Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 23,2005 00:00

Ինչպիսի՞ վերաձեւումներ կլինեն 2006-ին Հարցազրույց Վիկտոր Դալլաքյանի հետ – Ինչպիսի վերադասավորումներ կլինեն, ըստ ձեզ, 2006-ին, եւ ինչպիսի՞ դիմագիծ կունենա 2007-ի խորհրդարանը: – Եթե արտահերթ ընտրություններ չլինեն, ապա թերեւս 2006-ին զանազան դաշինքներ եւ միավորումներ կարող են ստեղծվել, եւ քաղաքական դաշտը շատ անսպասելի ձեւափոխումների կենթարկվի: Կոալիցիայի ներսի լուրջ պրոբլեմներն արդեն ջրի երես են դուրս գալիս, եւ դրանք նախընտրական տարում առավել հստակ կդրսեւորվեն: Ես, օրինակ, կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ը կգնա առանձին, առանձին կգնա նաեւ ՀՀԿ-ն, հնարավոր է ՀՅԴ-ն փորձի համագործակցել «Հանրապետականի» հետ: Ես նաեւ չեմ բացառում Դաշնակցություն-Սամվել Բաբայան համագործակցությունը, եւ դրա մասին ակնարկները «Դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարում արդեն հնչեցին Վահան Հովհաննիսյանի կողմից: Կոալիցիայի ճամբարում, կարծում եմ, նման վերադասավորումներն անխուսափելի են: Ընդդիմադիր դաշտում եւս կլինեն փոփոխություններ: ՀԺԿ-ն, որպես ծանրակշիռ քաղաքական ուժ, կարող է առանձին (կամ որոշ բացառություններով հանդերձ) գնալ ընտրությունների: Որպես կայացած կուսակցություններ՝ «Հանրապետություն», ԱԺՄ եւ «ՆԺ» կուսակցությունները որոշակի դերակատարություն կունենան ընտրական գործընթացներում: Արտաշես Գեղամյանը, որպես լուրջ քաղաքական կառույցի ղեկավար, թերեւս ընտրություններին առանձին կմասնակցի, ենթադրում եմ, որ առանձին կմասնակցի նաեւ «Ժառանգությունը»: Նախընտրական գործընթացներում քայլեր կարող է իրականացնել նաեւ Տիգրան Կարապետյանի կուսակցությունը: Կարծում եմ, 2006-ի ընտրություններին առավել ակտիվ կմասնակցի նաեւ ՀՀՇ-ն եւ, ըստ էության, հնարավոր է աջ ուժերի միավորում: Այդ տեսանկյունից չեմ բացառում ՀՀՇ-Հովհաննես Հովհաննիսյան ալյանսի ձեւավորումը, նաեւ՝ Պետրոս Մակեյան եւ այլն, բլոկի ստեղծումը՝ մասնավորապես գաղափարական հենքի վրա: Ինչ վերաբերում է նոր ստեղծվող կուսակցություններին, ապա ակնհայտ է, որ, ասենք, գլխավոր դատախազը կփորձի կուսակցություն ստեղծել, համենայնդեպս՝ կատարվող քայլերը դա են ցույց տալիս: Մամուլի հրապարակումներից ելնելով եմ ասում՝ նման մտադրություն ունի նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, նաեւ՝ գործարար Գագիկ Ծառուկյանը: Եվ երբ ես գնահատում եմ «ՀԺ»-ին տված պարոն Ծառուկյանի հարցազրույցը, միանգամայն ընդունելի եմ համարում այն սկզբունքները, որոնք դրված են նրա կողմից ստեղծված կուսակցության հիմքում: Այդ սկզբունքները հետեւյալն են՝ կուսակցությունը չպետք է լինի գործարարների եւ օլիգարխների կուսակցություն, այդ կուսակցության մեջ իշխանությունների, կառավարության ներկայացուցիչներ չպետք է լինեն, կուսակցությանը պետք է անդամակցեն պրոֆեսիոնալ եւ հասարակության հարգանքը վայելող անձինք, եւ կուսակցությունը ընտրությունների գնալու է առանձին: Այս բոլոր սկզբունքների ամրագրումը ցույց է տալիս, որ այդ կուսակցությունը կարող է լուրջ քաղաքական ուժ դառնալ, որը մեծ դերակատարություն կունենա Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Հավելեմ, այն ուժը, որը 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ-ում ծանրակշիռ ներկայություն կունենա, նաեւ մեծապես կկանխորոշի 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները եւ, իմ գնահատմամբ, առաջիկա տասը տարվա Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի հիմնական ուղղվածությունը: – Պարոն Դալլաքյան, նույն այդ կուսակցության հետ շատ անմիջական կապվում է նաեւ ձեր անունը, եւ մամուլում տեղեկատվություն կար, որ դուք եք ղեկավարելու այդ կուսակցությունը, որքանո՞վ են հավաստի այդ լուրերը: – Երեկ թերթերից մեկում եւս նման մի բան տպագրվել էր: Ինձ համար տարօրինակ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված՝ ինձ վերագրվել են լիդերության մասին խոսքեր, որոնք ես չեմ ասել, դա իմ ոճը չէ: Եվ երկրորդ, այդ հարցին հստակ պատասխանել է Գագիկ Ծառուկյանը իր օրերս տված հարցազրույցում՝ նշելով, որ կուսակցությունն առայժմ չի ունենալու լիդեր, այլ՝ համակարգող խորհուրդ: Կարծում եմ, սա ամենաամբողջական պատասխանն է: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել