Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՏԵՊՆԴՎԻ՛Ր,

Դեկտեմբեր 17,2005 00:00

«ԳՈՏԵՊՆԴՎԻ՛Ր, ԱՐՇԱԿ» Անդրադառնալով ԵԽԽՎ պատվիրակությունում ընդդիմությունը ներկայացնող գործիչներին՝ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն ասուլիսում ասել էր. «Երբ ժողովրդավարական երկրների ներկայացուցիչները հանրաքվեի առնչությամբ շփվեցին մեր ընդդիմադիրների հետ՝ պատկերացում ստացան, թե քաղաքական կուլտուրա չկա մեր երկրում, որ ընդդիմությունը Ստրասբուրգում ներկայացնողներն էլ հստակ չեն հասկանում, թե ինչ տիպի պետություն եւ ինչ են ուզում ստեղծել»: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն այսպես արձագանքեց ԱԺԴ նախագահի դիտարկմանը. «Ա՜խ, այդ չարաճճի Արշակ Սադոյանը: 60 տարեկան, բայց երեխայի հոգով ու սրտով իմ լավ բարեկամը պարզապես կրկին ու կրկին մոլորության մեջ է հայտնվել երեք սոսիների արանքում: Եթե նա փոքր-ինչ զոռ տար հիշողությանը (եթե չի կորցրել այն), ապա կարձանագրեր այն իրողությունը, որ Ստրասբուրգում Շավարշ Քոչարյանի եւ Արտաշես Գեղամյանի աշխատանքից խիստ դժգոհում է Ռոբերտ Քոչարյանը՝ իր քրեածին հենարանով, ու օդանավակայանում ցույցեր կազմակերպում մեր դեմ, ինչպես նաեւ՝ ադրբեջանական ու թուրքական պատվիրակությունները: Ահա դրանք են այն երեք սոսիները, որոնց արանքում մոլորվել է Արշակ Սադոյանը: Ուզում եմ նաեւ պարսավանքի ենթարկել Արշակ Սադոյանի հանդեպ ԵԽԽՎ առանձին չինովնիկների անգութ վերաբերմունքը, որոնք սառնասրտորեն արհամարհեցին Սադոյանի 64 առաջարկները՝ ուղղված սահմանադրական փոփոխությունների արմատական բարելավմանը: Դրանով իսկ հարկադրեցին հայկական սահմանադրական մտքի ռահվիրային անել իր 65-րդ առաջարկը՝ հանելով իր նախորդ 64 առաջարկները: Ահա թե որն է իմ քնքուշ հոգու տեր Սադոյանի վրդովմունքի իրական պատճառը: Գոտեպնդվի՛ր, Արշակ, «Ազգային միաբանությունը» քեզ հետ է: Եվ օգտվելով առիթից, սրտանց շնորհավորում եմ Արշակի Ամանորը, ցանկանում երջանի՜կ-երջանի՜կ, անվրդով, մանուկին (բնավ խոսքս Մանուկ Գասպարյանի մասին չէ) բնորոշ ուրախ ու զվարճալի կյանք»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել