Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ

Հունվար 14,2006 00:00

Ո՞ՒՄ ՊԵՏՔ Է ԱՍԵԼ՝ «ՄԱՄԱ» Երեխաներին հիմնականում մանկատուն են բերում միայնակ մայրերը Սա պարզվում է ավելի ուշ, խոսակցության ընթացքում։ Իսկ իբրեւ երեխային լքելու հիմնական պատճառ՝ նրանց խնամող դայակները նշում են «սոցիալական վատ պայմանները»։ Դե նրանք չեն խորանում «անկետաների» մեջ, թե ինչպես երեխան հայտնվեց իրենց մոտ, նրանք պարզապես անում են իրենց գործը՝ խնամել եւ դաստիարակել այս երեխաներին։ Փաստերը, սակայն, ամեն ինչ մատնում են. այս երեխաներին այցելում է նրանց ծնողների 10-20 տոկոսը միայն։ Նորքի Մանկան տանն ապրում է մինչեւ 6 տարեկան 73 երեխա։ Մենք այնտեղ այցելեցինք հանպատրաստից, եւ քանի որ տնօրինության հետ նախապես պայմանավորվածություն չունեինք, պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չստացանք։ Սակայն մեր նպատակն ամենեւին էլ այդ չէր։ Պարզապես ուզում էինք տեսնել, թե ինչ տրամադրություններ են այնտեղ՝ Ամանորի շեմին։ Դայակներն ու դաստիարակները փոքրիկներից շատ էին անհանգստանում. ունեին հատուկ տետրեր, որտեղ մեկ առ մեկ գրել էին, թե ով ինչ է ուզում Ձմեռ պապից։ Ամանորի գիշերը Ձմեռ պապն ամեն տարվա պես նրանց բոլորի բարձի տակ կդնի իրենց ուզած նվերը, կլինի հանդես, գեղեցիկ զարդարված տոնածառն արդեն պատրաստ էր… Մեր հարցումներից պարզ դարձավ, որ երեխաներից ոչ մեկը Ձմեռ պապից իր մայրիկին կամ հայրիկին չի ուզել։ «Մոր մասին պատկերացում նրանք չունեն, այն տարիքն է, երբ ավելի հեշտ է փոխարինել մորը։ Հիմա նրանց մոտ ինֆորմացիան դեռ քիչ է, ծնողի մասին պատկերացում չունեն»,- բացատրում են դաստիարակները։ «Երբ գալիս է մեկի մայրը, նրանք այդ կնոջը նայում են իբրեւ հյուրի, սպասում են, նոր դեմք է, նոր բան է բերում ուտելու։ Որքան էլ այստեղ մենք նրանց լավ ենք պահում (իսկ դրանում մենք ինքներս էլ համոզվեցինք՝ դատելով վերանորոգված, խնամքով կահավորված սենյակներից ու սննդի տեսականուց- Հ. Բ.), մանկատան երեխաները էլի մի տեսակ աչքածակ են, մի տեսակ սպասում են ուրիշի բերածին»։ Ինչ-որ մեկի մորն այս երեխաներն ընդունում են իբրեւ «մամա»՝ առանց հասկանալու բառի բուն իմաստը։ Նույնիսկ սպասում են «մամայի» հաջորդ գալուն, բնազդով զգում են գալու օրը։ Թեեւ շաբաթվա կամ ամսվա օրերից գաղափար անգամ չունեն, բայց չեն էլ սխալվում իրենց հաշվարկներում։ Սպասում են։ Երեխաներին խնամող դայակները, թեեւ կոռեկտ են ենթադրություններում ու գնահատականներում, սակայն խոսակցության ընթացքում համոզմունք են հայտնում, որ սոցիալական պայմանները դեռ պատճառ չեն երեխային լքելու համար։ «Մի կտոր չոր հաց ունենամ, բայց երեխայիս հետ կիսեմ,- ասում է տիկին Ռոզան, որ 40 տարի աշխատում է երեխաների հետ, սկզբում մանկապարտեզում, հետո այստեղ՝ արդեն 9 տարի։- Ես սկզբում չէի կարողանում աշխատել, ամեն օր լաց էի լինում նրանց համար, մի ամբողջ տարի չէի կարողանում հարմարվել, իսկ հիմա առանց այս երեխաների չեմ դիմանում, կարոտում եմ»։ Առաջին խումբը, որ այցելեցինք, 4-5 տարեկաններն էին։ 11 հոգի էին։ Նրանցից միայն 4-ին էին այցելում հարազատները, 2-ի դեպքում՝ մայրերը, 2-ի դեպքում՝ ծեր տատիկ-պապիկները։ Դաստիարակներից մեկը, որ 18 տարի աշխատում էր այդտեղ, ասում էր, որ այդ տարիների ընթացքում միայն 5-6 երեխայի են ծնողները հետ վերցրել։ Այս մանկատունը երեխաներին խնամում է մինչեւ դպրոցահասակ դառնալը։ Եթե ծնողը ցանկանա հետ վերցնել արդեն դպրոցահասակ երեխային՝ հաճույքով կվերադարձնեն։ Եթե ոչ՝ ուղարկում են այլ մանկատներ, հիմնականում Գավառ, որտեղ նրանք կկարողանան նաեւ ուսում ստանալ։ «Ծնող կա՝ չենք էլ գտնում, որ առաջարկենք դպրոցահասակ երեխային հետ վերցնել»,- ասում է դայակներից մեկը հպանցիկ ու զարմացած։ Հատուկենտ «մայրերի» այցելությունները կարճատեւ են։ Ձմռանը երեխայի հետ մի քանի րոպե նստում են միջանցքում, տաք օրերին բակում մի փոքր զբոսնում ու պարտքը կատարած վերադառնում։ Մեր զրուցակիցները չհիշեցին մի դեպք, երբ գոնե մի քանի օրով, մեկ շաբաթով ծնողները տուն տանեն երեխային։ Գուցե վախենում են «տաքանալ» երեխայի վրա կամ նրանց տաքացնել։ Ով գիտի։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել