Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ

Նոյեմբեր 19,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻԴԵԱԼԱԿԱՆ Է ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ Ֆրանսահայ հայտնի խոհարար Ալեն Ալեքսանյանը ցուցադրեց իր արվեստը Ալեն Ալեքսանյանը 1910թ. Օսմանյան Թուրքիայից փախած եւ հազարավոր այլ հայերի պես Ֆրանսիայում ապաստան գտած մի ընտանիքի զավակ է: Սակայն այսօր նրա անունը հայտնի է ոչ միայն հայրենի Լիոնում, որտեղ նա ունի շատ հարգի «L8217 Alexandrin» ռեստորանը, այլեւ ողջ Ֆրանսիայում: 1986-ին քսանվեցամյա Ալենի հիմնադրած «L Alexandrin» ռեստորանն ընդամենը հինգ տարի անց՝ 1991-ին, ստացել է «Միշելինի աստղ», որը Ֆրանսիայի ամենահեղինակավոր պարգեւներից է՝ ռեստորանային բիզնեսի ոլորտում: Այս ռեստորանը իր այցելուներին գրավում է ոչ միայն հրաշալի սպասարկման, սննդամթերքների բացառիկ որակի, այլեւ՝ հատկապես բազմազան ճաշացանկի շնորհիվ: Մենյուի մեջ տեղ են գտել մի քանի բաժիններ՝ բանջարեղենային, լիոնյան, ինչպես նաեւ՝ «Հռիփսիմեի ճաշացանկը»: Հռիփսիմեն Ալեն Ալեքսանյանի տատիկն է, ում շնորհիվ ապագա խոհարարը բացահայտել է համերի եւ հոտերի կախարդական աշխարհը, ինչպես նաեւ՝ սովորել հայերեն: Ճիշտ է, այսօր նրա հայերենը շատ ավելի թույլ է (խոսում էր թարգմանչի օգնությամբ), քան իր դստրիկինը, որը 12 տարեկան է: Ի դեպ, հենց դստեր խորհրդով է պարոն Ալեքսանյանը հիմնադրել իր մյուս՝ «A.» (արտասանվում է՝ «A Point») ռեստորանը, որը գտնվում է ոչ այնքան սովորական մի վայրում՝ Լիոնի Ս. Ջոզեֆ ավանգարդ ոճի հիվանդանոցում: «Ինձ ասում ես՝ «Մաքդոնալդս» մի կեր, առողջ սնունդ օգտագործիր, սակայն գրպանի ծախսերի համար տված քո գումարը այդ որակի սննդին չի բավականացնում»՝ արդարացիորեն բողոքել է Ա. Ալեքսանյանի դստրիկը, եւ հայրը մտահղացել է բացել մի այնպիսի ռեստորան, որը լինի մատչելի, սակայն՝ մատուցի իսկական, որակյալ սնունդ: Չնայած իր սարսափելի զբաղվածությանը (պարոն Ալեքսանյանը, բացի վերոնշյալ ռեստորանների սեփականատերը լինելուց, համագործակցում է նաեւ սննդի ոլորտի մի շարք լուրջ եւ խոշոր ցանցերի ու մասնավոր կոնցեռնների հետ՝ Նիցցայում, Աննիսում, Գրենոբլում եւ այլուր), այս օրերին Ալեն Ալեքսանյանը Երեւանում է: Նա առաջին անգամ է հայրենիքում, սակայն վստահ է, որ սա միայն սկիզբն էր: «Ֆրուտֆուլ Արմենիա» հիմնադրամի կազմակերպած «Էկոլոգիական սննդամթերք եւ էկոլոգիական գյուղատնտեսություն Հայաստանում» խորագրով կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ալեն Ալեքսանյանը հույս հայտնեց, որ երբեւէ իր ստեղծած էկոլոգիական սննդի «A.» ռեստորանը կդառնա ցանց, եւ կընդգրկի ոչ միայն Փարիզը, Բարսելոնը, Միլանը, Ստրասբուրգը (սա արդեն ծրագրված նպատակներ են), այլեւ՝ Երեւանը: Նա վստահ էր, որ Հայաստանը մեծ ապագա ունի էկոլոգիական սննդի եւ գյուղտնտեսության ոլորտներում հնարավոր զարգացումների առումով: Երեւան ժամանելուն պես, պարոն Ալեքսանյանը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, որտեղ նոյեմբերի 17-18-ին կայացավ վերոհիշյալ կոնֆերանսը, «Արմենիա-Մարիոթի» շեֆ-խոհարար Պյոտր Մալեցկու հետ պատրաստեց իր բաղադրատոմսերից մեկը՝ «Պապիյոնը»: Համբավավոր հյուրին հաճույքով ընկերակցած Պյոտր Մալեցկին, որ ազգությամբ լեհ է, սակայն խոսում է ոչ միայն մայրենիով, այլեւ՝ ռուսերեն, անգլերեն, մի քիչ գերմաներեն եւ մի քիչ հայերեն, հպարտությամբ մատուցում էր Ալեքսանյանի խնդրած մթերքները, նկատելով՝ «Հայաստանը իդեալական վայր է էկոլոգիական սննդի ոլորտի զարգացման համար, այստեղ ամեն ինչ արտակարգ համեղ է»: Ֆրանսիայից ժամանած հյուրերի «աս ունե՞ք, ան ունե՞ք, Հայաստանում աս կա՞, ան կա՞» ոճի հարցերին մեր լեհ բարեկամը հպարտորեն պատասխանում էր՝ «Հայաստանում ամեն ինչ կա եւ շատ լավ որակի»: Մասնավորապես, հյուրերին զարմացրել էր, որ Հայաստանում կա «բրոնզե» շաքար՝ ոչ ռաֆինացված, քիչ վերամշակված շագանակագույն շաքարավազը: Ըստ պարոն Մալեցկու, այդ շաքարավազից կարելի է գնել երեւանյան մի քանի խոշոր սուպերմարկետներում: Ա. Ալեքսանյանը խորհուրդ էր տալիս սննդի մեջ օգտագործել հատկապես այս շաքարը, քանի որ այն շատ ավելի մաքուր է եւ կրկնակի մշակման չի ենթարկվել: Կարծում ենք, այսքանից հետո չենք կարող չհրապարակել պարոն Ալեքսանյանի այդ բաղադրատոմսը: Եվ այսպես՝ ՊԱՊԻՅՈՆ՝ Ալեն Ալեքսանյանից: Պահանջվող մթերքները 1 բաժնի համար – 1տանձ, 1խնձոր, 0,5 լիմոն, 30գ կարագ, 1 լիքը ճաշի գդալ «բրոնզե» շաքարավազ (բացակայության դեպքում կարելի է փոխարինել սովորականով, բայց՝ Ալեքսանյանի աչքից հեռու), 1 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ մանրած ընկույզ, 1 ճաշի գդալ կաթի սեր (այս վերջինը կարելի է փոխարինել թթվասերով կամ հանել բաղադրատոմսից): Պատրաստումը – վերցնել նրբաթիթեղի (ֆոլգա) այնպիսի կտոր, որից պատրաստված գրպանիկի մեջ ազատ կտեղավորվի վերը նշված մթերքների բույլը: Նրբաթիթեղի կեսի վրա բարակ շերտով կարագ քսել, ապա կարագապատ հատվածի վրա լցնել խորանարդաձեւ կտրատված տանձն ու խնձորը, լիմոնի վրայից քերված մի քիչ կեղեւը, ապա՝ լիմոնի հյութը, մանր կտրատած 25գ կարագը, 1գդալ «բրոնզե» շաքարը: Նրբաթիթեղի մյուս, ազատ հատվածով ծածկել մրգերի բուրգը, եւ նրբաթիթեղի եզրերն ամրացնել այնպես, որ որեւէ բաց տեղ չմնա: Այնուհետեւ 4-5 րոպե դնել նախապես մինչեւ 200-220 աստիճան տաքացված ջեռոցը: Հանելուց եւ գրպանիկը բացելուց 1-2 րոպե հետո մրգերի վրա լցնել մեղրը, ընկույզը եւ կաթնասերը: Բարի ախորժակ եւ առողջություն ձեզ: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել