Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեկան

Հունվար 17,2006 00:00

Հոգեկան հիվանդ «հանելը» ձեռնտու է Առողջապահության նախարարությունում պետպատվերով հիվանդներին «գլխառադ» անելու ձեւը գտել են: Արդեն տասը տարի է՝ քիք-բոքսինգի երբեմնի մարզիչ Վարուժան Փարեմուզյանը հիվանդանոցի դռներն է ընկած, սակայն բժիշկներն այդպես էլ չեն կարողանում ախտորոշել Վարուժանի հիվանդությունը: Նա օրեցօր հյուծվում է, նյութափոխանակությունը խանգարված է, պարբերաբար դող եւ փսխումներ է ունենում, ինչը բժիշկներին հիմք է տվել հիվանդից գլուխներն ազատելու համար առանց նրա բուն հիվանդությունը պարզելու՝ հաշմանդամության երկրորդ կարգ տալ: «Առավոտն» իր նախորդ համարներից մեկում արդեն անդրադարձել է այս խնդրին, ինչին ի պատասխան՝ առողջապահության նախարարությունից հավաստիացրին, թե Վարուժանը ոչ մի հիվանդություն էլ չունի, նա պարզապես հոգեկան հիվանդ է. «Նախարարությունն իր համար դարձել է աշխատավայր, առավոտից իրիկուն ստեղ ա: Մենք ամեն անգամ անվտանգության աշխատողներին ենք կանչում, որ իրան մի կերպ նախարարությունից դուրս անեն»,- Վարուժանի անունը լսելով՝ «Առավոտին» ասաց նախարարի խորհրդական Ռուսլաննա Գեւորգյանը: Վարուժանի պատմելով էլ՝ նախարարության անվտանգության աշխատողներն իր հետ վերաբերվում են ամենավերջին հանցագործի պես եւ նույնիսկ թույլ չեն տալիս տեղեկատվական կենտրոն մտնել՝ համապատասխան բաժնի հետ կապվելու համար: Նախարարության որակումը, թե Վարուժանը հոգեկան հիվանդ է, բոլորովին էլ պատահական չէ: Բժիշկների համար նա անցանկալի հաճախորդ է, քանի որ հաշմանդամության կարգ ունի եւ պետք է ախտորոշվի, բուժվի պետպատվերի շրջանակներում: Վերջին անգամ Զեյթունի հակատուբերկուլյոզային դիսպանսերում Վարուժանին մաշկի տուբերկուլյոզի կասկածանքով ուղեգրել են Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսեր, որտեղ էլ միայն հարցազրույցով տուբերկուլյոզով հիվանդ լինելը հերքել են: Այս հիվանդության բուժումը եւս պետպատվերի ցանկում է եւ բուժման մեկ կուրսը բավականին թանկ արժե: Այն, որ Վարուժանին հաշմանդամության կարգ են տվել, արդեն իսկ վկայում է այն մասին, որ նա, այնուամենայնիվ, ինչ-որ հիվանդություն ունի: Հոգեկան հիվանդ լինելու փաստը հերքել են «Սթրես» կենտրոնում՝ արձանագրելով միայն նեւրոզ վիճակ: Կենտրոնի հոգեբույժները Վարուժանին վստահեցրել են, որ ինքը ոչ մի հոգեկան հիվանդություն էլ չունի, պարզապես ագրեսիվ է ու նյարդային, իսկ սեւ զանգվածով փսխումներն էլ հոգեկանի հետ ոչ մի կապ չունեն: Ի դեպ, մոտ երկու ամիս է՝ Վարուժանն իր խնդրի հետ կապված այցելում է խմբագրություն եւ բոլորովին էլ հոգեկան հիվանդի տպավորություն չի թողնում: Անզեն աչքով էլ երեւում է, որ նա ֆիզիկապես հիվանդ է: Իր հիվանդության պատճառով նա 70-80 կգ-ից վերջին տասը տարիների ընթացքում մաշվել է, դարձել 45 կգ, իսկ առողջապահության նախարարությունը «գլխառադ» անելու համար նրան համառորեն ուզում է ուղարկել Աղի հանքի հոգեբուժարան: Հ. Ջ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել