Լրահոս
Օրվա լրահոսը

Մանդատներից

Դեկտեմբեր 16,2005 00:00

Մանդատներից զրկվելու վտանգի առջեւ Այս վիճակում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը: Երեկ հաջողվեց հետաձգել այդ հարցը՝ ռուսների եւ թուրքերի աջակցությամբ: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը մեզ անկեղծորեն խոստովանեց, թե չէր էլ մեկնի Փարիզ՝ մասնակցելու Դիտարկման կոմիտեի նիստին, եթե չլիներ նախատեսվող «վճռական քվեարկությունը»: Խոսքն այդ կոմիտեի նիստի օրակարգում առկա 3-րդ՝ ԵԽ առջեւ Վրաստանի ստանձնած պարտավորությունների քննարկման բանաձեւի նախագծի (ի դեպ՝ բավական թերություններ են մատնանշվել), ոչ էլ 4-րդ՝ Հայաստանի սահմանադրական հանրաքվեի շուրջ քննարկման մասին չէ, այլ օրակարգի 5-րդ հարցի: «Նախատեսված էր, որ Դիտարկման կոմիտեն պիտի երեկ քվեարկեր ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չճանաչելու հարցը եւ ներկայացներ Վեհաժողովին»,- պատմեց Շավարշ Քոչարյանը: Սակայն քվեարկությունը հետաձգվեց մյուս նիստին: «Այն խայտառակությունները, բռնությունները, որոնք կատարվել էին Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝ Եվրոպայի խորհուրդը չէր կարող թողնել անհետեւանք»,- ասաց պրն Քոչարյանը: Նա որոշ նոր մանրամասներ ներկայացրեց իրականացված մեքենայությունների մասին. «Այս կամ այն ընտրատարածքում ընտրություններն անվավեր հայտարարելն Ադրբեջանում թմբկահարել էին իբրեւ արդարության հաղթանակ: Բայց իրականում դա արվել է հենց այն ընտրատարածքներում, որտեղ ընդդիմությունը ստացել էր շատ ձայներ: Տեղական ինքնակառավարման մարմինների 3 նշանակված ղեկավարներին, որոնց ազատել են՝ պատժել են հենց այն պատճառով, որ ընդդիմությունը շատ է ձայներ ստացել նրանց տարածքներում: Իսկ Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել մասնավորապես այն ընտրատարածքում ընտրությունները, որտեղ ԿԸՀ-ի կողմից արդեն հաղթած էր ճանաչվել Ժողճակատի ղեկավար Ալի Քերիմլին: Այսինքն, այս ամենն ընդամենը մեքենայություն է, որով մի կողմից ուզում են ցույց տալ, թե իբր իրենք հետամուտ են արդարության վերականգնմանը, մյուս կողմից՝ է՛լ ավելի են հարվածում ընդդիմությանը»: Ըստ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամի՝ Ադրբեջանի պատվիրակությանը մանդատներից զրկելուն էին հակված այդ հարցով երկու զեկուցողները՝ Հերկելը եւ Գրոսսը: Վերջինն, ի դեպ, բացակայել է նիստից: Հերկելն է ներկայացրել այդ տեսակետը. «Բայց դա գրավոր զեկույց չէր, որն ավարտվում է նման առաջարկով»: Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ ադրբեջանական լոբբին նախապես շատ լավ էր գործել ու նախապատրաստվել այս նիստին. «Բոլոր թուրքերը եւ ռուսները միանշանակ դեմ էին պատվիրակության լիազորությունները չճանաչելուն: Ինձ թվում է, այդ հարցն այդ պատճառով չդրվեց քվեարկության: Ասվեց, թե զեկույցը կլինի՝ այդ ժամանակ կքվեարկեն, այսինքն՝ մինչեւ հունվարյան նստաշրջանի սկիզբը: Բացի դրանից, հուշեցին, թե կա նաեւ այլ ճանապարհ՝ եթե նույնիսկ կա մեծամասնություն, որը թույլ չի տալիս, որ այս հարցը քվեարկվի Դիտարկման կոմիտեում, բավարար է, որ Վեհաժողովի նիստի ժամանակ 5 երկիր ներկայացնող 10 պատգամավորներ ոտքի կանգնեն ու առարկեն՝ Դիտարկման կոմիտեն արդեն պարտավոր կլինի միանգամից պատրաստել համապատասխան զեկույց եւ նույն նստաշրջանի ընթացքում Վեհաժողովը կքննարկի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների հարցը»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել