Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանիան նախադեպերի երկիր է

Դեկտեմբեր 14,2005 00:00

Այդ երկրում դատավորները տհաճությամբ են
վերաբերվում իրավաստեղծմանը «Դատավորներ են դառնում փորձված
փաստաբաններից, որոնք ունեն 7-15 տարվա աշխատանքային ստաժ: Միացյալ Թագավորությունում
երբեք նոր ավարտածը միանգամից չի դառնա դատավոր»,- երեկ «Նախադեպի իրավունքի կիրառումը
Անգլիայի համակարգում» զեկուցումով հանդես գալով՝ այդպես արտահայտվեց Լոնդոնի Սաութ
Բենկ համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, Անգլիայի եւ Ուելսի գերագույն դատարանի
փաստաբան Անդի Անգերը: Անդրադառնալով նախադեպի տեսությանը եւ բերելով դատական որոշումների
բազմաթիվ օրինակներ, պարոն Անգերը ասաց, որ իր երկրում դատարանները պարտավոր են առաջնորդվել
դատական համակարգի հիերարխիկ կառուցվածքում իր նկատմամբ վերադաս հանդիսացող ցանկացած
դատարանի որոշմամբ: Նա նշեց, որ նախադեպային գործերը պետք է կիրառվեն օրենքի մեկնաբանմամբ:
Վիճակագրության համաձայն, Միացյալ Թագավորությունում 1%-ից պակաս գործերն են հայտնվում
դատարաններում, իսկ մնացածները լուծվում են բանակցություններով, այսինքն՝ հաշտությունով:
Միայն 50-100 գործ քննության է դրվում լորդերի պալատում: Դատարանի աստիճանակարգը
Անգլիայում եւ Ուելսում հետեւյալն է. լորդերի պալատ, վերաքննիչ դատարան, քաղաքացիական
գործերով բարձր դատարան, քրեական գործերով 3-րդ աստիճանի դատարան: Ըստ զեկուցողի՝
դատավորի իրավասությունը սահմանափակվում է նրանով, որ նա քննում է, թե ինչպես պետք
է կիրառվի գործող օրենքը լուծման ենթակա տվյալ գործի էական փաստերի նկատմամբ: Բրիտանացի
դատավորները չեն ընդունում իրավաստեղծման ցանկացած ակնարկ եւ չունեն «պառլամենտի
օրենսդրական ռեսուրսները»: Սաութ Բենկ համալսարանի դեկանի կարծիքով, «չափազանց հաճախակի
տեղի ունեցող արմատական իրավաստեղծումը հանգեցնում է հետադարձ ուժ ունեցող նորմերի
ձեւավորմանը եւ կասկածի տակ է դնում իրավունքի որոշակիությունը եւ վստահությունը
նրա նկատմամբ»: Այսօր «Գոլդեն Պալաս» հյուրանոցում կշարունակվի նախադեպի իրավունքի
կիրառմանը նվիրված երկօրյա միջազգային սեմինարը, որին իրենց մասնակցությունն էին
բերել Բրիտանիայի փոխդեսպանը, ԱՄՆ իրավաբանների ընկերակցության նախագահը, բրիտանական
«Արեւելք-Արեւմուտք» կենտրոնի նախագահը, Ալյասկայի նահանգի քրեական գործերով փաստաբանը,
ինչպես նաեւ Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, մեր դատարանների
դատավորները: «Դատական նախադեպի տարրերը մեզանում օգտագործվում են մարդու իրավունքների
եւ հիմնարար ազատությունների հետ կապված գործերում»,- ասաց նախարար Հարությունյանը
եւ առաջարկեց, որպեսզի դատական ակտերը հրապարակվեն, եւ ձեւավորվի իրավական մշակույթ:
«Աղետ է դատական որոշումների անհետեւողականությունը»,- ասաց ՀՀ վճռաբեկ դատարանի
նախագահ Հովհաննես Մանուկյանը, որի կարծիքով՝ իրավական ակտերի հեղեղը դասակարգման
կարիք ունի, մասնավորապես՝ մեկնաբանության միջոցով: «Իրավական նորմի մեկնաբանումը
չի կարող տրվել մեկ անգամ՝ բոլորի համար»,- ասաց նա: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել