Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼ».

Դեկտեմբեր 17,2005 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼ». ԵԿԵՔ ԽՈՍԵ՞ՆՔ, ԹԵ՞ «ՌԱԶԲԻՐԱՏ» ԱՆԵՆՔ Հեռախոսաընկերությունից տուժածները հանդես են գալիս նոր հակափաստարկներով Նոյեմբերի 26-ին «Առավոտում» տպագրված «Իմ մահվան մեջ մեղադրեք ԱրմենՏելին» հոդվածին, ուր ես վիճարկում եմ ինձ ներկայացված շուրջ 400.000 դրամ պարտքը, «Բոլոր զանգերը ենթակա են վճարման» վերտառությամբ ինձ եւ ինձ նման «տուժածներին» «ԱրմենՏելը» պատասխանել է այնպիսի չքմեղությամբ, կարծես մենք, ասենք, «Ջրմուղ-կոյուղի» ընկերությանը մեղադրելիս լինենք մեր հեռախոսավճարների անճշտությունների համար։ Պատասխանում գրված է. «ԱրմենՏելը» միանգամայն անարդարացիորեն մեղադրվում է մի երեւույթի մեջ, որում ոչ միայն մեղքի բաժին չունի, այլ՝ որն իր կողմից որեւէ կերպ վերահսկելի չէ»։ Նկատենք, որ եթե մինչեւ վերջերս ամբողջ մի հանրապետության կապի եւ ինտերնետ կապի մենաշնորհը վայելող գերհզոր «Արմենիա Տելեֆոն Կոմպանին» որեւէ կերպ չի կարողանում վերահսկել իր մատուցած կապի միջոցով հեռախոսազանգերը, չի կարողանում մի մեխանիզմ գտնել՝ հաստատելու կամ ժխտելու հեռավոր ու չլսված երկրներ կատարած մեր հեռախոսակապի իսկությունը, ապա շարքային բաժանորդն ինչպե՞ս պիտի «ԱրմենՏելին» համոզի, որ ինքն էլ մեղք չունի այդ չկայացած զանգերի համար։ Մանավանդ որ, «ԱրմենՏելն» ինքն էլ խոստովանում է, թե այդ զանգերը կարող են լինել «անկախ բաժանորդի կամքից եւ առանց նրա իմացության»։ Իրականում «ԱրմենՏելը», անշուշտ, տարբերում է ակամայից ստացված հեռախոսազանգը նպատակային հեռախոսազանգից, եւ դրա ապացույցն այն է, որ մոտ հազար դոլարի միջազգային պարտք ունենալով հանդերձ՝ ընկերությունը, չգիտես ինչու, չի անջատում հեռախոսը, իսկ այն բաժանորդները, որոնք իսկապես օգտվում են միջազգային հեռախոսակապից ու չեն վճարում պարտքը, նրանց հեռախոսն ամսվա վերջում անջատում են: Ես մեկ ամիս առաջ միջազգային հեռախոսազրույցի համար ինձ ներկայացված 40 հազար դրամ պարտքը չեմ վճարել, ինչո՞ւ «ԱրմենՏելը» նույնիսկ միջազգային հեռախոսակապից օգտվելու հնարավորությունից չի զրկել, կոդը չի անջատել: Նման «մեծահոգությունն» իր բացատրությունն ունի՝ չի անջատել, որովհետեւ հաջորդ ամիս չէր կարող որեւէ կերպ հիմնավորել Արեւելյան Թիմոր, Ավստրիա ու Մեծ Բրիտանիա կատարած իմ իբր «հեռախոսազրույցները»՝ 40 հազարին գումարելով եւս 400. 000: «ԱրմենՏելն» այս խնդրից ձեռքերը լվանում է՝ նշելով, որ իր ինտերնետային կայքում եւ մամուլում նախապես զգուշացրել է հնարավոր թակարդների մասին ու «ապահովագրվում» պատասխանատվությունից: Սակայն «ԱրմենՏելի» հաշվարկը հենց բաժանորդի անտեղյակության վրա խաղալն է, բայց խնդիրը նույնիսկ թակարդի մասին տեղյակ լինելը չէ, եթե նույնիսկ իմանայինք էլ, այս ընկերության բաժանորդը որեւէ կերպ պաշտպանված չէ խաբեություններից: «ԱրմենՏելի» թակարդը չընկնելու միակ հավաստի միջոցը հեռախոսակապից իսպառ հրաժարվելն է: Հեռախոսային այս ահաբեկության զոհերը միայն ինտերնետ կապ ունեցողները չեն, ում «ԱրմենՏելը» հայրաբար խրատում է «էրոտիկ եւ խաղային բնույթի կայքեր չայցելել», այլ նաեւ ընդհանրապես համակարգիչ չունեցող եւ ինտերնետից չօգտվող հազարավոր բաժանորդներ։ «ԱրմենՏելն» այս կարգի «հասարակ» բաժանորդների վրա հեչի պես մանր-մունր բջջային ու մարզային զանգեր է գրում, այն հաշվարկով, որ մարդիկ արմենտելյան «բարեկիրթ» աշխատակցուհիներից մի երկու շշպռոց լսելուց հետո կխնայեն իրենց առողջությունը, մի երկու անեծք կտան, սրա-նրա «գլուխը կթաղեն», բայց ի վերջո կվճարեն։ «ԱրմենՏելին» չի հետաքրքրում՝ իր բաժանորդն իսկապե՞ս զանգել է, թե՞ ոչ. «Ընկերությունը պարտավոր է գանձել համապատասխան գումարները, եթե նույնիսկ զանգը բաժանորդի հեռախոսից կատարվել է առանց վերջինիս իմացության»։ Ընկերությունն անգամ չի էլ փորձում ստուգել իմ հեռախոսազանգերի իսկությունը (չնայած՝ հարուստ ընկերությունը կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ): ՀԵՐԻՔՆԱԶ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «ԱրմենՏել» ընկերության այս խաղերն, իհարկե, իրենց դրական կողմն ունեն. վերջին շրջանում հազվադեպ երեւույթ է, երբ մի խնդրի շուրջ այդքան քաղաքացիներ են հավաքվում ու միասին փորձում գլուխ-գլխի տալ, ինչ-որ ելք փնտրել: Անգամ հանրահավաքների ժամանակ այդքան մարդ չի հավաքվում, որքան «ԱրմենՏելից» տուժածների «ակումբում»: Ամեն անգամ հանրապետության տարբեր ծայրերից նրանք զանգում են իրար, պայմանավորվում ու ժամադրվում ոչ թե Մատենադարանի մոտ, այլ սրճարաններում կամ որեւէ մեկի դասավորած դահլիճում: «ԱրմենՏելին» հաջողվել է տարբեր մասնագիտությունների, կարողությունների ու հնարավորությունների տեր մարդկանց համախմբել մի միասնական գաղափարի՝ «ընդդեմ «ԱրմենՏելի» վրեժի» շուրջ: «Առավոտի» տեղեկություններով՝ այդ վրեժն արտահայտվելու է խմբակային դատի տեսքով, որն, ամենայն հավանականությամբ, կղեկավարի Արշակ Սադոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել