Լրահոս
Օրվա լրահոսը

Թանկարժեք

Դեկտեմբեր 17,2005 00:00

Թանկարժեք շների պահանջարկ չկա Մեզ մոտ շների բիզնեսն այնքան էլ զարգացած չէ. գնորդներին առաջարկվում են սահմանափակ քանակությամբ ցեղատեսակներ: Պատճառը, ըստ շնավաճառների, պահանջարկի բացակայությունն է: Փաստ է, որ հայերը շներին իրենց կյանքում մեծ տեղ չեն տալիս: Ավելին, ով էլ կարեւորում է մեր «փոքր եղբայրներին» ու նրանց տեղ տալիս իր ընտանիքում՝ անվերջ «կռիվ-ղալմաղալների» մեջ է հարեւանների հետ. մեկին դուր չի գալիս պատից այն կողմ պարբերաբար հնչող շան հաչոցը, մյուսը «շաքար է» ստանում նրան հանդիպելիս, իսկ հիմնականում կարծում են, որ քաղաքը կամ շենքը մարդու բնակատեղի է, ոչ՝ կենդանու: Հատուկենտ մարդիկ կան, որոնք այս կենդանուն չեն տարբերում իրենց ընտանիքի անդամներից եւ երբեմն ավելի շատ են ծախսում նրանց վրա, քան՝ հենց իրենց: Իսկ հիմնականում շուն պահողներն իրենց չորքոտանի բարեկամներին ոչ միայն զրկում են նրանց համար նախատեսված խնամքի զանազան միջոցներից, այլեւ, որպես կանոն, կերակրում են սննդի մնացորդներով: Անհրաժեշտ խնամքի բացակայությունից նույնիսկ ամենաթանկարժեք ու ազնվացեղ շունը կորցնում է նախնիներից ժառանգած հատկանիշներն ու «արժանիքները»: Սա «Առավոտի» հետ զրույցում հաստատեցին նաեւ շնաբույծները: Արդեն քանի տարի է՝ Վերնիսաժի հարեւանությամբ գործում է շների շուկա: Այստեղ շների առեւտուրը կենտրոնացված է մի քանի մարդկանց ձեռքում, որոնք հիմնականում վերավաճառողներ են: Շուկայում շների համեմատաբար մեծ տեսականին Լյուդմիլա Ասլանյանինն է: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հիմնականում վաճառվում են փոքրամարմին, դեկորատիվ բալոնկա, թոյթերիեր, պեկինես, պուդել ցեղատեսակի շները: Դրանք 50-ից 100 դոլար արժեն: Մորթու գույնից կախված՝ պուդելների գները տարբեր են: Ամենաթանկը սպիտակն է, այն արժե $100: Մոխրագույնը, կաթնագույնն ու ծիրանագույնը՝ 70-ից 80 դոլար: Սեւ գույնն ամենաէժանն է, այն շուկայից կարելի է գնել 30-40 դոլարով: Դեկորատիվներից ամենաթանկը խոշոր աչքերով փոքրամարմին ֆրանսիական բալոնկան է: Տիկին Լյուդմիլայի ներկայացմամբ, մեզ մոտ մեծ շներից ամենաշատ պահանջարկ ունեցողները հայկական, գերմանական հովվաշներն են եւ ռոտվեյլերները, որոնց հիմնականում գնում են պահպանության համար: Բուլտերյեր, պիտբուլ եւ ստաֆ տեսակի շները նույնպես լավ են սպառվում: Այդ շներին գնում են ակումբներում շնային կռիվներ կազմակերպելու համար: Դրանք լաբորատոր պայմաններում բուծած շներ են եւ անհամեմատ ցավադիմացկուն: Այս շները վաճառվում են 100-ից 150 դոլարով, բայց եթե ծնողները ազնվացեղ են եւ տոհմածառ ունեն, ապա գինն ավելի բարձր է: Լ. Ասլանյանի խոսքերով, մեզ մոտ հազվադեպ են դրանց զտարյուն տեսակները. «Օրինակ իսկական գերմանական շպիցն արժե 300-400 դոլար, սակայն այստեղ այն 50 դոլարով ենք վաճառում, քանի որ «ինքը» չի: Դրսից թանկարժեք շներ չենք բերում, որովհետեւ պահանջարկ չկա: Լավ շուն ցանկացողներին էլ, երբ գներն ենք ներկայացնում, ասում են՝ ավելի լավ ա դրա տեղը մի հատ «07» առնենք: Իսկ մի հատ սուտի տուզիկի համար, որ ստեղ փող տվող չի լինի՝ արտասահմանում թվեր են կրակում»: Տիկին Լյուդմիլայի խոսքերով, երեխաների հետ շուն գնելու եկած ծնողները մի վատ սովորություն ունեն. «Երեխաներին բերում են ու ասում՝ բալես, որն ուզում ես՝ ընտրի, էրեխեն էլ ի՞նչ իմանա, որ ծնողն էդքան փող չունի ու մատը դնում ա ամենաթանկանոցի վրա: Հետո սկսում են նրան համոզել, որ էտի լավ շուն չի, որ դա չի վաճառվում, էրեխուն լացացնելուց հետո վերջում կամ չեն առնում, կամ էլ մեծի ասածն ա անցնում»: Թանկարժեք շներից, ինչպիսիք են անգլիական յորքշիրյան տերիերը, որսորդական պոնտերյերը, մեքսիկական մերկամաշկ հովվաշունը, ռուսական երկարամազ բորզին, Հայաստանում գնորդ չունեն, քանի որ դրանց խնամքը բարդ է ու ծախսատար: Ըստ տիկին Լյուդմիլայի՝ «նույնիսկ հարուստներն են խուսափում շան համար պահանջվող ծախսեր անել: Պատահում է, երբ մի հարուստ մարդ գալիս ա ու դվառնյաշկայա ուզում, որ տանի տուն՝ էրեխեն մի երկու ժամ խաղա, հետո դուրս գցեն»: Չնայած նրան, որ մեզ մոտ «տեղը տեղին» շուն պահելն այնքան էլ ընդունված չէ, շների աքսեսուարները բազմազան են. հիգիենիկ միջոցներից սկսած՝ մինչեւ շոր, կոշիկ, տակդիր, ուսապարկ եւ այլն: «Արագիլ» ակումբի տնօրեն Վիոլետա Գաբրիելյանի խոսքերով՝ իրենք հայաստանաբնակ շներին աշխարհի ոչ մի նորությունից հետ չեն պահում. «Մեզ մոտ շան համար «չէ» բառը չկա: Սակայն արտերկրում կան սարքեր, որոնց անհրաժեշտությունն այստեղ այնքան էլ չկա: Օրինակ՝ Ճապոնիայում սարք են հորինել, որը տիրոջ բացակայությամբ շանը կերակրում է: Տերը կարող է հեռախոսով հրահանգներ տալ ու սարքը տվյալ օրվա չափաբաժնով շանը կեր տա: Մեզ մոտ մի երկու-երեք օր բացակայելու դեպքում հարեւանին ենք խնդրել՝ շանը կերակրի»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031