Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԹԼԵՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՉԱՐԴԱՐԱՑՐԻՆ

Դեկտեմբեր 02,2005 00:00

ԱԹԼԵՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՉԱՐԴԱՐԱՑՐԻՆ Գնահատվում են ֆեդերացիաների աշխատանքները Երեկ Սպորտպետկոմում սկսվեց անցնող տարում մարզական ֆեդերացիաների գործունեության մեջ մրցաշրջան-2005-ում ունեցած արդյունքների քննարկումը: Առաջինն ընտրվել էին հրաձգությունն ու աթլետիկան: Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը նախ ներկաներին հայտարարեց, որ այս քննարկումը միանգամայն բնական է, քանի որ պետությունը շարունակում է ֆեդերացիաներին ֆինանսական, նյութական աջակցություն ցույց տալ, հետեւաբար, պետք է իմանա, թե այդ միջոցներն ինչպե՞ս են օգտագործվում, որքանո՞վ են ծառայում նպատակին: Նա նաեւ հատուկ նշեց, որ եկող տարվանից ինքն այլեւս արտասահմանյան մրցուղերթների մեկնողների ցուցակ չի ստորագրելու, որի մասին պաշտոնական նամակներով իրազեկ է պահել Հայաստանում գտնվող բոլոր դեսպանատներին: «Անկեղծ պիտի ասեմ, որ մինչեւ իմ այս պաշտոնն ստանձնելը, Սպորտկոմիտեն ավելի շատ տուրիստական բյուրո է եղել: Իմ պաշտոնավարման առաջին տարիներին չկար ամիս, որ դեսպանատներից գրություններ չստանայինք այս կամ այն մարդու հետ չգալու մասին: Շատերով հետաքրքրվում էին նաեւ մեր անվտանգության ծառայությունները: Համառ ու հետեւողական աշխատանքի գնով կարողացանք վերջ տալ այդ երեւույթին: Այսուհետեւ այդ ցուցակների տակ ստորագրելու են ֆեդերացիաների նախագահները: Այնպես որ, կոչ եմ անում զգոն լինեն, քանի որ նրանք են պատասխան տալու»,- ասաց նա: Հրաձգության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ներկայացրեց մեր մարզիկների նախապատրաստության ընթացքը միջազգային պաշտոնական մրցումներին ու մասնակցությունը դրանց: Ինչպես միշտ, հիմնականում հաջող է հանդես եկել մարզաձեւի առաջատարը՝ Նորայր Բախտամյանը, որը նվաճել է թե ոսկե, թե արծաթե մեդալներ: Սակայն եղել են նաեւ մրցումներ, որտեղ նա զենքի մաշվածության պատճառով ցույց է տվել իր հնարավորություններից ցածր ցուցանիշներ: Ս. Նիկողոսյանը տեղեկացրեց նաեւ, որ չնայած այսօր հանրապետությունում հրաձգությամբ զբաղվողների ընդհանուր թիվը լավագույն դեպքում կհասնի մոտ 150-ի, սակայն, ի դեմս Անի Առաքելյանի, Լիլիթ Նիկողոսյանի ու էլի մի տասը հոգու, կա հեռանկարային աճող սերունդ, որն արդեն իրեն լավագույն կողմերով է դրսեւորել միջազգային ասպարեզներում՝ տանելով առաջին հաղթանակները: Ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը հիմնականում խոսեց մարզաձեւի զարգացման համար անհրաժեշտ խնդիրների մասին, առանց որոնց լուծման՝ կայուն բարձր արդյունքներ չեն լինի: «Մենք ունենք մասնագետների խնդիր,- ասաց նա:- Բազմիցս դիմել ենք ֆիզկուլտուրայի ինստիտուտում հրաձգության բաժին բացելու առաջարկով, սակայն հարցը դեռ օդում կախված է մնում: Կա որոշում, որ մարզադպրոցներում մարզիչ աշխատել կարող են միայն սպորտի վարպետի կոչում եւ բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Հայաստանում մասնագիտական կրթություն չի իրականացվում: Ինչպե՞ս ենք վարվելու: Զենքի խիստ սակավության խնդիր ունենք: Հեռանկարային ավելի շատ մարզիկներ կան, բայց նրանց առաջին հերթին պետք է տեխնիկայով ապահովել: Մեր ունեցած զենքն իր դարն ապրել է: Բայց անչափ կարեւոր է հետեւյալը. այն մարզիկները՝ ում հետ հույս ենք կապում, պետք է իրենց անձնական զենքն ունենան: Եթե, օրինակ, ես իմ ղեկավարած դպրոցի զենքերը տամ այդ երեխաներին, ուրեմն մյուսները չպետք է մարզվեն: Մենք փամփուշտի, սպորտի վարպետի նորմա լրացրած ու միջազգային մրցումների մեկնող հրաձիգի հատուկ մարզահագուստի շատ մեծ պահանջ ունենք: Սրանք խնդիրներ են, որոնք շատ կարեւոր են մեր մարզաձեւում»: Ի պատասխան Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ հրաձգությունը, բացի մարզաձեւ լինելուց, կարեւոր է երկրի անվտանգությունն ապահովելու համար եւ այդ պատճառով էլ հրաձգության զարգացման հատուկ ծրագիր է մշակվում, որը եկող տարվա սկզբներին ներկայացվելու է կառավարություն: Վերջում Հրաձգության ֆեդերացիայի աշխատանքը մարզական ցուցանիշների առումով գնահատվեց բավարար: Այնուհետեւ հաշվետվությամբ հանդես եկավ աթլետիկայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը: Նա երկար խոսեց, սակայն, ըստ էության, քննարկման բուն պահանջներին առնչվող քիչ բան ասաց: Որպես աթլետների ձեռքբերումներ՝ նա հիմնականում ներկայացրեց այն ցուցանիշները, որոնք մեր մարզիկները ցույց են տվել միջին մակարդակի միջազգային մրցումներում: Ներկաներին դա, բնականաբար, չբավարարեց: Մասնավորապես, սպորտի պետական կառույցի ղեկավարին հետաքրքրեցին մի քանի հարցեր: Օրինակ, 90-ականների վերջերին մեր պատանի աթլետները ԱՊՀ երկրների պատանեկան խաղերում գրավել են 5-րդ տեղ, մի քանիսն էլ մտել են առաջին տասնյակ: Դրանից հետո նրանց ցուցանիշները որքա՞ն են բարձրացել ու մայր ֆեդերացիայի հովանու ներքո անցկացված մրցումներում գրաված տեղերի առումով առաջընթաց կա՞ արդյոք: Կամ, ինչո՞վ է հիմնավորված ֆեդերացիային հատկացված գումարներով թույլ մրցումների ամբողջ թիմերով մասնակցելը: Ավելի նպատակահարմար չէ՞ր լինի փաստացի ֆինանսներն անիմաստ վատնելու փոխարեն՝ դրանք նպատակաուղղել տեղում մարզաձեւը զարգացնելուն, մեր հեռանկարային մարզիկների (այդպիսիք նույնպես կան) համար լիարժեք մարզումներ, հավաքներ կազմակերպելուն, նրանց, թեկուզ քիչ քանակով, բարձրակարգ մրցումներ գործուղելուն, որտեղ իսկապես փորձ ձեռք կբերեին, վարպետությունը կբարձրացնեին: Մի բան եւս. ֆեդերացիայի ֆինանսների առյուծի բաժինը տրամադրվում է Երեւանին, Գյումրիին, Վանաձորին, սակայն միջազգային ասպարեզներում շատ թե քիչ բավարար արդյունքներ հանրապետությանը բերում են Կապանի աթլետները: Հետեւաբար, ֆեդերացիայի ու հավաքականի մարզիչների աշխատանքները ճիշտ չեն կազմակերպվում: Հնչած այս եւ մյուս հարցերը կամ մնացին անպատասխան, կամ էլ հնչեցին խուսափողական պատասխաններ: Վերջում Իշխան Զաքարյանը հայտնեց իր կարծիքը՝ ֆեդերացիայի աշխատանքը 2005 թվականին գնահատել անբավարար: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել