Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացահայտում»՝

Դեկտեմբեր 22,2005 00:00

«Բացահայտում»՝ ամոթալի վարկածով «Խաչատուր Աբովյանի խորհրդավոր վախճանի հանգամանքները հանելուկ են մնացել սերունդների համար: Ականատեսներ չեն եղել (կամ գուցե վախեցել են), որ ճշմարտությունը լույս աշխարհ հանեին, իսկ ինքն էլ գրավոր խոստովանություն կամ կտակ չի թողել»,- ժամանակին գրել է աբովյանագետ Պիոն Հակոբյանը: Ինչպես նկատում է վաստակաշատ աբովյանագետը, «երբ մարդ վճռում է հարություն տալ որեւէ հին վարկածի՝ պարտավոր է մեծագույն զգուշությամբ վարվել փաստերի հետ, չանտեսել հակառակ վարկածի օգտին խոսող նյութերը, կրկին ու կրկին ստուգել իրեն, սխալներ ու կեղծիքներ թույլ չտալ»: Ինչպես ինձ, այնպես էլ շատերի համար անակնկալ էր վերջերս «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված Աբովյանի առեղծվածը բացահայտող՝ «Բացահայտում» հաղորդումը: Այստեղ կրկին մատուցվեց միանգամայն հերքված, դեռեւս 1930-ական թվականներին Ա. Բակունցի, Նիկ. Ադոնցի, Վ. Վահանյանի, Ա. Հովհաննիսյանի եւ շատ ուրիշների կողմից գիտական շրջանակներում մերժված «թուրքի դավադրությանը» Աբովյանի զոհ դառնալու վարկածը: Ինչպես նշվեց հաղորդման ընթացքում, Նիկոլայ Ասատուրի «հավաստիացումը» որպես «պատմական փաստացի բացահայտող նորագույն վավերագրի», ոչ միայն զուրկ է գիտական հիմքից, այլեւ անլուրջ է: Ես դիմում եմ Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն հարգարժան Հովհաննես Զատիկյանին, ինչպես նաեւ վաստակաշատ թատերագետ-հրապարակախոս, Աբովյանին նվիրված «Չմոռանանք հանճարին» գրքի հեղինակ, միաժամանակ 1985 թվականին նույն թանգարանի տնօրեն Մուսայել Անուշավանի Գալոյանին. արդյո՞ք համապատասխանում է իրականությանը, որ ձեր տնօրինության օրոք գոյություն է ունեցել այդպիսի «փաստական վավերագիր» եւ, եթե եղել է, ապա ինչո՞ւ ժամանակին շրջանառության մեջ չի դրվել աբովյանագետների կողմից եւ «այն սիրով տրամադրվել է» լոկ հնագետ («աբովյանասեր») Վ. Ավետյանին: ԱՍՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասախոսԿապվեցինք Խ. Աբովյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանի հետ: Նա ասաց, որ իրենց տնօրինության տակ չկա Խ. Աբովյանի՝ թուրքի դավադրության զոհ դառնալու փաստական որեւէ վավերագիր: Պրն Զատիկյանի կարծիքով՝ «Արմենիա» հեռուստաընկերությունը անբարեխիղճ է գտնվել՝ հենվելով միայն Աբովյանի անհետացման ամենաամոթալի վարկածի վրա՝ վերջինս ներկայացնելով շոուի տեսքով (մեկ շաբաթ շարունակ «գովազդվում» էր հաղորդման այն մասը, թե ինչպես է Աբովյանին «սպանած» թուրքը դին քարշ տալիս փոսը): «Եթե իմանայի, թույլ չէի տա, որ նկարահանող խումբն անգամ թանգարան մտներ»,- ավելացրեց Հ. Զատիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031