Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկականը

Հունվար 12,2006 00:00

Բժշկականը «համեղ պատառ է» Օրերս Բժշկական համալսարանում տեղի ունեցած բուհական խորհրդի նիստից հետո ապագա ռեկտորի թեկնածուների պայքարը սկսել է նոր թափ ստանալ: Ինչպես արդեն նշել էինք, այդ պայքարը քաղաքական երանգ է ստանում: Դրա ամենակարեւոր պատճառն այն է, որ այս բուհի արտաբյուջեն կազմում է տարեկան նվազագույնը 1.5 միլիարդ դրամ: Եթե սրան ավելացնենք նաեւ բուհի վարչական ռեսուրսները, ապա պարզ է, թե ինչու արժե այս պաշտոնի համար պայքարել: Այս պահին ռեկտորի թեկնածուների հարցում մի փոքր փոխվել են շեշտադրումները: Հիմնական թեկնածուներն էին բուհի ամբիոնի վարիչ Գոհար Քյալյանը եւ Շտապօգնության հիվանդանոցի տնօրեն Արայիկ Մինասյանը: Մեր տվյալներով, վերջինս կարծես թե սկսել է նահանջել՝ թուլացնելով իրեն սատարող ՀՀԿ-ի դիրքերը: Հիշեցնենք, որ բուհի խորհրդի կազմում Ա. Մինասյանը վայելում է ուսանողական ու կառավարության ամբողջ մասնաբաժնի, ինչպես նաեւ դասախոսական հատվածի գրեթե կեսի համակրանքը: Եթե Ա. Մինասյանը վերջին պահին հրաժարվի դնել իր թեկնածությունը, ապա կստացվի, որ ՀՀԿ-ն թեկնածու չունի: Ըստ հնարավոր սցենարներից մեկի, այդ դեպքում կմնա միայն Գոհար Քյալյանը եւ չի անցնի, նորից կհայտարարվի մրցույթ, եւ ՀՀԿ-ն անշուշտ կգտնի մի ուրիշ հարմար թեկնածու: Մեկ այլ սցենարով, չի բացառվում, որ 2-րդ թեկնածուն կլինի բոլորովին այլ քաղաքական ուժի թեկնածուն, որին, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն այս պահին պատրաստ է սատարել, միայն ոչ՝ Գ. Քյալյանին: Իսկ վերջինս, թեեւ ԿԳ նախարարը երեկ մեզ հետ զրույցում դա հերքեց, սակայն ասում են՝ ՕԵԿ-ի թեկնածուն է: Այդ է պատճառը, որ բուհի կոլեկտիվը կասկածանքով է նայում պրոռեկտոր, բուհի խորհրդի անդամ Վլադիմիր Շեկոյանին ռեկտորի պաշտոնակատար նշանակելու փաստին: Ինչը դիտվում է իբրեւ լրացուցիչ քարոզչություն իրականացնելու միջոց՝ վարչական լծակների գործադրմամբ: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետում ասվում է. «Պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի անդամ կարող են լինել միայն ֆիզիկական անձինք: Պետական կազմակերպության գործադիր մարմնում նշանակված անձը չի կարող լինել կոլեգիալ կառավարման մարմնի անդամ: Նա իրավունք ունի կոլեգիալ կառավարման մարմնի նիստերին մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով»: Այսինքն՝ Վ. Շեկոյանը, լինելով խորհրդի անդամ, իրավունք չունի նաեւ թեկուզ ժամանակավոր, պաշտոնավարելու: ԿԳ նախարարն այդ մասին մեզ ասաց, որ հարցը քննարկվել է իրավաբանների հետ ու հաստատ որեւէ արգելք չկա. «Խոսքը ռեկտորի պաշտոնին է վերաբերում, նա ո՛չ ռեկտոր է, ո՛չ էլ թեկնածու: Դա օրենքին չի հակասում»: Ի դեպ, կա եւս մեկ սցենար՝ Գոհար Քյալյանը դառնում է միակ թեկնածուն եւ հաղթում՝ նաեւ ՀՀԿ-ի հետ համաձայնությունների արդյունքում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել