Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ

Նոյեմբեր 19,2005 00:00

«Մեզ պետք է էվոլյուցիոն զարգացում» Ինչը, արեւմտյան փորձագետների կարծիքով, սկսվում է սահմանադրական փոփոխություններից: Երեկ հերթը Երեւանի ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողներինն ու դասախոսներինն էր՝ լսելու սահմանադրական փոփոխությունների մասին պատգամավորների մեկնաբանություններն ու «եկեք ազգովի «այո» ասենք հանրաքվեին» կոչերը: Իսկ երեկ պոլիտեխնիկցիների հյուրն էին ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ), Ոստանիկ Մարուխյանը (ՀՅԴ) եւ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ): Պատգամավորները համբերատար մեկ անգամ եւս անցան սահմանադրական հիմնական փոփոխությունների վրայով: Սակայն ամենից հատկանշականը Ս. Նիկոյանի արած համեմատությունն էր՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ: Նա հիշեցրեց արեւմտյան փորձագետների կարծիքը, ըստ որի՝ Վրաստանին պետք էր հեղափոխությունը եւ դրանից Վրաստանը միայն շահեց՝ բացի խոշոր ներդրումներից, լուծվեց Աջարիայի հարցը եւ այլն: Այնուհետեւ պրն Նիկոյանը մեջբերեց այդ նույն փորձագետների կարծիքը՝ Հայաստանի մասին, ըստ որի՝ Հայաստանի փրկությունն իր էվոլյուցիոն զարգացման մեջ է: Իսկ վերջինիս արտահայտությունն էլ նախ սահմանադրական այս փոփոխություններն են: Փաստորեն, Ս. Նիկոյանը հաստատեց այն, ինչ մինչեւ հիմա հերքվում էր. այսինքն՝ որ Արեւմուտքը որոշակի պարտավորություններ է դրել մեր առաջ՝ հանձին սահմանադրական փոփոխությունների: Ավելին՝ Ս. Նիկոյանը հիշեցրեց ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հնչեցրած կարծիքը, թե սահմանադրական փոփոխությունները մեծ նշանակություն ունեն հայ ժողովրդի համար՝ եվրոինտեգրման ճանապարհին: «Եթե դուք հիշում եք, դեսպանը ընդդիմության կողմից քննադատության ենթարկվեց, թե իբր ԱՄՆ դեսպանը խառնվում է Հայաստանի ներքին գործերին»,- ներկաներին մեկ անգամ եւս հիշեցրեց պատգամավորը: Եվ դահլիճից կամացուկ հնչեց. «Իբր այդպես չի, հա՞»: Դահլիճին ընդհանուր առմամբ թույլատրվում էր միայն անմեղ հարցեր տալ բանախոսներին: Բուհի ռեկտոր Յուրի Սարգսյանը հաշվիչ տեխնիկայի ամբիոնի պրոֆեսոր, մեքենայական թարգմանության լաբորատորիայի վարիչ Էդուարդ Մանուկյանին նույնիսկ հնարավորություն չտվեց կարծիք հայտնելու՝ հնարավոր «ոչ»-ի տրամադրությունն զգալուն պես: Իսկ պրն Մանուկյանը պատրաստվում էր ասել հետեւյալը. «Մինչեւ վերջերս ես բոլորին իմ շրջապատում քարոզում էի՝ ասել «այո»: Բայց հետո կարծիքս փոխեցի: Եթե մենք սահմանի հարցը թողնում ենք, որ խորհրդարանը որոշի, այսինքն՝ մարդ, որը չի կռվել, եւ արդեն իսկ ծախված է… (Է. Մանուկյանը նշում է որոշ մականունավոր պատգամավորների անուններ- Հ. Բ.): Մարդիկ, ովքեր տնտեսական շահ ունեն, նրանք արդեն իսկ ծախված են, կախյալ մարդիկ են: Մարքսն ասում էր՝ պրոլետարն ամենաանկախ մարդն է, որովհետեւ ոչինչ չունի կորցնելու»: Նույն պատճառով էլ պրն Մանուկյանն էր համարձակ խոսում: Թեեւ, մեր տվյալներով, նրան ամբիոնի վարիչությունից մի անգամ արդեն զրկել են: Պրն Մանուկյանը շարունակեց. «Պողպատյան Գրիշան, մեր կապի նախկին նախարարը, իմ ընկերն էր, ծախեց «ԱրմենՏելը», փողերը դրեց գրպանը, փախավ: Հիմա Բոհեմյան կղզիներում պալատներ ունի, այնտեղ է ապրում: Մեր պատգամավորներից մեծ մասին էլ կարող ես փողով առնել»: Է. Մանուկյանին, ի թիվս այլ կետերի, դուր չի գալիս նաեւ այն, թե ով կարող է դառնալ հողի սեփականատեր. «Գրված է՝ միայն երկրի քաղաքացին, բայց հատուկ դեպքերում նաեւ՝ օտարերկրացին: Դա «լազեյկա» է, առանց այն էլ պարսիկն ու թուրքը այսօր մեր հողը գրավում են»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել