Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ 2008 թվականը ծեծվելո՞ւ ենք

Դեկտեմբեր 17,2005 00:00

Մինչեւ 2008 թվականը ծեծվելո՞ւ ենք «Ինչո՞ւ են Հայաստանում լրագրողները բռնությունների ենթարկվում»,- երեկ «Հայելի» ակումբում այս հարցի պատասխանն էին փորձում տալ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը եւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Հակոբ Ավետիքյանի կարծիքով՝ Հայաստանում օրինաչափ են դարձել քաղաքական իրավիճակների լարման արդյունքում լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունները: Նկատի ունենալով, որ առջեւում նախընտրական մեծ մարաթոն է սպասվում, Բորիս Նավասարդյանը համոզված է, որ 2004-ի ապրիլյան դեպքերով մեկնարկած բռնությունները լրագրողների նկատմամբ շարունակվելու են մինչեւ 2008-ի ընտրությունների ավարտը: Հայաստանում լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունները կանխելու համար, Հակոբ Ավետիքյանի համոզմամբ, պետք է շատ ավելի խիստ լինել ոչ միայն դատապարտող խոսքում, այլ նաեւ գործողություններում: «Այն, ինչը մենք կոչում ենք հայկական մամուլի ընտանիք, պետք է անկեղծորեն հայտարարել, որ այդ ընտանիքը պառակտված է»,- ասում է «Ազգ»-ի խմբագիրը եւ առաջարկում մի կողմ թողնելով քաղաքական նախասիրությունները՝ համախմբվել երեւույթը կարեւորելու, գնահատականներ տալու շուրջ։ Սակայն ըստ Բորիս Նավասարդյանի, գործնականում բազմիցս ձեռնարկվել են նմանօրինակ նախաձեռնություններ, որոնց արդյունավետությունն այդքան էլ մեծ չի եղել, եւ ի վերջո դրանք մարել են: «Հատկապես այսօր, երբ մեր լրատվամիջոցները շատ են կենտրոնացած քաղաքական խնդիրներ լուծելու շուրջ՝ դժվար թե ժամանակ, ուժ ու եռանդ տրամադրեն պրոֆեսիոնալ խնդիրները լուծելու համար»,- ասում է ԵՄԱ նախագահը: ԵՄԱ փորձագետ Աշոտ Մելիքյանը ասվածին հավելեց նաեւ օրենքի անկատարությունը եւ փաստեց, որ «Զանգվածային լրատվության» մասին գործող օրենքով լրագրողը ոչ միայն պաշտպանված չէ, այլեւ ամենեւին էլ պաշտպանված չէ: «Քրօրի 164 հոդվածը, որը պահանջում է պատիժ այն անձանց նկատմամբ, ովքեր խոչընդոտել են լրագրողին պրոֆեսիոնալ գործունեությունը կատարելիս, կիրառվեց ընդամենը մեկ անգամ՝ ծաղկաձորյան հայտնի դեպքերի առնչությամբ (հիշեցնենք, որ այդ ժամանակ առաջացավ զավեշտալի իրավիճակ, երբ, ըստ դատարանի վճռի, պարզվեց, որ լրագրողին կարելի է բռնության ենթարկել եւ խոչընդոտել նրան մասնագիտական աշխատանքներում՝ վճարելով 100 դոլար տուգանք- Ն. Գ.): Կարծես թե քաղաքական կամք չկա լրագրողին պաշտպանելու»,- ասում է Աշոտ Մելիքյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել