Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը

Դեկտեմբեր 14,2005 00:00

Ընդդիմությունը դատի է տալիս ԿԸՀ-ին Իսկ ավելի ճշգրիտ՝ ԿԸՀ 7 անդամների, թերեւս, Համլետ Աբրահամյանի գլխավորությամբ Ընդդիմադիր «17+1» միավորման հանրաքվեի օրինականությունը վերահսկող հանձնաժողովի ներկայացուցիչները, ի դեմս Ռուբեն Թորոսյանի ու «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի, երեկ ասուլիս էին հրավիրել՝ հայտարարելու համար, որ ընդդիմությունը շարունակում է պայքարը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները վիճարկելու ուղղությամբ՝ ոչ միայն հանրահավաքների ու այլ, դեռ չհստակեցված մեթոդներով, այլեւ շատ ավելի կոնկրետ քայլերով: «Հանրաքվեն պարզորոշ կերպով ապացուցեց, որ ՀՀ-ում իշխանությունը զավթված է մի խումբ մարդկանց կողմից: Իշխանությունը զավթված է համարվում, երբ երկրում գործում են ոչ թե գրված օրենքները, այլ չգրված, ասենք՝ Ռոբերտ Քոչարյանի այսինչ օրենքը, ասենք՝ երբ միջազգային բոլոր նորմերով ընդունված է փակ գաղտնի քվեարկություն անել, բայց Ռոբերտ Քոչարյանի օրենքներով քվեարկությունը բաց է արվում»,- երեկ հայտարարել է հանձնաժողովի համակարգող Ռուբեն Թորոսյանը: Ընդ որում, եւ Ա. Զեյնալյանի, եւ Ռ. Թորոսյանի համոզմամբ, հանրաքվեի խայտառակ քվեարկությունը տեղի է ունեցել միջազգային կազմակերպությունների անօրինական գործունեության հետեւանքով: Ռ. Թորոսյանը օրերս ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանրաքվեն սպասարկող Կենտրոնական հանձնաժողովի յոթ անդամների կատարած խախտումների ու նրանց կողմից իրենց պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստերի վերաբերյալ: Ըստ Ռ. Թորոսյանի, մասնավորապես ԿԸՀ քարտուղար Համլետ Աբրահամյանը հանցագործություն է կատարել, երբ ի լուր աշխարհի հայտարարել է, թե հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ընտրատարածքներին եւ դատարաններին դիմում-բողոքներ չեն ներկայացվել: Սա այն դեպքում, երբ, բանախոսի ասելով, իրենց հանձնաժողովը ավելի քան 100 դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ դատարաններին, որոնցից 25-ը ներկայացրել է նոյեմբերի 28-ին՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանին, բայց դրա մասին ԿԸՀ-ին տեղեկացվել է նոյեմբերի 30-ին, երբ արդյունքների մասին ԿԸՀ 7 անդամներն արդեն որոշում էին կայացրել եւ հրապարակել էին հանրաքվեի քվեարկության վերջնական արդյունքները: Ռ. Թորոսյանը վկայակոչելով «Հանրաքվեի մասին» օրենքը՝ պնդում էր, որ հանրաքվեի վերջնական արդյունքներն ամփոփվում են քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում, եթե ընտրատարածքներում կամ դատարաններում դիմում-բողոքներ չկան: Ռ. Թորոսյանի ասելով, ԿԸՀ 7 անդամները հանցագործներ են, որովհետեւ նրանք խախտելով օրենքի համապատասխան կետը՝ վերջնական արդյունքները հրապարակել են ոչ թե քվեարկությունից 7 օր հետո, այլ 2 օր հետո, ինչի պատճառով դատարանները մերժել են իրենց ներկայացված դիմում-բողոքները: Ասել է թե՝ մի օրինախախտումը պատճառ է դարձել մեկ այլ օրինախախտման: Երեկ Ռ. Թորոսյանը նաեւ ասել է, թե հանձնաժողովը մտադիր է դիմումներ ներկայացնել նաեւ միջազգային տարբեր կազմակերպությունների, օրինակ՝ ԵԱՀԿ-ի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակին: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել