Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ

Նոյեմբեր 18,2005 00:00

Ցմահ մահապարտները Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կազմակերպվելու է քննարկում, որն առնչվում է ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդրին: Երեկ «Առավոտին» իրենց նամակ-բողոքն են ուղարկել ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվողները, որոնք գտնում են, որ իրենց մահվան են դատապարտել 1961թ. մարտի 7-ին ընդունված ՀԽՍՀ քրեական օրենսգրքի հոդվածով: Սակայն, ինչպես հայտնի է, 2003-ի ապրիլի 18-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ՀՀ նոր քրեական օրենսգիրքը, համաձայն որի՝ պատժի առավելագույն տեսակ հաստատվեց ցմահ ազատազրկումը: «Չգիտես ինչու, մասնագետների մի մասը գտնում է, որ սա ավելի մեղմ պատիժ է»,- գրել են մահապարտները՝ «Առավոտին» տրամադրելով խնդրի հետ առնչվող ժամանակագրությունը: 2003թ. օգոստոսի 1-ին նախագահ Քոչարյանը ներում շնորհեց մահապատժի դատապարտվածներին եւ, ըստ 42 մահապարտների, իրենց խնդրի արծարծումը եւ ճակատագիրը կապվեց հոկտեմբերի 27-ի գործով դատապարտվածների ճակատագրի հետ: Օգոստոսի 5-ին «ներվածները» հացադուլ սկսեցին մեկուսարանում՝ պահանջելով, ինչպես իրենք են ասում՝ «կատարված անարդարության վերացում»: Հացադուլի 4-րդ օրը ԱԺ 4 պատգամավորի հետ իրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը այցելելով «Նուբարաշեն» ՔԿՀ՝ ընդունեց այն իրողությունը, որ ներման հրամանագիրը «սխալ փաստաթուղթ» է: Եղան խոստումներ, որի պատճառով հացադուլն ընդհատվեց: Սակայն 2003թ. հոկտեմբերին հացադուլը վերսկսվեց եւ նամակ ուղարկվեց Եվրախորհրդի գրասենյակ, որի կապակցությամբ հացադուլավորներին այցելեց Քրեակատարողական վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը, հաղորդելով, որ նախագահը չի կարող երկու անգամ ներում շնորհել եւ շուտով խնդիրն իր լուծումը կունենա: 2004թ. հունվարին Եվրախորհուրդը Հայաստանի կառավարությունից պահանջեց 42 ներում ստացածների գործերի անհատական վերանայում: Փետրվարից վերսկսվեց հացադուլը եւ հացադուլավորներին այս անգամ այցելեցին ԵԱՀԿ եւ ԵԽ ներկայացուցիչները: Այդ ընթացքում ԵԽ երեւանյան գրասենյակի այն ժամանակվա ղեկավար Նատալյա Վուտովան հաղորդում է, որ Հայաստանի կառավարությունից պաշտոնապես պահանջվում է ցմահների գործերի վերանայում: Սակայն խնդիրը դարձյալ ձգձգվեց: 2004-ի հոկտեմբերի 13-ին քրեակատարողական վարչության պետ Ս. Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ 42 ներում ստացածներից 33-ի պատիժը կփոխարինվի 20 տարի ազատազրկմամբ եւ «խորհուրդ է տալիս դիմումներ հղել ԱԺ-ին եւ ՀՀ նախագահին»: Իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Խաչիկ Սարգսյանը հաղորդում է ցմահներին, որ նախագահին առընթեր ներումների հանձնաժողովի նախագահ Ջեմմա Հակոբյանը «սկսել է ներման հրամանագրերի պատրաստությունը»: Սակայն հոկտեմբերի 19-ին ներվածների գլխին «սառը ջուր է լցնում» Լարիսա Ալավերդյանը, երբ այցելելով նրանց բացատրում է, թե բացառված է, որ նախագահը իր ներման հրամանագրին հակասող նոր հրաման ստորագրի: Ըստ «Առավոտին» տրամադրած ժամանակագրության, 2005թ. հունվարի 17-ին 42 ներում ստացածների 1200 հարազատների ստորագրությամբ դիմում է ուղարկվում հանրապետության նախագահին: Սակայն փետրվարին նախագահի աշխատակազմից պաշտոնապես տեղեկացնում են, թե նախագահն այս խնդրում ոչինչ անել չի կարող եւ հարցը կլուծվի ԱԺ-կառավարության շրջանակներում: Գալիս է ամառը, Լարիսա Ալավերդյանը տեղեկացնում է, որ նախագահն իրեն ոչ մի պատասխան չի տվել: Երբ մահապարտներից 9-ը հրապարակային հանդես են գալիս «Առավոտում», նաեւ որոշ կոշտ արտահայտություններ թույլ տալով պաշտոնատար անձանց նկատմամբ, «հաշիվ պահանջելու» նպատակով սեպտեմբերի 7-ին նրանց է այցելում ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, սակայն խոստանում, որ կպատասխանի նրանց առաջ քաշած երկու հարցին, այն է՝ ո՞ր իրավագետի կողմից է պատրաստվել նախագահական ներման տեքստը եւ արդյոք փոփոխություններ կմտնի՞ նոր Քրեական օրենսգրքի մեջ: «9-ի նամակը» ուղարկվում է նաեւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին («Առավոտն» այդ մասին տեղեկացրել է այս տարվա հոկտեմբերին), սակայն որեւէ պատասխան չկա: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930