
ԲՈՒՐՎԱՌ ԵՎ ԱՄՊՀՈՎԱՆԻ «ԿՈՄԱՆԴՈՒՅՈՒՇՉՈՒՆ» «Դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարին երեկ ներկաներից ոմանց կարծիքով՝ միայն դրանք էր պակասում Սամվել Բաբայանի հասցեին մեծարանքի պատկերն ամբողջացնելու համար: «Բաբայանը լինելով արցախյան գոյամարտի ոգին եւ շունչը՝ այսօր էլ շնչում է մեր ժամանակների ոգով», «նա կենդանի լեգենդ է», «յուրօրինակ տարոնական», «ընկերներն ու հասարակ քաղաքացիները նույն ակնածանքով ու համակրանքով էին խոսում իր մասին», «մեզ թվաց, թե գործ ունենք ոչ թե ընդամենը 26-ամյա հրամանատարի, այլ հասուն զորավարի հետ. իրականում այդպես էլ կար», «անվախ ու համարձակ՝ իսկական առաջնորդ»: Ահա գովասանքների բնավ ողջ ամբողջական շարքը, որ երեկ համագումարի ամբիոնից հնչեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հասցեին: Նա դեռ շարունակում է շրջել թիկնապահների ուղեկցությամբ, որոնք այս ու այն կողմ էին հրում՝ պրն Բաբայանի համար «ճանապա՜րհ բացեք, ճանապա՛րհ բացեք» գոռալով: Եվս մի նրբերանգ՝ թեեւ կառավարության նիստերի դահլիճը լեփ-լեցուն էր (հատկապես շատ էին սյունեցիները), արդեն իսկ 4-5 հազար անդամ ունեցող կուսակցության համագումարին մասնակցում էին 465 պատվիրակներ, ու հարկադրված էին անգամ լրացուցիչ աթոռներ բերել՝ Սամվել Բաբայանը նախաձեռնող խմբի 2 այլ ներկայացուցիչների հետ դահլիճի առաջին շարքում նստած էր մենակ: Ոչ ոք չէր հանդգնում զբաղեցնել նրա կողքին դատարկ մնացած աթոռները: Սակայն դառնանք «Դաշինքի» քաղխորհրդի նախագահ ընտրված Սամվել Բաբայանի ծրագրային ելույթին: Անդրադառնալով հարցադրմանը, թե ինչպես են գնահատում հանրապետությունում տիրող իրավիճակը՝ պրն Բաբայանն ասաց. «Եթե ամեն ինչ լիներ իդեալական, ապա կուսակցություն հիմնելը կլիներ ավելորդ։ Ցավոք, ժողովրդավարական արժեքները դեռեւս խոր արմատներ չեն գցել մեր երկրում եւ դեռեւս կարիք ունեն մեր բոլորի պաշտպանության»: Հիշեցրեց, որ Սահմանադրությամբ Հայաստանը հռչակվել է սոցիալական պետություն. «Իսկ գործնականում տեսնում ենք բյուջե, ուր անվերջ ավելանում են պետական ապարատի ծախսերը, որոնք այսօր ուռճացված են եւ կուտակվում են մի քանի անհատների ձեռքում։ Եվ այս համատեքստում 2006172ից 15 հազար դրամ սահմանվելիք նվազագույն աշխատավարձը մեզ ներկայացնում են իբրեւ սոցիալական ոլորտում էական առաջընթաց»։ Սամվել Բաբայանն առաջարկեց պետական ծախսերի ավելացման փոխարեն «կոշտ դիրքորոշում ցուցաբերել նորմատիվային ակտերի վերանայման գործընթացում»: Քննադատական վերաբերմունք դրսեւորվեց նաեւ արտաքին քաղաքականության նկատմամբ՝ թե ոչ մի էական առաջընթաց չեն տեսնում տարածաշրջանային տնտեսական համագործակցության ոլորտում. «Վաղ թե ուշ մենք վերացնելու ենք մաքսերը Եվրոպայի օրինակով, մինչդեռ դրանք մեծ տոկոսաբաժին են կազմում մեր բյուջեում։ Երբ ժամանակը գա՝ արդյոք մենք պատրա՞ստ ենք լինելու դրան։ Կարծում եմ, այդ մասին այսօր է պետք մտածել»։ Պարզվեց, որ Սամվել Բաբայանն իր տեսակետն ունի նաեւ տարածաշրջանի հեռանկարների վերաբերյալ. «Համոզված եմ, որ Հարավային Կովկասը պետք է զարգանա միայն ժողովրդավարացման, փոխշահավետ ծրագրերի ներդրման եւ փոխվստահության ձեւավորման մթնոլորտում։ Այս նպատակով անհրաժեշտ է, որ հարավկովկասյան պետությունները գան տարածաշրջանում օտարերկրյա ռազմակայաններ չտեղակայելու մասին համաձայնության, ինչի արդյունքում շահագրգիռ պետությունները հետաքրքրություններ կսկսեն փնտրել տնտեսական դաշտում։ Նման համագործակցությունը նախադրյալներ կստեղծի Եվրամիությանը հարավկովկասյան ընտանիքի ինտեգրման համար»։ «Դաշինք» կուսակցությունը Եվրամիությանն անդամակցելու կողմնակից է: Անդրադարձ եղավ նաեւ արցախյան հիմնախնդրին։ Ըստ պրն Բաբայանի՝ կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն 4 սկզբունքներ. «1. միջազգային հեղինակավոր կազմակերպության հովանու ներքո միջանկյալ ինքնիշխանություն, 2. փախստականների եւ տեղահանված անձանց կամավոր վերաբնակեցում, 3. Արցախում տնտեսության զարգացման նախադրյալների ստեղծում, 4. ԼՂ կարգավիճակի որոշում՝ նոր հանրաքվեի միջոցով»։ Ամփոփելով՝ նշեց. «Մենք առաջարկում ենք Դաշինք։ Դաշինք՝ նախեւառաջ մեր ժողովրդի հետ»: Ըստ նրա՝ մինչ այժմ եղած դաշինքները եղել են կարճաժամկետ, առանձին խնդիրների շուրջ ձեւավորված. «Ես առաջարկում եմ ռազմավարական բնույթի դաշինք»։ «Դաշինքը» հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում է, թե արհեստածին են համարում իշխանամետ կամ ընդդիմադիր «ներկայիս կեղծ ու լղոզված տարանջատումը։ Հիմք ընդունելով մեր արժեքային համակարգը եւ սկզբունքները՝ մենք նախեւառաջ գործակցելու ենք մեր ժողովրդի հետ»։ Կուսակցության կարգախոսն է՝ «ուժ եւ միասնություն»։ Ավելի ուշ լրագրողներին Սամվել Բաբայանն ասաց. «Չենք համարում, որ պետք է լինենք կամ աջ, կամ ձախ, ընդդիմադիր կամ իշխանամետ: Ես նման խնդիր չեմ դրել իմ առջեւ. ասելու եւ արտահայտելու եմ այն, ինչ համարեմ ճիշտ»: Վաղօրոք հայտնեց, թե չի պատրաստվում միավորում կազմել որեւէ այլ կուսակցության հետ. «Մենք կարող ենք համագործակցել, տեսակետներ փոխանակել, համագործակցել ինչ-որ գաղափարների շուրջ: Բայց մենք գնալու ենք խորհրդարանական ընտրություններին անկախ, ինչպես արել ենք տեղական ընտրություններին: Սա է մեր սկզբունքը»: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ողջույնի խոսքում իր լուման էր ներդրել Սամվել Բաբայանի մեծարման ցերեկույթում՝ նշելով, թե նրան «պետք չէ հիմա իրեն վերահաստատել քաղաքական դաշտում: Այն, ինչ ինքն արել է՝ հանգիստ կարող էր գնալ տուն, ասել, թե բավական է, ես արդեն հայ ժողովրդի պատմության մեջ ունեմ իմ ուրույն տեղը: Բայց ինքը շարունակում է, քանի որ պարտավորություն է զգում ժողովրդի եւ այդ հաղթանակների նկատմամբ»: Լրագրողների հետ զրույցից պարզվեց, որ Սամվել Բաբայանն ինքն էլ է իր մասին այդպես մտածում, եւ նախագահի թեկնածու չի լինելու միայն այն պատճառով, որ չի ցանկանում. «Ես չեմ մտել Հայաստանի քաղաքական դաշտ պաշտոն ստանալու: Ես մտել եմ, որ իմ գործունեությամբ օգտակար լինեմ հասարակությանը: Ես իմ պատմությունն արդեն իսկ կերտել եմ, ես կարիք չունեմ: Եթե ոմանք ուզում են ջրի տակից նոր դուրս գան, ես վաղո՜ւց կայացած եմ, դրա կարիքը չունեմ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


















































