Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ վերաձեւումներ կլինեն 2006-ին

Դեկտեմբեր 23,2005 00:00

Հարցազրույց Վիկտոր Դալլաքյանի
հետ – Ինչպիսի վերադասավորումներ կլինեն, ըստ ձեզ, 2006-ին,
եւ ինչպիսի՞ դիմագիծ կունենա 2007-ի խորհրդարանը: – Եթե արտահերթ ընտրություններ
չլինեն, ապա թերեւս 2006-ին զանազան դաշինքներ եւ միավորումներ կարող են ստեղծվել,
եւ քաղաքական դաշտը շատ անսպասելի ձեւափոխումների կենթարկվի: Կոալիցիայի ներսի լուրջ
պրոբլեմներն արդեն ջրի երես են դուրս գալիս, եւ դրանք նախընտրական տարում առավել
հստակ կդրսեւորվեն: Ես, օրինակ, կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններին
ՕԵԿ-ը կգնա առանձին, առանձին կգնա նաեւ ՀՀԿ-ն, հնարավոր է ՀՅԴ-ն փորձի համագործակցել
«Հանրապետականի» հետ: Ես նաեւ չեմ բացառում Դաշնակցություն-Սամվել Բաբայան համագործակցությունը,
եւ դրա մասին ակնարկները «Դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարում արդեն հնչեցին
Վահան Հովհաննիսյանի կողմից: Կոալիցիայի ճամբարում, կարծում եմ, նման վերադասավորումներն
անխուսափելի են: Ընդդիմադիր դաշտում եւս կլինեն փոփոխություններ: ՀԺԿ-ն, որպես ծանրակշիռ
քաղաքական ուժ, կարող է առանձին (կամ որոշ բացառություններով հանդերձ) գնալ ընտրությունների:
Որպես կայացած կուսակցություններ՝ «Հանրապետություն», ԱԺՄ եւ «ՆԺ» կուսակցությունները
որոշակի դերակատարություն կունենան ընտրական գործընթացներում: Արտաշես Գեղամյանը,
որպես լուրջ քաղաքական կառույցի ղեկավար, թերեւս ընտրություններին առանձին կմասնակցի,
ենթադրում եմ, որ առանձին կմասնակցի նաեւ «Ժառանգությունը»: Նախընտրական գործընթացներում
քայլեր կարող է իրականացնել նաեւ Տիգրան Կարապետյանի կուսակցությունը: Կարծում եմ,
2006-ի ընտրություններին առավել ակտիվ կմասնակցի նաեւ ՀՀՇ-ն եւ, ըստ էության, հնարավոր
է աջ ուժերի միավորում: Այդ տեսանկյունից չեմ բացառում ՀՀՇ-Հովհաննես Հովհաննիսյան
ալյանսի ձեւավորումը, նաեւ՝ Պետրոս Մակեյան եւ այլն, բլոկի ստեղծումը՝ մասնավորապես
գաղափարական հենքի վրա: Ինչ վերաբերում է նոր ստեղծվող կուսակցություններին,
ապա ակնհայտ է, որ, ասենք, գլխավոր դատախազը կփորձի կուսակցություն ստեղծել, համենայնդեպս՝
կատարվող քայլերը դա են ցույց տալիս: Մամուլի հրապարակումներից ելնելով եմ ասում՝
նման մտադրություն ունի նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, նաեւ՝
գործարար Գագիկ Ծառուկյանը: Եվ երբ ես գնահատում եմ «ՀԺ»-ին տված պարոն Ծառուկյանի
հարցազրույցը, միանգամայն ընդունելի եմ համարում այն սկզբունքները, որոնք դրված են
նրա կողմից ստեղծված կուսակցության հիմքում: Այդ սկզբունքները հետեւյալն են՝ կուսակցությունը
չպետք է լինի գործարարների եւ օլիգարխների կուսակցություն, այդ կուսակցության մեջ
իշխանությունների, կառավարության ներկայացուցիչներ չպետք է լինեն, կուսակցությանը
պետք է անդամակցեն պրոֆեսիոնալ եւ հասարակության հարգանքը վայելող անձինք, եւ կուսակցությունը
ընտրությունների գնալու է առանձին: Այս բոլոր սկզբունքների ամրագրումը ցույց է տալիս,
որ այդ կուսակցությունը կարող է լուրջ քաղաքական ուժ դառնալ, որը մեծ դերակատարություն
կունենա Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Հավելեմ, այն ուժը, որը 2007-ի
խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ-ում ծանրակշիռ ներկայություն կունենա, նաեւ
մեծապես կկանխորոշի 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները եւ, իմ գնահատմամբ,
առաջիկա տասը տարվա Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի հիմնական ուղղվածությունը:
– Պարոն Դալլաքյան, նույն այդ կուսակցության հետ շատ անմիջական կապվում է
նաեւ ձեր անունը, եւ մամուլում տեղեկատվություն կար, որ դուք եք ղեկավարելու այդ
կուսակցությունը, որքանո՞վ են հավաստի այդ լուրերը: – Երեկ թերթերից մեկում
եւս նման մի բան տպագրվել էր: Ինձ համար տարօրինակ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության
հետ կապված՝ ինձ վերագրվել են լիդերության մասին խոսքեր, որոնք ես չեմ ասել, դա իմ
ոճը չէ: Եվ երկրորդ, այդ հարցին հստակ պատասխանել է Գագիկ Ծառուկյանը իր օրերս տված
հարցազրույցում՝ նշելով, որ կուսակցությունն առայժմ չի ունենալու լիդեր, այլ՝ համակարգող
խորհուրդ: Կարծում եմ, սա ամենաամբողջական պատասխանն է: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել