Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍԱ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔՆ Է»

Դեկտեմբեր 03,2005 00:00

«ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍԱ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔՆ Է» Հանրաքվեի մասին երեկ հայտարարեց Սերժ Սարգսյանը Երեւանի Ավան թաղամասում կիսակառույց հսկա համալիրը տրվել է ՊՆ-ին՝ նախարարության նոր համալիրի կառուցման համար. «Որ պաշտպանության նախարարությանը անհրաժեշտ է կառույց, որը կապահովի զորքերի ամենօրյա հստակ ղեկավարումը, սա միանշանակ է: Միանշանակ է նաեւ, որ այսօր պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումները, գտնվելով տարբեր շենքերում, իհարկե, որոշակի դժվարություն են հարուցում զորքերը նորմալ ղեկավարելու գործում: Եվ 2004 թվականին հանդիպելով պարոն Ռուդյակի հետ, որը ցանկություն հայտնեց Հայաստանում ներդրումներ կատարել, իսկ նրա գլխավորած կառույցը շատ հզոր շինարարական կառույց է, մենք որոշակի բանակցային գործընթացից հետո եկանք այն համոզման, որ հենց իր կառույցը պետք է այս գործն ավարտի, դրա համար այսօր մենք այստեղ ենք»: Երեկ մետաղյա պարկուճի մեջ տեղավորվեց պաշտպանության նախարարի, շինարարական ընկերության եւ Երեւանի քաղաքապետի ստորագրությամբ (թեպետ քաղաքապետ Երվանդ Զախարյանին ոչ ոք չտեսավ) հուշագիրը եւ հանձնվեց հողին՝ պարկուճի վրա նախարարը եւ շինարարական կառույցի ղեկավարը բետոն լցրեցին, նախարարը նույնիսկ հիշեց, որ ջահել ժամանակ նման գործեր ինքն արել է: Այս սուրբ արարողությունից հետո նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին, ավելի ճիշտ՝ «Ազատություն» ռադիոկայանի, որն առաջինը ուզեց իմանալ՝ քանի որ պաշտպանության նախարարության նոր շենքը շահագործման կհանձնվի 2007-ի մարտին, իսկ դրանից երկու ամիս հետո խորհրդարանական ընտրություններն են, արդյոք Սերժ Սարգսյանը դարձյա՞լ կլինի պաշտպանության նախարարության շենքում, մանավանդ այս տարի Վաշինգթոնում նա հայտարարել էր, որ մասնակցելու է ընտրություններին: Ի պատասխան այս հարցի, նախարարն ասաց. «Դժվար է ասել, թե ո՞ր շենքում կլինեմ, կարող է նույնիսկ մեր տանը լինեմ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան վստահություն կունենանք, թե ինչքան քվե կունենանք»: Իսկ ո՞ր ուժի հետ է պաշտպանության նախարարը մասնակցելու խորհրդարանական ընտրություններին. «Այդ հարցին մենք պատասխանելու ենք Ծննդյան տոներից հետո»: Արդյոք դա չի՞ լինելու «Հանրապետական» կուսակցությունը, որի ցուցակում արդեն մեկ անգամ Սերժ Սարգսյանը եղել է երկրորդը»: Այս հարցին էլ հստակ պատասխան չտրվեց, թեպետ ենթատեքստում հասկանալի էր, որ հենց այդ կուսակցության մասին է խոսքը: Իսկ «Առավոտի» հարցը Սերժ Սարգսյանին երեկ զայրացրեց, եւ նա հայտարարեց, թե մեր հարցերին չի պատասխանի: Մենք հարցրել էինք, թե ինչպե՞ս է նախարարը գնահատում Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, այսինքն՝ ընդդիմության հանրահավաքները, հանրաքվեի արդյունքներից ժողովրդի դժգոհությունը եւ իշխանությունների կողմից կատարված մեծաթիվ կեղծիքները: Պատասխանը հնչեց այսպես. «Այսինք՝ դուք դատախա՞զ եք եւ արդեն որոշել եք, որ իշխանությունները կեղծիքնե՞ր են արել, ես ձեր հարցին չեմ պատասխանում»: «ՀԺ»-ի հարցին՝ իսկ ինչպե՞ս եք վերաբերվում հանրաքվեի արդյունքներին, պատասխանեց. «Նորմալ»: «Ազատությունը» փորձեց հստակեցնել. «Ընդդիմությունը քաղաքական դիմում է ներկայացրել, որը, որպես իշխանության, նաեւ ձեզ է ուղղված՝ անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքը»: Պատասխանեց. «Նախ ես երեկ շատ ուշ եմ վերադարձել, վերջին զարգացումներին տեղյակ չեմ, բայց մի քանի հոգի կարող են մշտապես ցանկություն հայտնել անվավեր ճանաչելու հանրաքվեի արդյունքները, չեմ կարծում, որ դա հիմնավորված կարող է լինել»: Այնուամենայնիվ, մեր մեկ հարցին եւս պատասխան փորձեցինք ստանալ. հարցն այն մասին էր, թե նախարարն առաջիկայում ո՞ւր է պատրաստվում մեկնել, մանավանդ՝ վերջին շրջանում շարունակ ինչ-որ տեղեր է մեկնում, երկրում քիչ է լինում: Պատասխանեց, որ դեռ չգիտի. «Գնամ գործի տեղը, գուցե հրավերներ լինեն»: «Ազատությունը» նկատեց, որ ընդդիմության դիտորդները խոսում են բանակի կրկնակի քվեարկության դեպքերի մասին. «Սուտ է, այդպիսի բան չկա, ընդհակառակը, կարող եք համեմատել, թե անցյալ ընտրություններին, նախանցյալ ընտրություններին բանակից ինչքան մարդ է մասնակցել, ցուցակները կարող եք հաշվել եւ համեմատել»: Իսկ բանակում չե՞ն գրանցվել հանրաքվեն բոյկոտելու դեպքեր. «Դե լուրջ եղեք, էլի, անլուրջ հարցերին ես չեմ պատասխանում»,- եղավ պատասխանը: Բայց եթե իրոք ժողովրդավարական երկրում ենք ապրում, ապա ամենեւին էլ անլուրջ չէր լինի, եթե բանակում ծառայող մեկը դեմ լիներ փոփոխություններին եւ բոյկոտեր, ո՞վ ասաց, որ բանակը պարտավոր է միակարծիք լինել բոլոր հարցերում: Իսկ հավատո՞ւմ է Սերժ Սարգսյանը, որ հանրաքվեին մասնակցել է մեկուկես միլիոն մարդ: Այստեղ էր, որ տրվեց պատասխան. «Ես հավատում եմ, որ հանրաքվեն անցել է, ես հավատում եմ, որ մեկ երրորդից ավելին «այո» է ասել, ես հավատում եմ, որ սա մեր ժողովրդի կամքն է»: Նախարարը չպատասխանեց նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ նախագահի խորհրդին չհետեւեց եւ սահմանադրական հանրաքվեի օրը բաց չքվեարկեց: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել