրվել այլ եվրոպական
արժեքներ, միեւնույն է՝ մեր խոսքն ու գիրը դուրս են մղելու դրանց»,- ասաց բանախոսը:
Թերեւս համեմատելով ԱԺ ամբիոնի հետ՝ Գ. Սահակյանն իր ելույթում խոստովանեց.
«Ամենադժվար ամբիոնն է խոսք ասելու համար: Այստեղ քնարերգությունը շատ է, այստեղ
մաքուր, զուլալ հոգիներ են»: Այս բազմաբովանդակ ելույթը նա եզրափակեց՝ անդրադառնալով
դպրոցների ջեռուցման խնդիրներին եւ հույս հայտնեց, որ 3- 4 տարի անց բոլոր դպրոցներում
ջեռուցման համակարգ կլինի: Մրցույթում առաջին տեղ չկար. ժյուրիի պահանջները
չէին բավարարվել: «Հայ դպրություն» հ/կ-ի անդամ Արմենուհի Քոչարյանն ասաց, որ դրա
պատճառն այն է, որ երեխաները քիչ են գիրք կարդում: Երկրորդ մրցանակի արժանացավ
Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 181 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Մովսիսյանի
«Եվ մայրենի գրին անունը քո սուրբ» վերնագրով շարադրությունը: Իր աշխատանքը Անահիտը
գրել է պատմվածքի ոճով: Այն պատմում է, թե Մեսրոպ Մաշտոցը ինչպես է ստեղծել գրերը:
Ա. Մովսիսյանը կարծում է. «Այս կարգի մրցույթներ պետք է հաճախ կազմակերպվեն: Սա կարծես
լույս լինի համատարած խավարում: Մաշտոցի գրերի շնորհիվ հայերը կարողացան դիմակայել
դժվարություններին: Կոչ եմ անում, որ հիմա էլ համախմբվենք եւ մեր տառերով պայքարենք՝
վստահ եմ, որ կհաղթենք»: Երկրորդ մրցանակի արժանացավ նաեւ թիվ 36 դպրոցի 9-րդ դասարանի
աշակերտուհի Գիշյան Ռոզայի «Գիրը՝ մեր հոգեւոր հացը» շարադրությունը: Մրցանակային
երրորդ տեղը բաժանվեց երեք հոգու միջեւ: Պատվոգրերից բացի՝ հաղթողներն ու նրանց ուսուցիչները
ստացան դրամական պարգեւներ: Մրցույթին մասնակցած տասը աշակերտ էլ արժանացավ խրախուսական
մրցանակի: Ուշագրավն այն էր, որ բոլոր մրցանակակիրները իգական սեռից էին: ՀՐԱՉՈՒՀԻ
ԵՐԱՆՈՍՅԱՆ


















































