Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻԼ

Դեկտեմբեր 17,2005 00:00

ԱՆԻԼ ԱԳԱՐՎԱԼԻ ՄՈՒԹ ԳՈՐԾԵՐԸ Ո՞ւմ է վստահվել հայկական ոսկին Նոյեմբերի 25-ին հանքարդյունաբերության խնդիրները քննարկող Minweb.com կայքում հրապարակված մի հոդվածում նշված է, որ լոնդոնյան «Վեդանտա Ռեսոուրսես» եւ «Տորոնտո-լիստեդի Ստերլիտ Գոլդ» ընկերությունների, ինչպես նաեւ հայաստանյան «Արարատ» ոսկու ձեռնարկության հիմնական բաժնետեր Անիլ Ագարվալը կարող է կորցնել Հայաստանի ոսկու նախագիծը: «Ագարվալի կոնֆլիկտը Հայաստանի կառավարության հետ արդեն ազդել է «Ստերլիտի» բաժնետոմսերի գնի վրա եւ Կովկասի ամենահարուստ ոսկու պաշարներ ունեցող ընկերությանը դարձրել միջազգային շուկայական խաղերի առարկա»,- գրված է հոդվածում: Հայաստանի կառավարության հետ Ագարվալի կոնֆլիկտի հիմնական պատճառը ոսկու ձեռնարկության կողմից ոսկու իրական պաշարները թաքցնելն է: Թեեւ 2005թ. փետրվարի 2-ին ՀՀ տնտեսական դատարանում «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության միջեւ կնքվել է հաշտության համաձայնություն, սակայն շատ հարցեր առայսօր մնացել են անպատասխան: Հիշեցնենք, որ Բնապահպանական պետական տեսչությունը 2004թ. հունիսի 3-ին կազմած ակտում ներկայացրել է հետեւյալ փաստերը. «Սոթքի հանքավայրում վերահաշվարկի արդյունքում հայտնաբերվել են 865,2 կգ ոսկու, 3,3 տ արծաթի, 0,86 տ սելենի, 7,18 տ թելուրի թաքցված ծավալներ: Մեղրաձորի ոսկու հանքավայրում հայտնաբերվել են 143, 4 կգ ոսկու, 2,78 տ արծաթի եւ 3,38 տ թելուրի թաքցված ծավալներ»: Մետաղների այս ծավալները թաքցնելու արդյունքում 900 մլն դրամ հաշվարկային ծավալով վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետությանը: Ինչո՞ւ է ոսկու թաքցրած պաշարներ հայտնաբերած տեսչությունը դատարանում հրաժարվել իր կատարած ուսումնասիրության արդյունքներից: Անհասկանալի է նաեւ, թե ինչու ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը, իր ձեռքի տակ ունենալով նման փաստեր, չի հարուցել քրեական գործ եւ չի կատարել քննություն՝ պարզելու իրականությունը: Հաշտության համաձայնագիրը լուրջ կասկածների տեղիք է տալիս. հանրապետության լավագույն մասնագետներից կազմված խումբը չէր կարող նման սխալներ թույլ տալ: Ո՞վ է հայկական ոսկու սեփականատերը: Հնդկաստանում ծնված Անիլ Ագարվալն իր գործունեությունը սկսել է որպես մետաղի ջարդոնի մանր առեւտրական, այնուհետեւ նա պղնձե լարեր էր վաճառել Հնդկաստանի հեռահաղորդակցության ընկերություններին եւ այդպիսով մեծ կարողություն կուտակել: 30 տարի առաջ նա տեղափոխվեց Լոնդոն: CorpWatch կայքում «Վեդանտան» սպառնում է հնդկական համայքներին» վերնագրով հոդվածում Նիտյանանդ Ջայարաման գրում է, որ Հարավային Հնդկաստանում Յարքուադի լեռների բարձունքում գտնվող տաճարի պատերին վերջերս հայտնվել են բազմաթիվ ճաքեր։ Մի քանի հարյուրամյակ առաջ կառուցված այդ տաճարը նման վիճակի է հասցրել վերջերս նրա շրջակայքում նոր հանքավայրի գործարկումը «Մադրաս Ալյումինիում Քոմփանի Լիմիթեդ»-ի (ՄԱԼՔՈ) կողմից, որը «Վեդանտա Ռեսոուրսես» անունով բրիտանական ընկերության մասնաճյուղն է եւ վերոհիշյալ լեռների բարձունքում արդյունահանում է բոքսիտ: ՄԱԼՔՈ-ն այդ տարածքում, մի հսկայական ջրամբարի հարեւանությամբ, կառուցել է ձուլարան, որի թափոններից առաջացած հսկայական թունավոր բլուրը ջրամբարից բաժանում է մի բարակ հողաթափ։ ՄԱԼՔՈ172ն ծագումով հնդիկ բրիտանացի միլիարդատեր Անիլ Ագարվալի ստեղծած «Վեդանտա ռեսոուրսես» անունով հսկա մեքենայի ընդամենը մի փոքրիկ մասնիկն է։ «Վեդանտա Ռեսոուրսեսն» այսօր պղնձի, ալյումինի, ցինկի, կապարի եւ ոսկու արդյունահանման միջազգային ներդրումային պորտֆելով հզոր կառույց է։ Գործունեության կենտրոնը Հնդկաստանն է: Ընկերությունն ունի պղնձի եւ ալյումինի մի քանի ձուլարաններ, շուտով Հնդկաստանում կբացվեն եւս երկու հանքավայր եւ պղնձի երկու ձուլարան: Հնդիկ ակտիվիստ-բնապահպանները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում: Նրանց պնդմամբ, «Վեդանտա Ռեսոուրսեսի» ծրագրերը սպառնում են վերացնել խիտ անտառապատված տարածքները, որտեղ բնակվում են վագրեր, հնդկական բիզոններ, արջեր եւ փղեր։ Հնդիկ ակտիվիստները պնդում են, որ «Վեդանտայի» ծրագրերն անօրինական են, եւ որ կառավարությունը հանցավոր համաձայնության է եկել ընկերության հետ՝ շրջակա միջավայրի պաշտպանությունը շրջանցելու նպատակով։ Չնայած իր կապերին եւ հսկա կարողությանը, Անիլ Ագարվալը խնդիրներ ունի օրենքի հետ թե՛ Բրիտանիայում, թե՛ Հնդկաստանում: Հնդկաստանում նրան մեղադրում են բորսայական տխրահռչակ խարդախ Հարշադ Մեհթայի հետ համագործակցելու մեջ։ Մեծ Բրիտանիայում 2000-ին Լոնդոնի աշխատանքային տրիբունալը կայացրեց մի որոշում, որով Ա. Ագարվալին ստիպեց 1,2 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել՝ իր աշխատողներից մեկին սպառնալու համար: Պարտադիր ստուգումներից եւ հետաքննություններից խուսափելու համար ընկերությունն այժմ փորձում է Հնդկաստանի իր բիզնեսը փոխանցել Միացյալ Թագավորություն: Իրավաբաններից, բանկիրներից եւ ճարտարապետներից կազմված 120 հոգանոց թիմը մեկնել է Հնդկաստան, որպեսզի ստուգի նրա սեփականությունը եւ ուսումնասիրի փաստաթղթերը։ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Նյութն ամբողջությամբ՝ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել