Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ

Նոյեմբեր 23,2005 00:00

«ԵՍ ՁԵԶ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ԻՍԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԻ» Արթուր Բաղդասարյանին Մայդանում ելույթի է հրավիրել Ուկրաինայի նախագահը – Պարոն Բաղդասարյան, ի՞նչ հարցեր քննարկվեցին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ հանդիպման ժամանակ: – Քննարկվեց հարցերի բավականին լայն շրջանակ: Փաստորեն ուկրաինական հեղափոխությունից հետո սա մեր առաջին պաշտոնական այցն էր, եւ այս այցով, փաստորեն, մենք հիմք դրեցինք ուկրաինական նոր իշխանությունների հետ քաղաքական նոր համագործակցության: Մենք պայմանավորվեցինք զարգացնել երկկողմ հարաբերություններ տարբեր ոլորտներում, որը կընդգրկի եւ խորհրդարանական, եւ միջպետական համագործակցություն: Ժողովրդավարական գործընթացների պոռթկումը, որ տեղի է ունենում այս երկրում, կարծում եմ՝ իր գագաթնակետին կհասնի չորս ամիս հետո, խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եւ հիմա, ըստ էության, այս երկրում բավականին բուռն գործընթաց է: Մեր հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային, տնտեսական, մշակութային հարցեր, ինչպես նաեւ առաջիկա ընտրություններին, նախընտրական իրավիճակներին բնորոշ խնդիրներ: – Իսկ դուք հետաքրքրվեցի՞ք, թե Յուշչենկոն անձամբ ինչպես է գնահատում անցած մեկ տարին: Մենք նկատեցինք, որ ուկրաինացիների մեջ դժգոհությունը բավականին մեծ է: – Հանդիպման ընթացքում այդ հարցին նույնպես անդրադարձանք: Յուշչենկոն գտնում է, որ ուկրաինական հասարակության առջեւ այսօր լրջագույն խնդիրներ են ծանրացած, եւ իրենք հույս ունեն, որ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը շատ ավելի երկար ժամանակ կունենա իրականացնել խոստումները եւ ծրագրավորված բարեփոխումները: Նա Ուկրաինայի համար կարեւոր երկու իրողություն էր նշում՝ ԵՄ անդամակցությունը եւ հատուկ ռազմավարական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Այսինքն՝ Յուշչենկոյի կարծիքով, քաղաքական հաջողություններն ակնհայտ են՝ խոսքի եւ մամուլի ազատություն, երթերի եւ հանրահավաքների ազատություն, եւ հիմա նրանք մտադիր են անցնել տնտեսական բարեփոխումների: Բայց իրենք էլ են ընդունում, որ հեղափոխությունից հետո տնտեսական վիճակը չի լավացել: – Ինչպե՞ս էր Յուշչենկոն վերաբերվում այն փաստին, որ ներկայիս ուկրաինական ընդդիմությունը բոլոր բացասական երեւույթները ներկայացնում է որպես հեղափոխության հետեւանք: – Ինքը քննադատությանը նորմալ էր վերաբերվում եւ ասում էր, որ ինքն էլ իր տեսակետը պիտի ներկայացնի: Համենայնդեպս, նա այդ քննադատությունից ընկճված մարդու տպավորություն չթողեց: Տրամադրված էր վճռական եւ վստահ էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողություն կունենա: – Հանձին Հայաստանի՝ ինչպիսի՞ գործընկեր են տեսնում Ուկրաինայում, համագործակցության ինչպիսի՞ եզրեր կան: – Կարելի է ասել, որ ուկրաինական հեղափոխությունից հետո հայ-ուկրաինական հարաբերությունները «կանգառի վիճակում էին»: Եվ այդ պատճառով էլ մեր բոլոր հանդիպումների ընթացքում շեշտվում էր, որ սպասվում են երկկողմ հարաբերությունների զարգացում տարբեր ոլորտներում՝ առեւտրատնտեսական հարաբերություններից սկսած եւ վերջացրած միջազգային կառույցներում եւ միջխորհրդարանական համագործակցությամբ: Ուկրաինան չի թաքցնում, որ ինքը ստանձնել է ժողովրդավարություն տարածողի դերը եւ ԱՊՀ երկրներում, եւ հարեւան երկրներում, նաեւ՝ նախագահ Յուշչենկոն մեր հանդիպման ժամանակ այդ մասին խոսում էր բաց տեքստով: – Յուշչենկոն ձեզ հրավիրեց ելույթ ունենալ Մայդանում, եւ դուք կարծես համաձայնեցիք: Ինչո՞վ եք բացատրում այդ հրավերը: – Այդ հրավերը ինձ համար էլ մի քիչ զարմանալի էր: Բայց եթե երկրի նախագահը հանդիպման ընթացքում երեք անգամ կրկնեց իր հրավերը, մերժելը ես կոռեկտ չեմ համարում, մանավանդ, որ Յուշչենկոն ասաց. «Ես ձեզ հրավիրում եմ որպես իսկական ժողովրդավարի»: Համաձայնեք, որ այս հրավերի մեջ նաեւ գնահատական կար: Համենայնդեպս՝ ես չեմ խորշում ժողովրդավարությունը տարածելուց եւ այդ արժեքները մեր երկրում արմատավորելուց: Կարծում եմ, որ նաեւ խորհրդանշական է, որ մեր պատվիրակության այցը համընկավ ուկրաինական հեղափոխության մեկամյա հոբելյանի հետ, եւ սա լավ առիթ է մեր պատվիրակության, խորհրդարանի կողմից նրանց շնորհավորել եւ մաղթել երկրային հաջողություններ՝ ամենօրյա, հետեւողական աշխատանքով ամրապնդելու իրենց հաջողությունները: – Ձեր կարծիքով, ձեր ելույթը Կիեւի նարնջագույն հեղափոխության հրապարակում ինչպիսի՞ արձագանք կունենա Երեւանում: – Կլինեն մարդիկ, ովքեր կքննադատեն, կլինեն մարդիկ, ովքեր կողջունեն, բայց մենք արտահայտում ենք տեսակետներ, եւ ես որպես խորհրդարանի նախագահ ընդունեցի Ուկրաինայի նախագահի հրավերը եւ իմ խոսքը կասեմ: Կարծում եմ, շատ հետաքրքիր է Մայդանում բազմահազար ունկնդիրների առաջ ելույթ ունենալ: «Առավոտի» եւ այլ լրատվամիջոցների հարցերի հիման վրա պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ Կիեւ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել