Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆԸ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ

Դեկտեմբեր 23,2005 00:00

Բարեփոխումներին
նախ պետք է պատրաստվեն տնօրենները եւ ուսուցիչները «Այսօր մենք
Սարոյի ու Անուշի սերն ենք ներկայացնում՝ երեխաները հազիվ են ծիծաղները պահում, որովհետեւ
ինտերնետում սիրո այնքան զանազան տեսակներ կան…: Մենք մեր ուսուցիչներին տեսնում՝
զգաստանում էինք, իսկ այսօրվա սերո՞ւնդը»,- Կրթության ազգային ինստիտուտում կազմակերպված
տնօրենների վերապատրաստման դասընթացների ժամանակ իր մտահոգությունները հայտնեց թիվ
13 դպրոցի տնօրեն Ռիմա Տանանյանը: Իսկ թե ինչպես պետք է աշակերտի ուշադրությունը
գրավել ու դասը նրա համար հետաքրքիր դարձնել, թե ինչպես պետք է ճիշտ ղեկավարել դպրոցը՝
պարզ կդառնա, եթե նախ տնօրենները, ապա ուսուցիչները ծանոթանան նախատեսվող բարեփոխումների
ողջ փաթեթին ու հասկանան դրանց էությունը: Բարեփոխումները պետք է փուլ առ փուլ սկսեն
իրականացվել եկող սեպտեմբերից: Բարեփոխումների քննարկվող փաթեթն իր մեջ ներառում
է պետական կրթակարգը, միջնակարգ կրթության պետական չափորոշիչները, հենքային ուսումնական
պլանը, գնահատման նոր համակարգը, նրա սկզբունքները, 12-ամյա կրթության անցման ռիսկերը,
անհրաժեշտությունը, դպրոցի ճիշտ ղեկավարման ձեւերը: Կրթության ազգային ինստիտուտի
մասնագետ, ուսումնամեթոդական աշխատանքների համակարգող Լալա Սարգսյանը մեզ հետ զրույցում
ասաց, որ բարեփոխումներին զուգընթաց կլինեն նաեւ վերահսկող մեխանիզմներ. հետադարձ
կապ՝ դպրոց-նախարարություն, դպրոց-Կրթության ազգային ինստիտուտ օղակների միջեւ, բացի
այդ, վերահսկող մեխանիզմներ կունենա նաեւ նախարարության կազմավորվելիք տեսչությունը:
Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանն իր դասախոսության
ժամանակ տնօրեններին հորդորեց լինել պահանջատեր կրթության հարցում: «Ինքս դեմ եմ
2 ամիս աշակերտների՝ տանը նստելուն, բայց եթե հիմա ձեզ հարցնեմ, կասեք՝ միեւնույն
է, երեխաները չեն գա: Պետք է պահանջեք: Դպրոցի որակի չափանիշը պետք է դարձնել ոչ
թե ընդունելության քննությունները, այլ այն, թե ինչ քաղաքացի եք պատրաստում»: Բոլոր
տնօրեններն ունեին մի մտահոգություն՝ ինչպե՞ս պետք է անցավ անցկացնել նորամուծությունները,
որոնց պատրաստ չեն երեխաները, նրանց ծնողները: Դա հիմնականում վերաբերում էր գնահատման
նոր համակարգին: «Իմ մտավախությունը գնահատման չափանիշների հետ է կապված.
երեխաները, ծնողները դեռ պատրաստ չեն դրան, տարիների փորձ է պետք: Պետք է այնպես
սկսել, որ սահուն անցում լինի: Ուսուցիչները, մենք՝ նախ պետք է պատրաստ լինենք դրան:
Եթե մենք հասկանանք էությունը, արդեն կկարողանանք ճիշտ իրականացնել: Դրա համար վերապատրաստումն
անհրաժեշտ է մեզ»,- ասում է թիվ 57 դպրոցի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը: «Մինչեւ
չտեսնենք ինչպես է արվում, արդյունքը չտեսնենք, չենք կարող պատկերացնել ու հավատալ,
որ գիտելիքների գնահատման կենտրոնը նորմալ կաշխատի: Մինչեւ 1 տարի չփորձարկվի, չեմ
կարող ասել»,- նշեց Չարենցի անվան դպրոցի տնօրեն Աիդա Ղազարյանը: Իսկ թիվ
182 ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցում արդեն բարեփոխումների մի շրջան սկսվել
է: Տնօրեն Անետա Ասատրյանն ասաց, որ իրենց դպրոցում ուսուցիչների խորհրդով ՌԴ-ից
բերված դասագրքերով են նաեւ պարապում: Տնօրենը հավաստիացնում է, սակայն, որ ցանկացած
նորամուծություն առանց ծնողների համաձայնության չի արվում: «Գաղտնիք չէ, որ
այսօր դպրոցում մեծացել է ծնողի ներդրումը, հետեւաբար դրան զուգընթաց պետք է մեծանա
նաեւ նրա մասնակցությունը դպրոցական կյանքին, ուսումնական պրոցեսներին»,- ասում է
Վ. Մարտիրոսյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել