Լրահոս
Օրվա լրահոսը

Արժեքավոր գյուտը ոչ ոքի պետք չէ՞

Դեկտեմբեր 14,2005 00:00

Արժեքավոր գյուտը ոչ ոքի պետք չէ՞ «Պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ երկրի նախագահը հայտարարեց, որ նավթ ու գազ չունեցող Հայաստանը պարտավոր է օգտագործել տեխնիկա-ինտելեկտուալ կարողությունները: Քիչ էր մնում ոգեւորվեի ասվածով, եթե չլինեին բազում իշխանավորների հասցեներով ուղարկված եւ անպատասխան թողնված հարյուրավոր դիմում-նամակներս»,- խմբագրությանն է դիմում 40 արտոնագրված գյուտերի հեղինակ Պետրագ Նաջարյանը: Այդ գյուտերից 17-ը վերաբերում են ջերմային շարժիչներին: Ըստ պարոն Նաջարյանի, այդ շարժիչների աշխատանքի եւ կառուցման հիմքում դրված են միանգամայն նոր, տեխնիկայի նորագույն նվաճումների վրա հիմնված սկզբունքներ, որոնք հնարավորություն են տալիս էլեկտրականության վերածել ոչ միայն վառելիքի, այլեւ շրջակա միջավայրի ջերմային աղբյուրները: (Մինչեւ հիմա ԳԱԱ-ն նույնիսկ լիովին չի ընդունում, որ շարժիչն ընդհանրապես աշխատունակ է): Գյուտի հեղինակը 10 տարվա աշխատանքային փորձառություն է ձեռք բերել ակադեմիկոս Սերգեյ Կորոլյովի ղեկավարած մերձմոսկովյան տիեզերահրթիռաշինական ձեռնարկությունում: Դա այն ձեռնարկություններից է, որի աշխատանքի շնորհիվ ԽՍՀՄ-ը հրթիռաշինության մեջ ունեցավ անգերազանցելի հաջողություններ: «Սակայն այսօր իշխանություններն անընդունակ են տեսնել, որ երկրի բազմակողմանի զարգացման, առաջընթացի ամենաարդյունավետ ձեւը՝ գիտատեխնիկական նորագույն միջոցների ստեղծումն ու ներդրումն է տնտեսության մեջ: Որ անընդունելի է, օրինակ, ԱԺ-ում անընդհատ ննջող եւ դժգույն ընդունակություններով պատգամավորներին հարյուրապատիկ ավելի վճարել՝ ստեղծագործական, արտադրական մեծ ներուժ ունեցող ինժեներից»: Պ. Նաջարյանին վիրավորել է նաեւ այն, որ նախագահի աշխատակազմից մի աշխատակցուհի Արտաշես Թումանյանի հեռախոսահամարն իմանալու իր ճարահատ խնդրանքին պատասխանել է միայն, որ միեւնույն է, իր գործին ընթացք չի տրվելու, «որ իրենց համար ոչ մի նշանակություն չունի, որ ես տիեզերահրթիռաշինական ձեռնարկությունում տեխնիկական փորձառություն ստացած ինժեներ եմ, որ իմ գյուտերից 4-ին նախկին ԽՍՀՄ գիտության եւ տեխնիկայի պետկոմի կողմից տրված է «գաղտնիք» մակագրությունը, որ ես երկրին բերել եմ միլիոնավոր ռուբլիների նորարարական ներդրումներ: Այսօր բոլորը վրդովվում են, որ օլիմպիական մեդալներ չունեցանք, բայց ոչ ոք չի մտահոգվում, որ չունենք մեր էներգետիկան, մեր գործունյա իշխանավորը»: Ի դեպ, 2003-ին էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հր. Հակոբյանի հարցմանն ի պատասխան՝ գրավոր հայտնել է, որ Պ. Նաջարյանի «Ջերմային շարժիչ» գյուտի վերաբերյալ առկա են համապատասխան փորձագիտական դրական կարծիքները: Եվ որ խնդիրը ֆինանսական միջոցների հայթայթման մեջ է, իսկ նախարարության կանոնադրությամբ նախատեսված չէ նման հետազոտությունների կազմակերպման բյուջե: Մինչեւ այսօր գյուտի հեղինակը, դիմելով բարձրագույն ատյաններ եւ հանդիպելով փակ դռների, եկել է մի եզրակացության. մեր իշխանավորներն ամեն ինչի համար փող կարող են հայթայթել, բացի արժեքավոր գյուտերից, որոնք նպաստում են երկրի զարգացմանը: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել