Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՉԱՓԱՀԱՍ

Նոյեմբեր 19,2005 00:00

ԱՆՉԱՓԱՀԱՍ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ Ինչպե՞ս են դպրոցներն իրականացնում «այո»-ի քարոզչությունը Նոր դասագիրք «Սահմանադրության հայոց լեզվի դասագիրքս է: Դպրոցում են տվել: Բայց չգիտեմ ինչու՝ ասել են կտաք մեծերին»,- ասաց Արամիկը՝ պայուսակից հանելով Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Նա սովորում է Կենտրոնի դպրոցներից մեկում, առաջին դասարանում: Ճիշտ է՝ ոչինչ չի հասկանում գրքույկում գրվածից, դեռ տառերն էլ ամբողջությամբ չի անցել: Փոխարենը սահմանադրական փոփոխություններն աչքի են անցկացնում ծնողները, հարազատները, եւ սա քարոզարշավի յուրօրինակ ձեւերից մեկն է: Դեռեւս նոյեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, հանդիպելով մայրաքաղաքի դպրոցների տնօրենների հետ, ցանկություն հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին լծվեն նաեւ տնօրենները: Իսկ վերջիններս դա ընկալեցին յուրովի. ոմանք մեզ հետ զրույցում ասացին, որ բացատրական աշխատանքներ կտանեն ուսուցիչների հետ, ոմանք՝ աշակերտների: Ոմանք էլ, փաստորեն, պարզապես նոր նախագիծն են բաժանում երեխաներին: Օրերս տնօրենների շրջանում անցկացված հարցումներով փորձեցինք պարզել, թե ինչ ընթացքի մեջ է դպրոցական քարոզարշավը Երեւանի դպրոցներում: Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթը դրված է իր սեղանին. «Ով ուզում է՝ գալիս վերցնում է: Ես պատասխանում եմ ուսուցիչներին հուզող բոլոր հարցերին, իսկ այդ հարցերը, հիմնականում, չգիտես ինչու, վերաբերում են երկքաղաքացիությանը»: Մ. Մատղաշյանն ավելացրեց, որ սահմանադրության թեմայի շուրջ հատուկ քննարկումներ դեռ չեն կազմակերպել: Սպանդարյանի անվան դպրոցի տնօրեն Սվետլանա Հեքիմբաշյանն ասաց, որ օրերս կայանալիք ուսուցչական խորհրդակցության ժամանակ անպայման կխոսվի նաեւ սահմանադրական բարեփոխումների մասին: Իսկ մինչ այդ՝ ինքը կծանոթանա բարեփոխումներին, հետո էլ ուսուցիչներին կծանոթացնի: Իսկ ծնողների շրջանում առայժմ, մեր դիմած դպրոցներում, ոչ մի քննարկում չի կազմակերպվել: Մռավյանի անվան դպրոցի տնօրենը հրաժարվեց այս հարցին հեռախոսով պատասխանել: Ըստ նրա՝ նման հույժ կարեւոր հարցերը չի թույլատրվում հեռախոսով քննարկել: Րաֆֆու դպրոցի տնօրեն Արտավազդ Անդրեասյանն էլ մեզ ասաց, որ քաղաքապետի հայտարարության մասին ոչինչ չի լսել եւ որեւէ քարոզչություն չի անում: Սակայն ավելացրեց, որ սահմանադրական բարեփոխումների հարցն այժմ քննարկվում է ցանկացած ընտանիքում: Թիվ 172 դպրոցի տնօրեն Գրիգոր Գեոլյանն էլ «Առավոտին» տեղեկացրեց, որ դպրոցում ոչ տեղ, ոչ էլ ժամանակ ունեն նման գործընթացով զբաղվելու համար. «Բոլորն էլ տեղեկացված են դրա մասին, էլ ինչ իմաստ ունի նման բաներ կազմակերպել: Իսկ մենք երկու հերթով ենք աշխատում, դահլիճ էլ չունենք»: Խախտումը շտկվո՞ւմ է Վերջերս «Նոր Հայաստան» հասարակական կազմակերպությունը երեւանյան մի շարք դպրոցների բարձր դասարանցիների հետ միասին դիմում-բողոք է գրել ՀՀ դատախազին եւ ԱԺ նախագահին: Դիմումում նշվել է, որ «այո»-ի պաստառները, հեռուստատեսային գովազդները, ուր հանդես են գալիս երեխաները, ոտնահարում են նրանց իրավունքները: Ըստ դիմում հղած երեխաների՝ նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր ստեղծում են այդ գովազդները: Մինչ օրս ոչ դատախազից, ոչ էլ ԱԺ նախագահից պատասխան չի ստացվել: Ըստ հ/կ նախագահ Էլեոնորա Մանանդյանի՝ այդպիսով խախտվում են «Երեխայի իրավունքների մասին», «Գովազդի մասին» օրենքները, Ընտրական օրենսգիրքը: Բերենք խախտման մի օրինակ. ՀՀ «Գովազդի մասին» օրենքի 14-րդ հոդվածով «արգելվում է այն գովազդը, որտեղ օգտագործվում են անչափահասների դյուրահավատությունն ու անփորձությունը: Արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձեւով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին»։ Հանուն արդարության նշենք, որ երեկ մեր ջանքերը՝ նկարել հայտնի գովազդային ցուցանակները, որտեղ փոքրիկ երեխաները «այո» են մատնանշում՝ որոշ փողոցներում զուր անցան: Մասնավորապես Մաշտոցի պողոտայից հանվել են միանգամից մի քանիսը: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել